Քաղաքական պարզ մանկլավիկություն կամ Անդրանիկ Քոչարյան դե ֆակտո պաշտպանության նախարարը

Արցախյան վերջին՝ 5-րդ սերնդի պատերազմում կանխորոշված պարտությունից և կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրումից հետո ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում Դավիթ Տոնոյանին փոխարինում է Վաղարշակ Հարությունյանը, ով պատերազմի օրերին եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը, ընդ որում, այդ պարտականությունը ստանձնել է պատերազմի վերսկսումից մոտ 1 ամիս առաջ՝ օգոստոսի 19-ին: Իսկ թե ինչ խորհուրդներ է տվել Վաղարշակ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանին, թերևս, կարելի է կռահել՝ հիշելով  տարբեր հարցազրույցներում նրա արած կանխատեսումները պատերազմի վերսկսման, դրա զսպման,  կամ հնարավոր պատերազմի դեպքում  հայկական կողմի հաղթելու հնարավորությունների վերաբերյալ, այդ թվում՝ սպառազինության  առումով:

Այսօր պաշտպանության նախարարի աթոռը զբաղեցնող Վաղարշակ Հարությունյանը 2019 թվականին, մասնավորապես, ասել էր. «Հեղափոխությունը, որ տեղի ունեցավ, բերեց նրան, որ Ադրբեջանում գնահատեցին՝ ՀՀ-ում հասարակությունն ավելի միավորված է և Ղարաբաղի հարցում արդեն ունի դիրքորոշում: Դա հիմնական պայմանն է, որ Ադրբեջանն այսօր չի կարող սկսել լայնածավալ պատերազմ և հասնել իր նպատակին, որովհետև մենք  ունենք հզոր հակաօդային պաշտպանություն, որը լավագույնն է տարածաշրջանում»:

Իսկ 2020 թվականի հունվարի 28-ին Վաղարշակ Հարությունյանը վստահեցրել է.

«Մեր բանակի հզոր լինելը կանխում է պատերազմը: Վերջին ժամանակահատվածում դուք շատ լավ գիտեք, որ նոր զենք է ձեռք բերվել հակաօդային պաշտպանության, ռադիոէլեկտրոնային պայքարի: Հստակ տեսնում ենք, որ 1 տարվա ընթացքում  բանակի բյուջեն ավելացել է 28 տոկոսով, ձեռք են բերվել տարբեր զինատեսակներ,  լրջագույն զինատեսակներ: Օրինակ, հակաօդային պաշտպանության «Տոր» համակարգը, որ ձեռք է բերվել, դա հստակ թույլ չի տալիս, որպեսզի Ադրբեջանի օդուժը կարողանա էֆեկտիվ գործել հիմա և պատերազմի սկսման ընթացքում»:

Թերևս, կարիք չկա հիշեցնելու, թե ինչ էֆեկտիվությամբ  աշխատեց թուրք-ադրբեջանա-իսրայելական օդուժը պատերազմի օրերին՝ ԱԹՍ-ներ, ինքնաթիռներ, և, որ հայկական զոհերի մեծ մասը հենց ԱԹՍ-ների հարվածի հետևանք էր: Վաղարշակ Հարությունյանը չգիտե՞ր Ադրբեջանին թուրքական ռազմատեխնիկական  աջակցության մասին հնարավոր պատերազմի դեպքում: Իհարկե գիտեր: Բայց սա չխանգարեց նրան 2020թ. հուլիսին պնդել. «Ռազմաքաղաքական բալանսը հօգուտ Ադրբեջանի չէ, և եթե Ադրբեջանը փորձի սկսել պատերազմ, ապա նա պարտվելու է, որովհետև մենք ունենք այնպիսի միջոցներ, որոնք ի վիճակի են ոչնչացնել Ադրբեջանի ամբողջ տնտեսական ներուժը»:

Այն, որ արցախյան վերջին այս պատերազմում պարտվել է, ըստ էության, ոչ թե հայկական բանակը, այլ Հայաստանի և Արցախի գործող իշխանությունը, կամ բանակի պարտությունը քաղաքական գործարքի արդյունք էր, դրանում ոչ մի կասկած: Իսկ եթե ոչ, ապա սա վկայում է, որ կամ Վաղարշակ Հարությունյանը հեռու է ռազմական հաշվարկներ անելուց, կամ՝ դիտմամբ այս ճանապարհով փորձել է թուլացնել ՀՀ-ի և Արցախի ռազմական դիմադրողականությունը, ինչի արդյունքում թուրք-ադրբեջանական տանդեմի  կողմից ոչնչացվեց Արցախի ռազմական, տնտեսական ներուժը, ինչո՞ւ չէ՝ Հայաստանի:

Այն, որ այստեղ կարող է լինել դիտավորություն, վկայում է նաև այն, որ 2020-ի նոյեմբերի 17-ին հրապարակած իր ուղերձում ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը գաղտնազերծեց, որ լայնամասշտաբ պատերազմի վերսկսման և դրա հետևանքների մասին զգուշացրել է, ինչն այդ ժամանակ Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդական աշխատած Վաղարշակ Հարությունյանը չէր կարող չիմանալ:

«Ես զինված ուժերի գլխավոր շտաբի պետի պաշտոնին նշանակվել եմ ս.թ. հունիսի 8-ին, և արդեն հունիսի 12-ին ՀՀ վարչապետին, իսկ մի քանի օր անց` նաև անվտանգության խորհրդին ներկայացրել եմ տարածաշրջանում ռազմաքաղաքական իրադրության վերլուծությունը և մեր զինուժի կարողությունները: Կատարված վերլուծության հիման վրա ներկայացրել եմ առաջարկություններ պետության ռազմական անվտանգության աստիճանը բարձրացնելու ուղղությամբ: Մասնավորապես նշել եմ, որ.

1. Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել, և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժն ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն:

3. Տրված առաջարկն Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվեց, սակայն հարցադրում արվեց` «Իսկ եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք»: Ես պատասխանեցի, որ մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից:

Նշել եմ, որ երկարատև պատերազմից պետք է խուսափենք` հաշվի առնելով մեր պաշարների առկայությունը: Քննարկվել և հավանության են արժանացել բազմաթիվ առաջարկներ, որոնց իրագործումը պետք է զգալիորեն բարձրացներ մեր մարտական ներուժը. դա վերաբերում էր և սպառազինության ու ռազմական տեխնիկայի ձեռքբերումներին, և մարտական գործողությունների համակողմանի ապահովմանը:

3. Այդ ժամանակ բարձրացվեց նաև հարյուր հազար կազմ ունեցող աշխարհազորային միավորումների կազմավորման հարցը»,- զգուշացրել էր ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը:

Ի դեպ, պատերազմի օրերին  Վաղարշակ Հարությունյանը շատ լավ ցիտում էր ադրբեջանաթուրքական տանդեմի նպատակները՝  «պատերազմը պլանավորվել է Թուրքիայում. առաջին հարվածով նպատակ կար Ղարաբաղի մասով կտրել Իրանի սահմանը և հասնել Մեղրի, երկրորդով՝ փակել Լաչինի միջանցքը, Արցախը թողնել շրջափակման մեջ»:

Քաղաքական բանագնացություն՝ բանակի հաշվին 

Անդրադառնանք Վաղարշակ Հարությունյանի՝ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում նշանակման հաջորդ ռիսկին, որի մասին 168.am-ը բազմիցս գրել է.  փորձ է արվելու բանակն օգտագործել քաղաքական նպատակների համար և բանակի քաղաքականացումը լեգիտիմացնել, քանի որ Վաղարշակ Հարությունյանը վերապահումով է մոտենում պնդմանը, որ բանակը չպետք է խառնվի քաղաքական գործընթացներին:

2019-ին  Պետրոս Ղազարյանին տված հարցազրույցում նա ասել էր.

«Երբ որ մենք ասում ենք՝ բանակը քաղաքականության մեջ… ես մի հարց պիտի տամ ձեզ՝ ինչի՞ մեջ չպետք է բանակը խառնվի: Ասում եք՝ ընտրություններ: Ոչ, մի սահմանափակում կա բանակի անձնակազմի հանդեպ, դա հետևյալն է. բանակը, սպան իրավունք չունի լինել կուսակցական: Երբ մենք ասում ենք՝ չպետք է խառնվի, դա պիտի հասկանանք: Նա չպիտի ունենա կուսակցական պատկանելիություն: Սա է: Ես միշտ ասել եմ, որ սահմանադրության մեջ սխալ բան է գրված՝ ինչ է նշանակում՝ բանակը պիտի քաղաքական գործընթացներում լինի չեզոք: Ես չեմ հասկանում՝ դա ինչ է: Եթե բանակը մասնակցում է ընտրություններին, ապա դա քաղաքական գործընթաց է, չէ՞, սահմանադրական իրավունք է»:

Բանակի՝ քաղաքական գործընթացներին մասնակցելը կարող է արդարացվել անվտանգային գործընթացների շրջանակում, բայց դա չհամարվի ներքին խնդիրների մեջ մտնել: Այսինքն՝ նաև արտաքին սպառնալիքի անվան տակ:

«Բանակն ապահովում է պետության ռազմական անվտանգությունը: Ինքն ունի խնդիր, և իր խառնվելը կամ չխառնվելը կապված է այս հիմնական խնդրի հետ: Նա պիտի ապահովի ռազմական անվտանգությունը: Եթե նա մտնում է այլ տիրույթներ, ասենք, սկսում է զբաղվել հասարակական կարգի պահպանությամբ, դա արդեն օրենքի խախտում է: Այո, իրավունք չունի այդպես»,- շարունակել էր Վաղարշակ Հարությունյանը՝ հիշեցնելով, որ զինվորականի մարտական պատրաստությունը և տեխնիկան հակառակորդի դեմ պիտի ուղղվի, և, որ ներքին զորքերի խնդիրն է հասարակական կարգի պահպանումը և հատուկ միջոցների կիրառումը:

Ռազմական անվտանգության համատեքստում, որպես Պետրոս Ղազարյանի հարցին ի պատասխան ներքաղաքական խնդիրների մասնակցել-չմասնակցելու մտքի շարունակություն, թե ժամանակին ՀՀ նախագահներից մեկն իրեն մեղադրել է գերագույն գլխավոր հրամանատարին չենթարկվելու մեջ, Վաղարշակ Հարությունյանը պատասխանել էր.

«Այն ժամանակ ուրիշ իրավիճակ էր, այն ժամանակ մենք ունեինք ռազմական սպառնալիք Երևանում: Եթե զինված խմբեր վերցնում են պետական շենքեր, դա կոչվում է ռազմական սպառնալիք, որը մտնում է բանակի դրույթի մեջ՝ կանխել ռազմական սպառնալիքը: Եվ այնտեղ բանակը գործում էր՝ ժողովրդին պահել այդ տեռորիստներից և հնարավոր հետևանքներից ռազմական: Դա է եղել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Վաղարշակ Հարությունյանը խոստովանել էր, որ խանգարել է «Հոկտեմբերի 27»-ի համար նախատեսված սցենարի իրականացմանը, երբ հրամայել է, որ բանակը փակի Երևան տանող ճանապարհները:

Մասնավորապես,  իր տեղակալներին հրահանգել էր, որ մտնեն ԱԺ-ի շենք ու Նաիրի Հունանյանին ասեն, որ բանակը շրջապատել է, ու ինքը որևէ տարբերակ չունի, մնում է հանձնվելը:

«Գիտե՞ք, թե իր պատասխանը որն է եղել, ասում է՝ իսկ բանակն այստեղ ի՞նչ գործ ունի: Քոչարյանը մի քանի օր անց նույնն է ասում, թե՝ մենք պայմանավորվել էինք, որ բանակը չպիտի մտնի քաղաք: Նաիրի Հունանյանն ու նախագահն ասում են՝ բանակն ինչո՞ւ է մտել, բայց բանակը որ մտել է՝ ի՞նչ, մտել է, որ ապահովի անվտանգությունը, այստեղ ի՞նչ պրոբլեմ պիտի լիներ: Դրանից հետո փորձեցին իմ դեմ քրեական գործ հարուցել և մեղադրել, որ ես բանակ եմ մտցրել, սա խախտել է իրենց պլանները»,- հավելել էր  Վաղարշակ Հարությունյանը:

Վ. Հարությունյանի այդ որոշումը Ռոբերտ Քոչարյանը որակել էր՝ որպես ինքնագլուխ, անընդունելի գործողություն: 2002 թվականի հուլիսի 22-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանագրով Հարությունյանն աստիճանազրկվել էր։

2019 թվականին փաշինյանական իշխանությունը վերականգնեց  Հարությունյանի  զինվորական կոչումը, որից հետո հանուն Փաշինյանի՝ նա մի քանի անգամ փորձել է ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին համոզել՝ բանակը հանել փողոց և զսպել ցուցարարներին, ինչը մերժվել է: Ի դեպ, պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնող նշված անձնավորությունը, փոխարենը զբաղվելու Սյունիքի և տեղի բնակիչների անվտանգության խնդիրներով, զբաղված էր քաղաքական բանագնացությամբ և ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանին փորձում էր համոզել, որ նա Նիկոլ Փաշինյանի օգտին խաթարի քաղաքական տևական լռությունն ու չեզոքությունը:

Անդրանիկ Քոչարյան. Պաշտպանության դե ֆակտո նախարարը

Եվ եթե  1999-ին պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանի արածն  ինքնագլուխ քայլ էր, ապա 2021 թվականին պաշտպանության նախարար աշխատող Վաղարշակ Հարությունյանը զուրկ է ինքնուրույն որոշումներ կայացնելու կարողությունից և հնարավորությունից. արվում և արվելու է այնպես, ինչպես ճիշտ կգտնի պաշտպանության դե ֆակտո նախարարը՝ ՀՀ ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը, որի սենյակից  դե յուրե նախարար Վաղարշակ Հարությունյանը «դուրս չի գալիս»: Պարզվում է՝ Անդրանիկ Քոչարյանը   ՀՀ ԶՈՒ-ի ապագան, հայկական բանակի ռեֆորմների պատկերն է որոշում՝ Վաղարշակ Հարությունյանի մասնակցությամբ կամ գործավարությամբ, և այս համատեքստում փետրվարին անակնկալներ են սպասվում:

«Այն ծրագրերը, որոնք կապված են բանակի հետ՝ առանց քաղաքական աջակցության հնարավոր չէ իրականացնել: Դրանք պետք է ընկալելի լինեն ոչ միայն բանակի խնդիրների մեջ ներգրավված սպայակազմին, այլ նաև բանակից դուրս ողջ հասարակությանը: Եվ այդտեղ քաղաքական մեծամասնությունը մեծ անելիք ունի: Մենք պետք է ժամանակ չկորցնելով՝ արձանագրենք հաջողություններ»,- «Հայկական ժամանակին» տված հարցազրույցում ասել է Քոչարյանը՝ նշելով, որ Վաղարշակ Հարությունյանի հետ, 10 տարի է՝ քննարկում են մեր երկրի անվտանգությունը:

Ըստ էության, ինչպես պաշտպանության նախարարի պաշտոնում Վաղարշակ Հարությունյանի նշանակման հարցում է Անդրանիկ Քոչարյանի «դաբրոն» եղել, այնպես էլ արդեն պաշտպանության նախարար Վ. Հարությունյանի տեղակալների, խորհրդականների նշանակման  հարցում, և առհասարակ, ՊՆ-ում կադրային հարցերը, ինչպես երևում է, Քոչարյանի ձեռքի տակով են անցնում: Իսկ նորանշանակ կադրերը հեռու են ռազմական գործից, ենթարկվող են, չհաշված նրանց քաղաքական նախասիրությունները՝ սեր առ Լևոն Տեր-Պետրոսյան, ծառայություն առ Փաշինյան,  ատելություն առ նախկին իշխանություններ, մասնավորապես՝ Ռոբերտ Քոչարյան:

Հիշեցնենք, որ հունվարին պաշտպանության փոխնախարար նշանակվեց ՀՀ նախկին ոստիկանապետ Արման Սարգսյանը, ով մինչև վերջերս չէր կողմնորոշվել, թե նախարարությունում որ ուղղության պատասխանատուն է լինելու: Ավելի ուշ  պաշտպանության փոխնախարար նշանակվեց  1991-ին Հայաստանի ներքին գործերի առաջին փոխնախարարի պաշտոնը զբաղեցրած, իսկ 1999-2002թթ. Ռուսաստանում ՀՀ  արտակարգ և լիազոր դեսպան  աշխատած Սուրեն Սահակյանը (ում գործունեության հետ կապված բազմաթիվ աղմկահարույց պատմություններ կան), ով կիսում է Վաղարշակ Հարությունյանի պնդումը՝  Քոչարյանի նախագահության օրոք ՀՀ բարձրագույն ղեկավարությունը բանակցել է Մեղրիի տարբերակը:

Նշենք, որ հունվարին ՊՆ խորհրդական է նշանակվել Գուրգեն Դալիբալթայանի որդին՝ Վարազդատ Դալիբալթայանը:

Վերջերս 168.am-ին հայտնի դարձավ, որ Վաղարշակ Հարությունյանը սեփական եղբորը նշանակել է իրեն օգնական:

Վերադառնալով ՊՆ-ում կադրային նշանակումների մասով Անդրանիկ Քոչարյանի դերակատարմանը՝ նշենք,  որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Անդրանիկ Քոչարյանը, ըստ էության, հաստատում է մեր ասածը՝ շեշտելով, թե իրենց ընտրած կադրերը կոռումպացված չեն: Ավելին, նա մի շատ վտանգավոր միտք է արտահայտում այս մասով.

«Ապրիլյան քննիչ հանձնաժողովի եզրակացության մեջ առաջարկել ենք, որ հետագայում հաշվի առնվեն, որ նմանատիպ հանձնաժողովները ոչ միայն քննիչ հանձնաժողովին տրված իրավասություններ ունենան, այլ մշտական գործող հանձնաժողովներն ունենան  նաև կադրային նշանակումների վրա որոշակի վերահսկողություն: Բոլոր պառլամենտական երկրներում կան այդպիսի մեխանիզմներ»:

Ի դեպ, Անդրանիկ Քոչարյանի՝ պաշտպանական, ռազմական  ոլորտում հետաքրքրություններն այսքանով չեն սահմանափակվում: Անցած տարի աշնանը մամուլում փաստաթղթեր հրապարակվեցին, որ  Անդրանիկ Քոչարյանն իր ծանոթ գործարարի միջոցով փորձել է զենք մատակարարել բանակին, որը մի քանի անգամ թանկ է եղել, և միայն ԳՇ պետի ջանքերով են այդ փորձերը կանխվել: Կասկածելի ու կոռուպցիոն տարբեր գործարքներով, խարդավանքներով հայտնի Ա. Քոչարյանը ամեն կերպ փորձում է ռազմական տեխնիկայի մատակարարումներն իր ձեռքը վերցնել:

«ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը գրություն է ուղղել ՊՆ նյութատեխնիկական ապահովության գլխավոր վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Գուրգեն Աֆրիկյանին և պարզաբանել, թե ինչո՞ւ է ոչ նպատակահարմար։ «1 Դատելով ՍՌՏ-ի արտադրության տարեթվից, կարելի է եզրակացնել, որ առաջարկվող ՏՈՌ-Մ1 համալիրի շահագործման ռեսուրսը մոտենում է ավարտին՝ մնացել է մեկ տարի, իսկ արժեքը 2 անգամ գերազանցում է 2020 թ․ նոր գործարանային արտադրանքի գինը։ 2 ՏՕՍ-1 «ԲՈՒՐԱՏԻՆՈ» համակարգը մարտավարատեխնիկական բնութագրերով զիջում է ԶՈՒ սպառազինությունում առկա ՏՕՍ-1Ա «ՍՈԼՆՑԵՊՅՈԿ» համակարգերին, ինչպես նաև խնդիր կարող է առաջանալ հետագայում դրանց չկառավարվող ռեակտիվ արկերի ձեռքբերման  գործընթացում»,- նշված է գրության մեջ։ Մեկ այլ գրության մեջ Օնիկ Գասպարյանը նշել է, որ առաջարկվող զենքի մեկ միավորը 2020 թվականի ընթացքում իրենք ձեռք են բերել «շուրջ 6,5 անգամ առաջարկվողից էժան գնով», և այլն, և այլն»,- գրել էր «Հրապարակը»:

Տեսանյութեր

Լրահոս