Ադրբեջանն Իսրայելի ու Թուրքիայի աջակցությամբ օդանավակայաններ է կառուցում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների համար, Ադրբեջանն աջակցում է Իրանի վրա հարձակման ծրագրերին. Նորատ Տեր-Գրիգորյանց
ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար, ՀՀ ԶՈՒ հիմնադիր Նորատ Տեր-Գրիգորյանցը հետևում է Հայաստանի շուրջ զարգացող աշխարհաքաղաքական իրադարձություններին՝ համարելով դրանք վտանգավոր: Ըստ նրա, եթե հայ ժողովուրդը հետևություններ չանի վերջին պատերազմի պարտության պատճառներից, ապա նոր պատերազմը չի ուշանա:
Ինչպես յուրաքանչյուր խոսակցության ժամանակ, գեներալ Տեր-Գրիգորյանցը հիշեց Ղարաբաղյան առաջին պատերազմին նախորդող փուլը, պատերազմը և իր ժամանումը Հայաստան Լևոն Տեր-Պետրոսյանի և Վազգեն Սարգսյանի խնդրանքով, համարելով նրանց ազգի նվիրյալներ ու փրկիչներ:
Նրա խոսքով, առաջին պատերազմում պարտությունից հետո Ադրբեջանն իրեն թափ տվեց, հարստացավ, իշխանության եկավ Ալիևի որդին՝ Իլհամ Ալիևը, որը մտածում էր՝ պետք է վրեժխնդիր լինել, և օգտվելով նավթադոլարներից՝ սկսեց փոխել ԶՈՒ ռազմական պատրաստվածությունը, սիստեման, ներքաշելով իր գլխավոր համակիր երկրին՝ Թուրքիային, որը հիմնավորապես զբաղվեց Ադրբեջանի ԶՈՒ-ի վերակազմավորմամբ:
Նորատ Տեր-Գրիգորյանցը պնդեց, որ Ալիևը շարունակում է այն Թուրքիայի պլանները, որը դարձավ ներկայիս Թուրքիան՝ իրականացնելով Ցեղասպանություն, գրավելով հայկական տարածքները, հայ ժողովրդի ունեցվածքը:
«Ղարաբաղյան պատերազմին ընդառաջ՝ մենք իմացանք, որ Ադրբեջանը ծրագիր ունի՝ հարձակվել Ղարաբաղի վրա, նվաճել Զանգեզուրը, Նախիջևանի հետ միավորվել և հարձակվել Երևանի վրա: Ղարաբաղի ժողովուրդը որոշեց մինչ «ամպրոպը» հարցը լուծել, անցկացրեց հանրաքվե, օգտվելով առիթից, որ ԽՍՀՄ-ը փլուզվել է: Ամեն ինչ արեցին օրենքով: Բայց Ադրբեջանն իր պլանն ուներ, պատրաստվեց հարձակման, իսկ Ղարաբաղը սկսեց պաշտպանվել, հայտնվեցին ապստամբներ, պաշտպանական շրջաններ ստեղծեցին, նրանք հայրենասերներ էին, նրանք սկսեցին պաշտպանվել, քանի որ նրանց վրա ռազմական ուժ էր ուղղվում, նրանց միացան հայ բարեկամները, ֆիդայիներ էին կոչում: Այդ ժամանակ Տեր-Պետրոսյանը և Վազգեն Սարգսյանը, նրանք սերտ աշխատում էին, Սարգսյանը նվիրյալ հայրենասեր էր, սակայն ռազմական գործից ոչինչ չէր հասկանում, ինչպեսև Տեր-Պետրոսյանը, սակայն պետք է նրանց արժանին մատուցել, նրանք շատ խելացի գտնվեցին՝ մտածեցին, Հայաստանի դեպքում որոշում կայացրին ձևավորել ԶՈՒ և սկսեցին հայ գեներալներ փնտրել ու 18 գեներալների միջից ինձ գտան: Իսկ ես այդ ժամանակ Աֆղանստանի պատերազմից հետո վերադարձել էի, Աֆղանստանում 3 տարի ծառայել էի, բանակի շտաբի հրամանատար էի, ես գիտեի, թե ինչ է նշանակում՝ պատերազմ լեռնային հատվածում, այնտեղ էր ստեղծվել առաջին իսլամական պետությունը՝ այն ժամանակ ԽՍՀՄ-ի դեմ միջինասիական երկրների միջոցով, և մեր պետությունը՝ ԽՍՀՄ-ը, որոշում էր կայացրել մտնել Աֆղանստան, աջակցել պետությանը, և այդպես էլ եղավ, տասը տարի այնտեղ այդ գործով զբաղվեցինք:
Խնդրեցին, ես եկա, ի դեպ, ինձ հետ էին սովետական այլ հրամանատարներ, բայց ինձ խնդրեցին, որպեսզի ես ստեղծեմ բանակ, քանի որ ես կապված էի ԽՍՀՄ ցամաքային զորքերի հետ և ես այստեղ էի այդ գործով զբաղվում, ինձ էին ենթարկվում 216 դիվիզիաներ, կես միլիոն մարդ, ես պատասխանատու էի նրանց մարտական և ռազմական պատրաստականության համար, ես մեծ փորձ ունեի, ես բոլոր ուսումնական հաստատություններն ավարտել էի ու տիրապետում էի տակտիկային, օպերատիվ արվեստին և ռազմավարությանը:
Մենք ստեղծեցինք զինված ուժեր և թույլ չտվեցինք, որ նրանց պլանն իրագործվի: Բայց երբ պատերազմն ավարտվեց, ստորագրեցին փաստաթուղթ, ու ո՞վ ստորագրեց, ինձ Տեր-Պետրոսյանն այնտեղ չուղարկեց և սխալ թույլ տվեց, ի դեպ: Բայց ես չեմ ուզում վերադառնալ այդ շրջան ու խոսել այդ մասին: Դրանից հետո շատ բան է փոխվել»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը:
Հարցին, թե գուցե ներկայիս կապիտուլյացիան Բիշքեկյան շրջանում թույլ տրված բացերի շարունակությո՞ւնն է, գեներալը պատասխանեց, որ գուցե այդ հանգամանքը ևս կա:
Հայտնի է, որ Նորատ Տեր-Գրիգորյանցն իր առարկություններն է ունեցել այդ փաստաթղթի հարցում: Սակայն նա նշեց, որ երբ իրեն հարցնում են՝ ով է մեղավոր այդ պարտության հարցում, ինքն ասում է, որ հայ ժողովուրդը, որովհետև ընտրում է մարդկանց, որոնք քանդում են զինված ուժերը, անվտանգությունը, և որոնք սխալ են կառավարում երկիրը՝ հսկայական սխալներ թույլ տալով:
«Իսկ Ալիևն իր պետության տեսանկյունից չափազանց խորամանկ ու խելացի վարվեց քաղաքական, դիվանագիտական և ռազմավարական ուղղություններով: Օգտվելով առիթից, որ իր գլխավոր գործընկեր Թուրքիան քայլեր է ձեռնարկում Օսմանյան կայսրության վերականգնման նպատակով Իրաքում, Սիրիայում, Լիբիայում, ներկայումս էլ՝ Ուկրաինայում, կարողացավ օգտագործել նաև Թուրքիայի ներուժը»,- ասաց նա:
Անդրադառնալով ապաշրջափակման և, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի մասին հարցին՝ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասաց, որ ճանապարհին, առավել ևս՝ միջանցքին, դեմ է:
«Թող կամուրջ կառուցեն Կովսականից մինչև Նախիջևան, չէ՞ որ Ալիևը հարուստ է, նման կամուրջներ ամենուր կան, այդ թվում՝ Եվրոպայում: Թող այդպես երթևեկեն, և նույնիսկ դա վերահսկողության տակ պետք է լինի: Այդ դեպքում Իրանին արգելափակելու երևույթներ ևս չեն լինի, քանի որ, եթե Հայաստանը համաձայնում է դա տալ, ապա փակվում է Իրանը: Չէ՞ որ պատահական չէ, որ Իսրայելն է այնտեղ Ադրբեջանին օգնում վերացնել հայերին, նրանք օդանավակայաններ են կառուցում ՆԱՏՕ-ի ինքնաթիռների վայրէջքի համար, Ադրբեջանը աջակցում է նրանց Իրանի վրա հարձակվելու համար: Պատահական չէ նաև, որ Իրանը սկսեց վարժանքներ իրականացնել, շատ խելացի է: Պետք չէ Իրանի դեմ գործել»,- ասաց Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ Հայաստանին խորհուրդ տալով համագործակցել Իրանի հետ և չդիմել քայլերի այդ երկրի դեմ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 26-ին Վարանդայում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մասնակցեցին Վարանդայի (Ֆիզուլի) նորակառույց միջազգային օդանավակայանի բացման պաշտոնական արարողությանը: Ադրբեջանը մտադիր է կառուցել ևս երկու օդանավակայան՝ մեկը` Լաչինում, մյուսը` Կովսականում ( Զանգելանում): Ալիևի փոխանցմամբ՝ Զանգելանը «պետք է վերածվի խոշոր լոգիստիկ կենտրոնի»: