Փող չունես` քո բախտից. արտահիվանդանոցային Քովիդ վարակակիրների ճակատագիրը

Հանրապետությունում մոլեգնող կորոնավիրուսային հիվանդությունն այս օրերին աննախադեպ ծավալներ է ընդգրկել` Քովիդի ներկայիս Դելտա շտամից բխող տարատեսակ բարդություններով։

Հիվանդության ընթացքը, հիրավի, անկանխատեսելի է, վարակակիրները գտնվում են հոգեբանական ծայրագույն փորձության առաջ, քանի որ հայրենի իշխանությունները վարակի դեմ պայքարելու ավելի լավ եղանակ չեն հայտնաբերել, քան շանտաժով ու ահաբեկումներով մարդկանց սթրեսի մեջ գցելն ու պատվաստումների ուղարկելը։

Բազմիցս ասվել է, որ պատվաստումների ցածր մակարդակը Հանրապետությունում պայմանավորված է ոչ թե մարդկանց` դրանց նկատմամբ վատ տրամադրության, այլ անիրազեկության, լիազոր մարմնի` սեփական ժողովրդի հետ կոնտակտի դուրս չգալու, չբացատրելու, մարդկանց հետ չխոսելու հետ, տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների կողմից իրարամերժ հայտարարություններով։

Ամեն օր լսում ենք ահասարսուռ պատմություններ այն մասին, որ հիվանդանոցների մահճակալային ֆոնդը սպառված է, թթվածնային կայանքները չեն հասցնում թթվածին արտադրել, կանգնած ենք ճգնաժամի առաջ։ Չենք ուզում թերահավատ լինել այդ պնդումների նկատմամբ, քանի որ ինքներս էլ տեսնում ենք մեր շրջապատում հիվանդացությունների քանակը։

Բայց այժմ ուզում ենք խոսել մեկ այլ խնդրի մասին, այն հիվանդների, որոնք արտահիվանդանոցային բուժում են ստանում, այլ կերպ ասած` բուժվում են տանը, քանի որ շատ դեպքերում բավականին բարդ ընթացքով ընթացող հիվանդների բուժումը հնարավոր չի լինում կազմակերպել ստացիոնարի պայմաններում։

Ի՞նչ է անում պետությունը

Եվ այսպես, ի՞նչ է անում պետությունը, երբ առաջնային բժշկական օղակում` պոլիկլինիկաներում, հաստատվում է Քովիդի դեպքը. ոչինչ կամ գրեթե ոչինչ։

Այսինքն` եթե մարդը չունի բավարար ֆինանսական միջոցներ, իսկ կորոնավիրուսային բուժումը բավականին թանկ հաճույք է, ուրեմն այդ մարդու հետագա ճակատագիրը միայն Աստծո ձեռքերում է, եթե չկարողանա տեղավորվել հիվանդանոցում։

Գանք ամենասկզբից։

Քովիդի բուժման կուրսի մեջ մտնում են վիտամիններ, ջերմիջեցնողներ, արյունը ջրիկացնող բավականին թանկարժեք Քսարելտո դեղամիջոցը, խորխաբեր, թեթև հակաբիոտիկներ, իսկ եթե, Աստված մի արասցե, զարգանում է թոքաբորբ և այն էլ՝ բավականին անկանխատեսելի ընթացքով, բուժումը եռապատկվում է։

Առաջնային բժշկական օղակների թերապևտները, որոնք իսկապես գիշեր-ցերեկ տիտանական աշխատանք են տանում, առաջարկելու շատ բան չունեն` նախ ռենտգեն անիմաստ հետազոտություն, որը հիմնականում ոչինչ չի բացահայտում։ Բոլորն են նշում, որ միայն համակարգչային շերտագրումն է իսկապես ցույց տալիս, թե որքան են ախտահարված հիվանդի թոքերը։ Ուրիշ որևէ միջոց չկա, իսկ այն լավագույն դեպքում արժե 20-25000 դրամ։ Ուր մնաց թե՝ խորհրդային տարիներից մնացած ժամկետանց ռենտգեն սարքերն ինչ-որ բան ցույց տան, հատկապես, որ դրա համար դեռ պետք է հերթագրվել։

Մոտ 25 տոկոս պրոգրեսիվ փուլում գտնվող թոքաբորբի բուժումն արդեն լուրջ ծանրաբեռնվածություն է ցանկացած հիվանդի համար։ Անհրաժեշտ է մեծ չափաբաժիններով շաբաթների բուժում թանկարժեք հակաբիոտիկների ու այլ դեղամիջոցների ներգրավմամբ, որոնց մեկ օրվա միջին բուժման արժեքը միայն դեղամիջոցների մասով մոտ 7-10.000 դրամ է կազմում։

Էլ չենք խոսում այն մասին, որ, եթե տանը միջմկանային կամ երակային ներարկում կատարող չկա, դրան գումարվում է նաև հրավիրյալ բուժքրոջ ծառայության արժեքը, ովքեր քովիդ վարակակիրներին այցելելու համար եռապատիկ ավելի գումար են պահանջում, ու մարդկանց չես կարող մեղադրել։

Այսինքն` մի կողմից՝ բժիշկը պացիենտին կատեգորիկ արգելում է տանից դուրս գալ, որ վերջինս գոնե փորձի պոլիկլինիկաներում ներարկում ստանալ, մյուս կողմից՝ մարդը մնում է ինքն իր ու իր տառապանքի հետ միայնակ։

Բուժման որոշակի փուլից հետո տեղամասային բուժող բժիշկը պետք է որոշակի արյան հետազոտությունների պատկեր ունենա ձեռքի տակ, որ կարողանա որոշել բուժման հետագա ընթացքը։ Իսկ հիմա հաշվեք` ի՞նչ արժեն արյան ընդհանուր հետազոտությունը լեյկոֆորմուլայով, կոագուլոգրամման, արյան մեջ Ց ռեակտիվ սպիտակուցի, շաքարի պարունակության մակարդակի ստուգումը։

Այստեղ կարող են առարկել, թե պոլիկլինիկաներում որոշակի անալիզներ պետպատվերի շրջանակներում առաջարկում են անել, բայց հավատացեք, որևէ անձ, ով երբևէ առնչվել է պոլիկլինիկաների լաբորատոր ծառայությունների հետ, այլևս երբեք այդ փորձը չի կրկնի։

Հիմա պատկերացրեք, որ տանը կան մի քանի վարակակիրներ, ինչը սովորաբար այդպես էլ լինում է, ու հաշվեք ընտանիքի ծախսը։

Սա է մեր օրերի քովիդ իրականությունը։ Ու հիմա վստահաբար ՀՀ առողջապահության նախարարությունը կասի, որ չունեն այդքան միջոց, որ պետության հաշվին բուժեն տանը մի կերպ բուժվող, կրիզիսային օրերն ահուդողով անցկացնող հիվանդներին։ Իհարկե չունեն, որովհետև երբ վարակի տարածման սկզբնական շրջանում անհեռատես ծախսեր ես անում ու երկիրը տանում տոտալ լոքդաունի, ահռելի միջոցներ ես վատնում քովիդ կոնտակտավորներին հանրապետության առողջարանային ու հանգստյան թանկարժեք գոտիներ տեղափոխելու, 5 աստղանի հյուրանոցային պայմաններում պահելու վրա, բնական է, որ օրհասական պահին գումարները չեն բավականացնի։

Եվ վերջում ևս մեկ անգամ ուզում ենք նշել տեղամասային բժիշկների իսկապես աննկարագրելի աշխատանքի մասին, սեփական նախաձեռնությամբ հիվանդին այցելելու, ինչ-որ կերպ օգտակար լինելու, օրը տասնյակ անգամ հեռախոսային կապի մեջ լինելու պատրաստակամությունը, և այդ ամենը` անտրտունջ։

Խնդիրը նրանք չեն, այլ պետության համակարգային անգործությունը։

Տեսանյութեր

Լրահոս