Ապազգային գաղափարախոսության ազգային գաստրոնոմիան 

Պետությունները զարգացման հեռանկար են ունենում միայն այն դեպքում, երբ դրանց իշխանությունները կարողանում են ներդաշնակորեն ապահովել մարդկանց անհատական, խմբային և, վերջին հաշվով, հասարակական շահերը։ Կախված այդ շահերի բնույթից ու դրանք պայմանավորող արժեքներից, պետությունները, որոնք ժամանակի ու տարածության մեջ հանդես են գալիս ի դեմս տվյալ պահի իշխանությունների, կարող են լինել պայմանականորեն բարիքի մշակներ կամ չարիքի ճարտարապետներ։

Այս հարթությունում կարևոր նշանակություն է ստանում հարցի պատասխանը՝ արդյոք այն, ինչ հիմա անում են պետության հետ Նիկոլ Փաշինյանն  ու նրա իշխանությունը, հավաքական հանրային պահա՞նջ է, թե՞ այնուամենայնիվ գործ ունենք մարդկանց նեղ խմբի կողմից կատարվող քայլերի հետ, որոնք իրականում չեն արտահայտում հայ հասարակության անհատական, խմբային ու հավաքական շահերը։

Այս հարցի պատասխանը չափազանց կարևոր է, որովհետև դա համակարգաստեղծ պատասխան է և իր հերթին պատասխանելու է հարցին՝ արդյոք անարժանապատիվ ու ստորաքարշ խաղաղությունը, որին ամեն գնով ձգտում է Նիկոլ Փաշինյանը, նրա կամ նրա թիմի նեղ խմբային ցանկությունների՞, թե՞ այդուհանդերձ հասարակության հավաքական շահի արտահայտությունն է։ Վերջինի դեպքում գոյության լիարժեք իրավունք է ստանալու մեկ այլ հարց՝ արդյոք պետության ու ազգային արժանապատվության հաշվին գոնե այս պահին սոսկ նյութական անորոշ հեռանկարների համար խաղաղություն հաստատելու ձգտմամբ հասարակությունը ունի՞ հատկապես պետության միջոցով իր կյանքը կազմակերպելու իրավունք, թե՞ այդուհանդերձ պետությունը շքեղություն է նման արժեքներ ունեցող հանրույթի համար։

Իշխանության լեգիտիմությունն այս և նմանատիպ բազմաթիվ հարցերի սոսկ նոմինալ, մակերեսային պատասխան է, հատկապես, որ վերջին «պողպատյա մանդատը» Նիկոլ Փաշինյանը ստացել է ոչ թե որևէ պոզիտիվ խոստման ու որպես դրա հետևանք՝ «խաղաղության դարաշրջան բացելու» դիմաց, այլ զուտ «նախկինների» վերադարձը կանխելու նեգատիվ մանիպուլյացիայով։ Այս և բազմաթիվ այլ հարցերի պատասխաններ լայն իմաստով կապված են պետության ու պետականության նկատմամբ հասարակության վերաբերմունքի հետ, որը հատկապես 2018 թվականից հետո ենթարկվել է սարսափելի դեֆորմացիաների ու դեգրադացիայի․ ինքնիշխանության ցուցիչ է դարձել որևէ երկրի ղեկավարին օդանավակայանում չդիմավորելը, իսկ քաղաքացիականության ինստիտուտը հավասարեցվել է փողոցային խորովածի ծեսի։

Տարիների հետևողական աշխատանքի արդյունքում հանրության գիտակցության մեջ արժեզրկելով պետության ու պետականության գաղափարը, այսօր այս իշխանությունն իրեն ազատ է զգում պետության հետ անելու ամեն ինչ՝ վստահ լինելով, որ հասարակության կողմից չի արժանանալու դիմադրության, որ հասարակությունն իշխանությունից չի փորձի պաշտպանել պետությունը, քանի որ կարողացել է այս տարիների ընթացքում նույն հասարակության համար պետությունը դարձնել խորովածից պակաս արժեքավոր։

Իսկ խորովածը կարող է համեղ լինել նաև անպետություն տարածքում, հատկապես թուրքական մսամթերքի էժանության պարագային։ Հատկապես, որ պետությունը ղեկավարում է մեկը, ում պատկերացումները երկրի մասին արտահայտվում են կրկին խորովածի հետ կապված հետևյալ տողերով․«Հայաստանը մի երկիր է, ուր ճամփեքն են մոլորվում,/ Խորովածի կրակի շուրջ ընկերներն են բոլորվում․․․»:

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս