«Ադրբեջանի գործողությունների գլխավոր մեսիջն ուղղված է հայ ազգին, որ՝ խաղաղ չեք ապրելու». Թևան Պողոսյան
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանի կարծիքով՝ Ադրբեջանի վերջին շրջանի գործողությունների գլխավոր մեսիջն ուղղված է հայ ազգին, որ՝ խաղաղ չեք ապրելու:
«Ցույց են տալիս, որ ինչ ցանկանան՝ դա էլ անելու են, ինչքան շուտ հայերն այս տարածքներից արտագաղթեն, այնքան ավելի լավ, իսկ մյուս բոլոր մեսիջների հասցեատերերը դրանք ստանում են: Հիշում եք՝ երբ առաջին անգամ զորավարժություններ էին անցկացնում Բերձորի և Քաշաթաղի օկուպացված տարածքներում, նաև կար ինչ-որ արձագանք Ռուսաստանից, իրենք փորձեցին ասել, որ դա երրորդ երկրի համար չէ, հիմա շարունակությունն է, որ՝ իմ տարածքներն են, ինչ ուզում՝ անում եմ: Իրանին ցանկանում է ասել, որ՝ ոչ միայն դու ես զորավարժություն անում քո տարածքում, այլ նաև ես եմ շարունակական անում: Հաշվի առնելով, որ Էրդողանը պետք է մեկ օրով շատ շտապ մեկնի Ադրբեջան, օրակարգն էլ պարզ չէ, միգուցե դրա հետ է կապված»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Հիշեցնենք, որ այսօրվանից Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչին) շրջանում մեկնարկել են ադրբեջանական կողմի զորավարժությունները:
Թևան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը հստակ նպատակ է դրել իր առաջ և գնում է այդ նպատակի իրականացմանը. «Մեր հարցն է մնում, թե մենք ոնց ենք դրան վերաբերվում, սկսած նրանից, թե ինչպես ենք քաղաքական ձևակերպում տալիս՝ որտե՞ղ է Ադրբեջանը զորավարժություններ անում, արդյո՞ք նշվում է՝ Արցախի Հանրապետության Բերձորի տարածաշրջան, որը օկուպացված է Ադրբեջանի զորքերի կողմից: Եթե այդպես ենք մեր մտահոգությունները հայտնելու, դա կլինի ճիշտ մոտեցում ապագայի համար, նաև՝ իրավական ձևակերպման շրջանակներում»:
Դիտարկմանը՝ դե, եթե Գորիս-Կապան ճանապարհահատվածի մասին իշխանություններն ասում են, որ ադրբեջանական տարածք է, նա այդպես արձագանքեց. «Ամենահետաքրքիրն այն է, որ այդ նախադասությանը որևէ կերպ չեն արձագանքում, բայց այսօր ԱԺ պաշտպանության հանձնաժողովի նիստի ժամանակ հարցին, որը մտահոգություն է մարդու, ով ապրում է Կապանում, և Կապանի անվտանգության մասին հարց է, իշխանությունները պատասխանում են, թե՝ այ, դուք որ այսպիսի հարց եք տալիս, Ադրբեջանը… Եթե հարց է առաջանում, պետական համակարգը պետք է հասկանա, որ իր մեղքի բաժինը կա, հանրությանը նախօրոք չի իրազեկել: Լավագույն կառավարությունը նրանք են, ովքեր ունենում են ռազմավարական հաղորդակցման համակարգ: Կա ժողովրդավարության ոսկի կանոն՝ հանրությունն իրավունք ունի իմանալ, իշխանությունը պարտավոր է թափանցիկ և բաց հաշվետու լինել, և ամենակարևորը՝ հիմնավորել իր տեղեկությունները»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում