«Իշխանությունները սոցիալական ծրագիր ասելով՝ հասկանում են միայն փող բաժանելը». Մետաքսե Հակոբյան

Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանի խոսքով՝  Արցախի 44-օրյա պատերազմից անցել է մեկ տարի, սակայն Արցախից բռնի տեղահանվածներից խնդիրները շարունակում են մնալ չլուծված։ ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնած հանրային քննարկման ընթացքում  Մետաքսե Հակոբյանն անդրադարձավ նաև տեղահանված արցախցիների սոցիալական, կրթական, իրավական խնդիրներին։

«Կան խնդիրներ, որոնց լուծումները մենք առաջարկում ենք, սակայն գուցե կարողություն չունենալու արդյունքում՝ այդ առաջարկները կա՛մ չեն լսվել, կա՛մ մերժվել են։ ՀՀ-ում գտնվող բռնի տեղահանված արցախցիների խնդիրների վերաբերյալ՝ նախ՝ չի կատարվել այդ խնդիրների գնահատում։ Մեզ մոտ ցանկացած ծրագիր վերաբերել է անձին, և նրանց կարիքներն ամբողջական չեն գնահատվել։ Այսօր էլ կարիքների գնահատում տեղի չի ունեցել, որը կարող էր սկսվել Արցախ վերադառնալու իրենց ցանկությունից, որովհետև այսօր մենք ունենք հայրենակիցներ, որոնք չեն պատրաստվում վերադառնալ Արցախ, այսինքն՝ հստակ թիվ, թե քանիսն են ուզում վերադառնալ Արցախ»,- շեշտեց Մետաքսե Հակոբյանը:

Ըստ պատգամավորի, եթե խմբավորեին Արցախից բռնի տեղահանվածների կարիքները, ապա հասկանալի կդառնար, որ դրանք հնարավոր էր լուծել։ Մեկ տարի շարունակ տեղահանված արցախցիների խնդիրներին լուծում տվել են տարերայնորեն և մեծ նշանակություն է տրվել խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերություններին և երբեմն անհատի բարձր ձայնին, որի հետևանքով հսկայական գումար ուղղակի վատնվել է։ Այդ ամենի հետևանքով էլ խնդիրները կուտակվել են և թվում են անլուծելի։

«Խնդիրները լուծելու համար պետք է հրաժարվել այն մոտեցումից, որն այժմ կա, և ներգրավելով ՀՀ-ում օպերատիվ շտաբին՝ շտապ կատարել ընտանիքների կարիքների գնահատում, խմբավորել դրանք ըստ առաջնահերթության, որից հետո դրանց տալ լուծումներ։ Նույն խնդիրն այսօր մենք ունենք Արցախում մի փոքր այլ տեսքով, խնդիրը կապված է ոչ միայն նրանց սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու հետ, այլև Արցախից արտագաղթի հետ։ Պետք է առաջնորդվել սոցիալական արդարության մոտեցմամբ, քանի որ պատերազմից հետո բնակչությանն Արցախում պահելու միակ մոտեցումը սոցիալական արդարությունն է, որը վերջին տարիներին չունենք»,- հավելեց Մետաքսե Հակոբյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ մեկ տարի շարունակ Արցախում իրականացված ոչ հասցեական,  տարերային սոցիալական ծրագրերը հսկայական գումարի վատնման, նաև շորթման պատճառ են դարձել, քանի որ շորթման դեպքով  Տարածքային կառավարման նախարարությունում խոսում են 16-19 միլիոնի մասին, սակայն շշուկներ են պտտվում, որ խոսքն ավելի մեծ գումարի մասին է, որը նախարարության ներկայացուցիչները փորձել են գրպանել։

«Արցախում Սոցապ նախարարությունը խոսում էր հսկայական սոցիալական ծրագրերի մասին, արդյունքում մենք տեսանք, որ փող բաժանելուց զատ, այդպես էլ որևէ ծրագիր չիրականացավ։ Մենք բոլորս էլ գիտենք, որ աշխարհազորին մասնակցած 300 հոգի չի ստացել 200.000 դրամները ու չեն ստացել որևէ բացատրություն։ Այս իշխանությունները սոցիալական ծրագիր ասելով՝ հասկանում են միայն փող բաժանելը»,- շեշտեց նա։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս