Արցախը չի՛ կարող լինել Ադրբեջանի կազմում. պահանջում ենք ՀՀ Կառավարությունից զերծ մնալ նման որևէ բանակցությունից. հայտարարություն
Խորհրդարանն այսօր մեկ րոպե լռությամբ հարգեց 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակը, ապա անցան նախորդ օրը քննարկված հարցերի քվեարկությանը:
Բայց մինչ այդ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը հրապարակեց ԱԺ հայտարարության նախագիծը.
«Հիմք ընդունելով «ԱԺ կանոնակարգ ՀՀ Սահմանադրական» օրենքի 98-րդ և 123-րդ հոդվածները, ինչպես նաև՝ 2021 թ. հոկտեմբերի 26-ին ՀՀ ԱԺ նիստում «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը և սահմանազատման խնդիրները» հրատապ թեմայով քննարկման արդյունքները՝
ՀՀ ԱԺ-ն դատապարտում է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից ահաբեկչական խմբավորումների և վարձկանների ներգրավմամբ 2020 թ. սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ զինված ագրեսիան, Ադրբեջանի կողմից ռազմական գործողությունների՝ նաև դադարեցումից հետո գերեվարված, պատանդառված անձանց նկատմամբ արձանագրվող միջազգային իրավունքի կոպտագույն խախտումները, պատերազմական հանցագործություն համարվող գործողությունները, Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության տարածքների բռնազավթումը, Ադրբեջանի Հանրապետության ԶՈՒ կողմից ՀՀ ինքնիշխան տարածքների ներխուժումը, շարունակաբար ուժի գործադրումը կամ այն գործադրելու իրավական սպառնալիքները, Ադրբեջանի ռազմաքաղաքական և հանրային շրջանակների կողմից հայատյացության չդադարող հռետորաբանությունը, միջազգային հանրությանը միակողմանի և խեղաթյուրված տեղեկատվության ներկայացումը՝
արձանագրում է, որ Ադրբեջանի կողմից վերը նշված հանցագործությունները շարունակվում են՝ ուղեկցվելով ՀՀ և Արցախի տարածքների նկատմամբ հավակնություններով»:
Հայտարարությամբ պատգամավորը նաև հիշեցրեց, որ սահմանները որոշվում են սահմանակից պետությունների միջև միջազգային իրավունքի հիման վրա՝ համաձայնության միջոցով, ՄԱԿ միջազգային պայմանագրերի իրավունքի մասին 1969 թվականի Վիեննայի կոնվենցիայի համաձայն, ըստ որի՝ ի թիվս այլ դեպքերի, առոչինչ է ուժի սպառնալիքի կամ այն կիրառելու միջոցով ցանկացած միջազգային համաձայնություն:
Տիգրան Աբրահամյանը ևս մեկ անգամ ընդգծեց, որ Արցախի ժողովրդի՝ իր պատմական տարածքում ինքնորոշման իրավունքի երաշխավորված իրացումը և Արցախի բռնազավթված տարածքների դեօկուպացիան տարածաշրջանում խաղաղության հաստատման գլխավոր նախապայմանն է ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով:
«Առաջնորդվում եմ ՀՀ Սահմանադրությամբ, որի համաձայն՝ ՀՀ տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են բացառապես հանրաքվեի միջոցով, ինչպես նաև՝ ՀՀ Գերագույն խորհրդի՝ 1992 թ. հուլիսի 8-ի որոշման, ըստ որի՝ ՀՀ-ն հետևողականորեն սատար է կանգնում ԼՂՀ-ի և նրա բնակչության իրավունքների պաշտպանությանը:
ՀՀ համար անընդունելի է միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ ԼՂ Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում: Ադրբեջանի ԽՍ Հանրապետությանն ապօրինի բռնակցված Արցախը չի կարող ընդգրկվել Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Հայաստանի Հանրապետությունը չունի որևէ միջազգային պարտավորություն՝ հիմք ընդունելու որևէ քարտեզով արձանագրված սահմանները:
Հայաստանի Հանրապետության պաշտոնապես ներկայացնող որևէ անձ՝ այդ թվում՝ գործադիր իշխանության ղեկավարը կամ այլ ներկայացուցիչը, չի կարող գրավոր կամ բանավոր համաձայնության գալ՝ խախտելով Արցախի Հանրապետությանը և Հայաստանի Հանրապետությանը վերաբերող վերը նշված իրավական նորմերը. այդպիսի ցանկացած համաձայնություն ի սկզբանե առոչինչ է»:
Տիգրան Աբրահամյանի հրապարակած հայտարարության տեքստում ամրագրված էր նաև, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև վեճերը կարող են լուծվել բացառապես խաղաղ միջոցներով՝ առանց ուժի և ուժի սպառնալիքի կիրառման, ապա ՀՀ կառավարությունից պահանջվում էր զերծ մնալ որևէ բանակցությունից, գրավոր կամ բանավոր համաձայնություններից, որոնք կխախտեն ՀՀ Սահմանադրության պահանջներն ու հայ ժողովրդի՝ Անկախության հռչակագրով արտահայտված կամքը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորի ներկայացրած հայտարարությամբ նաև կոչ էր արվում միջազգային կազմակերպություններին, բարեկամ երկրների խորհրդարաններին՝ դատապարտել Ադրբեջանի և Թուրքիայի կողմից իրականացված և շարունակվող հանցագործությունները, ձեռնարկել վերջինների նկատմամբ իրավական պատասխանատվության ենթարկելուն ուղղված գործողություններ:
Իշխանական խմբակցությունը չմասնակցեց այս հրապարակված հայտարարության նախագծի քվեարկությանը. նախագիծը չընդունվեց:
Մանրամասները՝ տեսանյութում