Միջազգային կազմակերպությունները սպասում են աճի տեմպի դանդաղում. ինչի վրա է կառավարության հույսը
Հաջորդ տարվա պետական բյուջեի հիմքում կառավարությունը դրել է 7 տոկոս տնտեսական աճի հեռանկար։ Սա այն նվազագույնն է, որը կառավարությունը պարտավորվել է ապահովել այս և հաջորդ 4 տարիներին։
Արտաքին բարենպաստ միջավայրի դեպքում էլ տնտեսական աճը պիտի լինի 9 տոկոս։
Այլ բան, որ առայժմ այդպես չէ։ Այսօր արտաքին միջավայրն իսկապես բարենպաստ է Հայաստանի տնտեսության համար, բայց ինչպես տեսնում ենք, տնտեսական աճն այնպիսին չէ, ինչպիսին ակնկալվում է։
Այս տարվա սպասելիքը 6 տոկոսի սահմաններում է, այն էլ՝ անցած տարվա խորը անկումից հետո։
Ութ ամսում արձանագրվել է 4,9 տոկոս տնտեսական ակտիվություն, որը դեռ տնտեսական աճ չէ։
Վերջին ամիսներին տնտեսական ակտիվության տեմպը բավական թուլացել է։ Ու դեռ հարց է, թե ինչպիսին կլինեն զարգացումները մինչև տարեվերջ։ Հույսն արտաքին միջավայրի վրա է։ Բայց նույնիսկ արտաքին միջավայրի այսպիսի նպաստավոր իրավիճակը փրկություն չէ մեր տնտեսության համար։
Հաջորդ տարվա համար էլ կառավարությունը 7 տոկոս տնտեսական աճ է պլանավորել՝ չհաշված արտաքին բարենպաստ միջավայրի գործոնը։ Բայց միջազգային ֆինանսական կազմակերպություններն անգամ 7 տոկոս աճին չեն հավատում։ Նրանք Հայաստանի տնտեսության մեջ շատ ավելի չափավոր աճի հավանականություն են տեսնում։
Ամենալավատեսական կանխատեսումներով, այն չի հասնում անգամ 5 տոկոսի։
2022թ. համար Համաշխարհային բանկը Հայաստանում ակնկալում է 4,8 տոկոս աճ։
Արժույթի Միջազգային Հիմնադրամի կանխատեսումն ավելի ցածր է՝ 4,5 տոկոս։
Երկուսն էլ հաջորդ տարի սպասում են տնտեսական աճի տեմպի դանդաղում։
Հիշեցնենք, որ այս տարվա համար Համաշխարհային բանկը Հայաստանում՝ 6,1, իսկ ԱՄՀ-ն՝ նույնիսկ 6,5 տոկոս աճ է կանխատեսել։ Մի դեպքում աճի պոտենցիալը նվազեցվել է՝ 1,3, մյուս դեպքում՝ 2 տոկոսային կետով։
Միջազգային այս երկու հեղինակավոր կառույցներն էլ թերահավատ են կառավարության հայտարարած 7 տոկոս աճի նկատմամբ։ Նրանց սպասումները շատ ավելի համեստ են, քան այս տարվա հավանական աճն է։
Այլ ֆինանսական կազմակերպությունները ևս իրենց կանխատեսումներում մեծ ակնկալիքներ չունեն մեր տնտեսության զարգացումներից։
Ասիական զարգացման բանկն ընդամենը 3,5 տոկոս աճ է կանխատեսում հաջորդ տարվա համար։ Այսինքն՝ կրկնակի ցածր, քան կառավարությունը դրել է պետական բյուջեի հիմքում։
Բանկի այս տարվա սպասումն էլ բարձր չէ՝ հազիվ 5,2 տոկոս։ Դա շատ մոտ է մեր Կենտրոնական բանկի գնահատականին։ Վերջին վերանայումներից հետո, ԿԲ կանգնել է 5,4 տոկոս աճի վրա։
Դժվար է ասել, պատահականությո՞ւն է, թե՞ ոչ, բայց հաջորդ տարվա համար ԿԲ տնտեսական աճի գնահատականը մեկը մեկին համընկնում է ԱԶԲ կանխատեսման հետ։
3,5 տոկոսն աճի այն ցուցանիշն է, որ 2022թ. սպասում է Հայաստանի գլխավոր ֆինանսական դրամատունը. կրկնակի ցածր, քան կառավարությունը դրել է բյուջեում։
Հաջորդ տարվա տնտեսական աճի վերաբերյալ հայաստանյան 2 կառույցների՝ ԿԲ և կառավարության կանխատեսումների այդքան մեծ շեղումը հավանաբար ավելի շատ քաղաքական է, քան տնտեսական։ Կառավարությունը կարծես ամեն ինչ արել է՝ 2022թ. ինչպես պետական բյուջեի, այնպես էլ՝ տնտեսական աճի ցուցանիշները հնարավորինս ճոխ ներկայացնելու համար։ Այլ բան, կկարողանա՞ այն կատարել, թե՞ ոչ։ Չնայած, չկատարելու դեպքում էլ մեծ բան չի փոխվում. միշտ էլ կգտնվեն պատճառաբանություններ թերացումներն արդարացնելու համար։ Նման երևույթների վերջին տարիներին մեկ անգամ չէ, որ առիթ ունեցել ենք առերեսվել։
Թե ինչո՞ւ են ֆինանսական կազմակերպություններն անհամեմատ ավելի պահպանողական մեր տնտեսության հեռանկարների առումով, քան կառավարությունը, բխում է ինչպես ներքին տնտեսական իրավիճակից, այնպես էլ՝ արտաքին միջավայրի հետ կապված սպասումներից։
Ներքին միջավայրն այս պահին ոչնչով նպաստավոր չէր մեր տնտեսության զարգացումների համար։ Խաթարված է երկրի անվտանգային համակարգը, և հայտնի չէ, թե այն երբ կարող է վերականգնվել։ Տնտեսության հեռանկարների վերաբերյալ կանխատեսումներ անելիս անհնար է հաշվի չնստել այս չափազանց կարևոր գործոնի հետ։
Որքան էլ տնտեսության մեջ այս տարի որոշակի աճ է սպասվում, դա քիչ առնչություն ունի մեր տնտեսության իրական զարգացումների հետ։ Աճի հիմնական գործոնները թելադրված են դրսից և կապված են մի կողմից՝ միջազգային շուկաների կոնյունկտուրաների, մյուս կողմից՝ Հայաստան մտնող ֆինանսական փոխանցումների հետ։ Երրորդ էական գործոնը հաշվարկային է և բխում է նախորդ տարվա ցածր բազայից։
Այս գործոններից առնվազն 1-ը, եթե ոչ՝ 2-ը, հաջորդ տարի չեն լինելու։ Խոսքը հաշվարկային ցածր բազայի և միջազգային շուկաների գնային ազդեցությունների մասին է։
Թեև մետաղների գների երկարաժամկետ աճ է կանխատեսվում, այնուհանդերձ աճի տեմպն այլևս այնպիսին չի լինի, ինչպիսին վերջին մեկ տարում էր։ Այն անհամեմատ կդանդաղի՝ հանգեցնելով այդ հատվածից Հայաստանի տնտեսության աճի վրա թելադրված էական ազդեցությունը, որը կար այս տարի։
Հաջորդ տարի, իհարկե, կառավարությունը հույս ունի վերսկսել Ամուլսարի ծրագիրը, որը դիտարկում է՝ որպես տնտեսական աճի վրա ազդող կարևոր գործոն։
Մյուս հիմնական ոլորտներում աճի ակնկալիքներն այսպիսին են. շինարարություն՝ 18 տոկոս, արդյունաբերություն՝ 8 տոկոս, գյուղատնտեսություն՝ 3,9 տոկոս, ծառայություններ՝ 5,9 տոկոս։ Արդյունքում՝ պիտի ունենանք ՀՆԱ 7 տոկոս ավելացում։ Բայց դրան չեն հավատում միջազգային ու տեղական ֆինանսական կառույցները։ Նրանք համարում են, որ անցած տարվա անկումից հետո, այս տարի 6 տոկոսին մոտ աճ կարձանագրվի։ Արդեն հաջորդ տարի աճի տեմպը կդանդաղի և կվերադառնա իր պոտենցիալի տիրույթ. այն է՝ 4,5 տոկոսին մոտ, կառավարության նախատեսած՝ առնվազն 7, և արտաքին բարենպաստ միջավայրի պարագայում՝ 9 տոկոսի փոխարեն։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ