Ոստիկանությունը հորդորում է ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման նպատակով ոստիկանության տարածքային ստորաբաժանումների ծառայողների միջոցառումները շարունակվում են։ Երևան քաղաքի վարչության Մալաթիայի և Արաբկիրի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ Մալաթիայի բաժնում արձանագրվել է ինքնաշեն ինքնաձիգի և զինամթերքի, Արաբկիրի բաժնում՝ հրացանի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Գործարանային համարով «Կալաշնիկովի» ինքնաձիգի կամավոր հանձնման դեպքն արձանագրվել է ոստիկանության Տավուշի բաժնում՝ շնորհիվ բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի։ Ոստիկանության Արտաշատի, Արարատի և Մասիսի բաժիններում ևս արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր, մասնավորապես, Արտաշատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի, նռնականետի, նռնակների և զինամթերքի, Արարատում՝ «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի, Մասիսում՝ հրացանի և զինամթերքի։
«Կալաշնիկովի» ինքնաձիգների և զինամթերքի կամավոր հանձնման առումով արդյունավետ էր նաև ոստիկանության Գավառի և Վարդենիսի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը։ Արմավիրի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ ևս արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք։
Ոստիկանության Նաիրիի բաժնի Նոր Հաճընի բաժանմունքում նույնպես արձանագրվել է «Կալաշնիկովի» ինքնաձիգի և զինամթերքի կամավոր հանձնման դեպք՝ բաժանմունքի համայնքային ոստիկանների բացատրական աշխատանքի շնորհիվ։ Արդյունավետ էր նաև ոստիկանության Կապանի, Գորիսի և Մեղրիի բաժինների ծառայողների բացատրական աշխատանքը, ինչի շնորհիվ Կապանում արձանագրվել են «Կալաշնիկովի» ինքնաձիգի, Գորիսում՝ թմբուկավոր ատրճանակի և զինամթերքի, իսկ Մեղրիում՝ «Մակարով» ատրճանակի և զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։
Նռնակի և փամփուշտների կամավոր հանձնման դեպք է արձանագրվել ոստիկանության Վայքի բաժնում։
Նշանակվել են փորձաքննություններ։
Հորդորում ենք ապօրինի զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։