«Մենք սահմանազատման ավելի հին ու բարենպաստ քարտեզներ ունենք, ինչո՞ւ հենց այդ քարտեզներն օրակարգ բերեցին, սա ո՞ւմ է ձեռնտու». Բարձրավանի գյուղապետ
Հոկտեմբերի 22-ին Ալիք Մեդիան, հղում անելով իր «դիվանագիտական վստահելի աղբյուրներին», հայտնել էր, որ նոյեմբերի 9-ին Հայաստանը և Ադրբեջանը Մոսկվայում երկու նոր փաստաթուղթ են ստորագրելու։
«Երկու փաստաթղթերը, որոնք գրեթե ավարտական տեսք են ստացել, կստորագրեն Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ և մասնակցությամբ, եթե վերջին պահին չլինեն ֆորս-մաժորային իրավիճակներ: Առաջին փաստաթուղթը վերաբերում է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատմանը և սահմանագծմանը, որով Երևանն ու Բաքուն ճանաչելու են միմյանց սահմաններն ու տարածքային ամբողջականությունը՝ հիմք ընդունելով 1920-ական թվականների Խորհրդային Միության պաշտպանական գերատեսչության Գլխավոր շտաբի քարտեզները: Այդ քարտեզների մասին այսօր, ոչ պատահական կերպով, հիշեցրել է Վլադիմիր Պուտինը:
Երկրորդ փաստաթուղթը, որի շուրջ ևս գրեթե վերջնական պայմանավորվածություն է ձեռք բերվել հայ-ռուս-ադրբեջանական՝ փոխվարչապետների մակարդակով վերջին հանդիպման արդյունքներով, վերաբերում է տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակմանը, մասնավորապես ճանապարհ-միջանցքների, այդ թվում՝ Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցության հաստատման մանրամասներին»,- նշել էր կայքը։
Հրապարակման վերաբերյալ հայտարարություններ էր տարածել ՀՀ արտգործնախարարության խոսնակը, նշելով.
«Ուզում եմ նաև ընդգծել, որ այս թեմայի շուրջ որոշ շրջանակների տարածած լուրերը ակնհայտ սադրիչ բնույթ ունեն և իրականությանը չեն համապատասխանում: Իրավիճակի մեջ ճիշտ կողմնորոշվելու համար խորհուրդ կտայի ուսումնասիրել 2021 թվականի հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպմանը նախորդած լուրերը, պնդումները, «բացահայտումները», ծանոթանալ հանդիպման արդյունքներին ու բովանդակությանը և հետահայաց վերլուծել, թե որքանո՞վ էին համապատասխանում հանդիպումից առաջ տարածվող լուրերը իրականությանը»։
168.am–ի հետ զրույցում Սյունիքի մարզի Բարձրավան գյուղի ղեկավար Օնիկ Ավագյանն ասաց, որ սահմանների վերաբերյալ տարբեր քարտեզներ կան, ու իր համար անհասկանալի է, թե ինչու են շրջանառության մեջ դնում հենց 1920-ականների քարտեզները։
«Սահմանազատման այդ քարտեզներից մեզ հաստատ լավ բան չի սպասվում, ինչ արվելու է՝ արվելու է հօգուտ ադրբեջանական կողմի։ Մենք սահմանազատման ավելի հին ու բարենպաստ քարտեզներ ունենք, ինչո՞ւ հենց այդ քարտեզներն օրակարգ բերեցին, սա ո՞ւմ է ձեռնտու, ինչո՞ւ պետք է հենց այդ քարտեզներով տեղի ունենա սահմանազատում»,- նշեց Օնիկ Ավագյանը։
Ըստ նրա, պետք է համապատասխան կառույցներն ասեն, թե ինչո՞ւ են այդ քարտեզներին տուրք տալիս։
«Ովքե՞ր են համաձայնել, որ այդ քարտեզներով լինի սահմանազատումը, իրենք էլ թող պատասխանեն բոլոր հարցերին, ի՞նչն են հաշվի առել, որ սեղանին այդ քարտեզներն են դրել։ Ամեն դեպքում մեզ համար ընդունելի չեն այդ քարտեզները, որպես սյունեցի՝ ինձ համար բոլորովին ձեռնտու չեն դրանք»,- հավելեց նա։