«Ասում էր՝ խոսա, մերս, չանջատես, խոսա՛-խոսա՛․․․ մենք որբացել ենք Էրիկովս»․ զոհված զինվորի մայր

«Էրիկս ասում էր՝ խոսա՛, մերս, չանջատե՛ս, խոսա՛-խոսա՛․․․»․ Եռաբլուր զինվորական պանթեոնում 168.am-ը զրուցել է հետ 44-օրյա պատերազմում զոհված 19-ամյա Էրիկ Եղիազարյանի մոր՝ Անուշ Սահակյանի հետ։ Տիկին Անուշն էլ, հազարավոր մայրերի պես, գրեթե ամեն օր որդուն այցի է գալիս, ծաղիկներ դնում նրա շիրիմին, խոսում հետը։

Էրիկի մայրը պատմեց, որ որդին զույգ տղաներից մեկն էր, եղբայր պետք է ունենար, սակայն հղիության 5-րդ ամսում կորցրել է նրա զույգին, իսկ ահա 2001 թվականի օգոստոսի 9-ին ծնվել էր Էրիկը։

«Էրիկս տան փոքրն էր, 10 տարվա տարբերություն քույրիկների հետ։ Քուրիկներն էլ են բալիկ կորցրել, որովհետև Էրիկն իրենց բալիկն էր, իրենք էին պահում, մեծացնում, ես աշխատանքի էի, մամայի նման՝ մանկապարտեզ, դպրոց, վարժարան, ամեն ինչ քույրիկներն են արել․․․ Էրիկս սովորել է հայ-չինական բարեկամության դպրոցում, առաջին շրջանավարտներից էր․․․ 2016 թվականին Էրիկս մի հատ մեծ պայթյունի մեջ ընկավ, մարմնի 60 տոկոսն այրված էր, երկար բուժվեց, բոլորն ասում էին՝ Էրիկը չի ծառայելու, բայց 2012 թվականից Էրիկս հաճախում էր Երկրապահ կամավորականների մանկական ջոկատ․ շատ էր սիրում համազգեստը, շա՜տ, ուզում էր սովորել Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում, բայց երկմտանքի մեջ էր՝ ռազմական համալսարա՞ն, թե՞ մեքենաներ, որովհետև մեքենաներ էլ էր շատ սիրում, փոքրուց՝ 12 տարեկանից, մեքենա էր վարում, դպրոցն ավարտելուց անմիջապես հետո վարորդական վկայական ստացավ․․․

Ամբողջ մեքենան կարող էր 1 օրում քանդեր հետ հավաքեր, վերանորոգեր, իրա պապայի հետ միշտ գրազ էր գալիս, ասում էր՝ ես կհավաքեմ, պապան ասում էր՝ չես կարող, արհեստավորները չեն կարողանում, ասում էր՝ ես կարող եմ, ու անում էր․․․ Ավագ դպրոցում սովորելուն զուգահեռ՝ արհեստավորի մոտ սովորում էր ամբողջ մեքենաների մեխանիկան, շատ էր երազում, որ իր ավտոսրահն ունենար, դրա համար երկմտանքի մեջ էր՝ մեքենանե՞րը, թե՞ ռազմական կյանքը․․․»։

Տիկին Անուշը հիշեց որդու խոսքերը, երբ 2020 թվականին մեկնում էր ծառայության․

«Ասաց՝ մամ, ես տղա եմ, պիտի պարտքս տամ հայրենիքին։ Որպես մայր՝ ես չէի ուզում, որ ինքը ծառայեր, բայց ինքը համազգեստը շատ էր սիրում։ Մի օր զանգեց ասաց՝ մամ, հո քեզ չե՞մ նեղացնի, որ գամ ուսումս շարունակեմ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան ընդունվեմ, ասացի՝ չէ, ես շատ ուրախ կլինեմ, ասաց՝ դե կգամ, ուսումս կշարունակեմ, հետո կանցնեմ իմ գործին․․․»։

Տիկին Անուշը հիշեց որդու հետ իրենց վերջին հանդիպումը՝ 2020 թվականի սեպտեմբերի 19, գնացել էր Էրիկին տեսակցելու․

«Շատ-շատ ուտելիքներ էի տարել, հետ գալու ճանապարհին Էրիկս զանգեց, խնդրեց, որ հեռախոսը բարձրախոսի վրա դնենք, ու ամբողջ վաշտն ասում էր՝ շնորհակալությո՛ւն։ Ես ասացի՝ ձեր համար է, տղե՛րք, ինձ շնորհակալություն պետք չէ ասել։ Քանի որ Էրիկս զույգ է եղել, ես միշտ մտածել եմ, որ 2 տղա եմ ճանապարհել բանակ, ու դա բոլորի համար է, ու միշտ Էրիկիս ասում էի՝ բալես, ով որ նեղն է, օգնիր նրան․․․

Մեզ համար՝ ընկերների, բարեկամների, բոլորիս համար՝ իդեալ, իրոք իդեալ։ Էրիկիս բացակայությունը մեզ խեղդում է, ապրել չի լինում առանց իրա, ոնց որ մեր թևերը կտրած լինեն, ոտքերը կտրած լինեն, որ ոչինչ չես կարողանում անել, ոչի՛նչ․․․»։

Տիկին Անուշը պատմեց, որ Էրիկը ցանկացած գործ կարողանում էր անել՝ զոդման աշխատանքներ, այգում ծառերն էր խնամում․

«Ես մեկ-մեկ ասում եմ՝ տղես, դու ո՞նց էիր հասցնում մեզ բոլորիս, մենք բոլորով չենք հասցնում քո գործերը։ Միշտ ասում էր՝ ես որ չլինեմ, դուք ի՞նչ եք անելու, շատ-շատ անգամ է ասել այդ բառերը՝ «սովորեք ապրել առանց ինձ», ասում էի՝ տղես, խի՞ ես ասում այդ բառերը, պատասխանում էր՝ չգիտեմ, բայց սովորեք ապրել առանց ինձ, բայց առանց իրեն ապրել չի լինում, իրոք չի լինում․․․ Մենք որբացել ենք իրենով, ես որբ եմ, որովհետև ինքը մեր ամեն ինչն էր, ամեն ինչը․․․»։

Պատերազմի օրերին Էրիկը 3 անգամ էր տուն զանգել, մայրն անգիր է հիշում օրերը՝ հոկտեմբերի 3-ին, 4-ին, 6-ին․

«Վերջին հեռախոսազանգը եղել է հոկտեմբերի 6-ին, այնքան երկար խոսեց։ Պատմեց, պատմեց, պատմեց, բայց վտանգներից չէր պատմում, ասում էր, որ իրենք հեռու են, իրենք չեն տեսնում, մենակ մի անգամ մի բան ասեց, ասաց՝ նստած էինք խրամատի մեջ, ռազվեդկեն եկավ ասաց՝ հանգիստ եղեք, ամեն ինչ նորմալ ա, 15 րոպե հետո լսեցինք «Ալլահ ակբար», ու թափվեցին գլխներիս։ Մենք չհասկացանք՝ ոնց իրենց սպանեցինք, մա՛մ․․․ Հարցրեցի՝ տղես, շա՞տ եք վախեցել, որովհետև չէի հասկանում պատերազմ բառը, չէի հասկանում՝ ինչի մեջ են, ասաց՝ մամ ջան, դե ո՞նց ասեմ, պատերազմ ա, չգիտեմ՝ վախեցե՞լ ենք, թե՞ չէ, պատերազմ ա, մենք էլ չհասկացանք, թե ինչ է կատարվում․․․ Իսկ ամսի 6-ին խոսեց, խոսեց, խոսեց, պատմեց, կատակեց, ծիծաղեց։ Ասում էի՝ զանգիր ընկերուհուդ, հետո ինձ կզանգես, ասում էր՝ մամ, դու խոսա, ես կզանգեմ, ասում էի՝ ինքն էլ է քեզ սպասում, բալես, ասում էր՝ խոսա, մերս, չանջատես, խոսա՛-խոսա՛․․․

Ասաց՝ մերս, դու իմ համար այնքան թանկ ես, քո արցունքներն այնքան թանկ են, մերս, ես բոլորին ասել եմ՝ չեմ թողնելու դու լացես, բայց չենք էլ թողնի, որ թուրքը մի մետր առաջ գա, մերս․․․ Համարյա 2 ժամ խոսել ենք։

Ամսի 8-ին՝ իր զոհվելու օրը, ես տարօրինակ մի բան զգացի, որ խեղդվում եմ, չեմ կարողանում շնչել։ Գնացի եկեղեցի, արդեն ոտքերս էլ առաջ չէին գնում, կանգնել, «Հայր մերն» եմ ուզում ասել, չէ, չի ստացվում, Աստծուն հարց տվեցի՝ ի՞նչ ես արել, բալիս տարե՞լ ես, որ աղոթքներս չես ընդունում, նորից եմ փորձում «Հայր մերը», չի ստացվում։ Ձեռքս դրել եմ խաչքարին, ասում եմ՝ խնդրում եմ, աղաչում եմ, ողորմա երեխուս, ու խեղդվում էի․․․ Հետո իմացա, որ այդ ժամին է իմ բալեն մահացել․․․ Էրիկիս ծնված օրից աղոթել եմ, խնդրել եմ՝ զույգին տարել ես, իրեն պահել ես, բայց․․․»։

Էրիկը զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ), 4 օր ընկերներից լուր չունենալով՝ կամավոր բարձրացել է դիրքեր, որպեսզի նրանց կողքին լինի, և հենց այնտեղ էլ զոհվել է։ Նրան ճանաչել են ձեռքին արված դաջվածքով, հուղարկավորությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 11-ին։

«Բաց էր, ճանաչելի էր, բայց բալիս գլուխը չկար ամբողջությամբ հետևամասը։ Մեզ ասացին՝ նռանակից է, բայց հետո իմացանք, որ հարված ունի՝ մեկը՝ կրծքավանդակին, մյուսը՝ գլխին․․․ Էրիկս ապրում է, իմ հետ է, իմ կողքին է, իմ տանն է, բայց բացակայությունն է անտանելի, կարոտը, որ ուզում ես գրկես, զգաս ջերմությունը, իր խոսքն էր՝ զանգում ասում էր՝ մերս, թագավորդ տուն ա գալիս, սեղան դիր, հիմա այդ բառերն ասող չկա, այդ բառերն եմ ուզում լսեմ, որ ասող չկա․․․»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս