«Ռազմի ճանապարհով իրավիճակը փոխվելու է, բայց 18 տարեկանները չեն կռվելու». Դավիթ Ջամալյան
«Բաքվում և Բաքվին սատարող կենտրոններում շատ լավ հասկանում են, որ Նիկոլի իշխանությունը երերուն է, և եթե ոչ այսօր, ապա վաղը դառնալու է անփառունակ թերթված էջ՝ հայ ժողովրդի հազարամյա պատմության մեջ: Եվ այս իշխանության հեռացումից հետո բոլոր այն սխեմաները, որոնք գծվել են Լոնդոն-Անկարա կոալիցիայի ինտելեկտուալ կենտրոններում, ուղղակի դառնալու են անպիտան, անգործուն մի բան, և իրենք շտապում են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանը:
Նրա խոսքով՝ ՀՀ սահմաններին իրավիճակը ապակայունացնելով՝ Ադրբեջանը ճնշում բանեցնելու սխեման է փորձում աշխատեցնել. «Բայց ճնշում բանեցնելու սխեմա ոչ թե Նիկոլի և նրա շրջապատի, այլ հայաստանյան հանրության վրա: Իրենք շատ լավ հասկանում են, որ հակապատերազմական տրամադրությունները հիմնավորելու ուղղությամբ և՛ Նիկոլի իշխանությունը, և՛ իրենք ջանք ու եռանդ չեն խնայել, արել են ամեն ինչ, և խաղալով հայաստանյան հանրության հակապատերազմական տրամադրությունների վրա՝ ուզում են առաջ տանել հետևյալ սխեման՝ զիջեք, թե չէ նոր կռիվը կսկսվի: Ուրախ կլիներ մեր երկրի ղեկին հայտնված այդ պատահականությունը՝ կամավոր ճնշվել և այդ սխեմայի շրջանակներում ամեն ինչ տալ: Բայց չի կարող, առնվազն, երկու պատճառով՝ խիստ սահմանափակ աջակիցների գոյությամբ պայմանավորված՝ լեգիտիմության բացակայություն և ընտրակեղծիքներով վերարտադրված լինել, վերջին ՏԻՄ ընտրություններն էլ փաստեցին, որ չկա աջակցություն, և երկրորդ՝ ռուսական և իրանական գործոնները, որոնք թույլ չեն տալիս, որպեսզի ՀՀ սահմանները դառնան սակարկելի, փոփոխելի: Այստեղ է, որ ՀՀ-ի շահերը համընկնում են Ռուսաստանի և Իրանի հետ»:
Ինչ վերաբերում է Արցախում Ադրբեջանի սադրանքներին, նա նշեց, որ այդտեղ ճնշումներ բանեցնելու իմաստ չկա. «Արցախով Նիկոլին ճնշել հնարավոր չէ, այդ մարդու ընկալումներում Արցախն ի սկզբանե չի եղել: Չես կարող մարդուն ճնշել մի հարցում, որն իր համար արժեք չունի: Ալիևը շատ լավ հասկանում է, որ վաղ թե ուշ այս աննորմալ վիճակը փոփոխվելու է: Ինչ-որ մի պատեհ առիթի պարագայում, պետականակենտրոն իշխանության ասեմ, Արցախի առկա ռեսուրսները ի մի բերելով ասեմ, բայց դաշնակիցների աջակցությամբ իրավիճակը փոխվելու է: Իրավիճակը ռազմի ճանապարհով է փոխվելու, բայց բոլորովին այլ սխեմաներ են աշխատելու՝ 18 տարեկանները չեն կռվելու, ոչ էլ երկարատև ինչ-որ բան է լինելու: Կարճատև, դիպուկ մի քանի հարված է լինելու, և ամեն ինչ վերականգնվելու է: Ես դրանում կասկած չունեմ: Իրենք շատ լավ հասկանում են, որ քանի դեռ հնարավոր է ինչ-որ բան ճանկռել, փորձում են անել: Այդ կերպ ընդգծում են իրենց համար Արցախում ռուսական կողմի ներկա լինելու անընդունելի լինելը, ինչ-որ մի տեղ անարգում են նաև ռուսական կողմին: Սա հարված է ռուսական կողմին և միջնորդական առաքելությանը»:
Ռազմական փորձագետի գնահատմամբ՝ ադրբեջանցիները փորձում են առավելագույնը ստանալ Արցախից, քանի դեռ կտրուկ պատասխան չեն ստանում:
Դիտարկմանը՝ միայն Արցախը չէ, Սյունիքի մարզի Կապան համայնքի ղեկավար Գևորգ Փարսյանը հաստատել է, որ Փելա սարը հանձնվել է Ադրբեջանին, և արդեն 2 օր է՝ Կապանի ստրատեգիական կարևոր բարձունքը վերահսկում են ադրբեջանցիները, նա այսպես արձագանքեց. «Դա արդեն այլ հարթություն է: Դա արդեն օրվա իշխանության հերթական հանցագործության դրսևորում է, եթե համայնքապետն է դա փաստում, սա նշանակում է, որ տարածք է հանձնվել թշնամուն, ինչի վերաբերյալ Քրեական օրենսգրքում պետք է գտնել համապատասխան մեկնաբանություն: Դա հաջորդ՝ պետականակենտրոն իշխանությունն է անելու: Քանի որ Սյունիքում դրության տերն այստեղի գործող իշխանությունն է, ապա այստեղ Ալիև-Նիկոլ ստվերային պայմանավորվածությունները դեռևս գործում են, բայց Արցախում դրության տերը Նիկոլը չէ, այլ՝ հայ-ռուսական համատեղ գործոնն է: Այդ հայ-ռուսական համատեղ գործոնն իր խոսքը վաղ թե ուշ ասելու է: Բաքվում, հավանաբար, ենթադրում են, որ այս պահին հայ-ռուսական տանդեմը դեռևս չի պատասխանի հատու և կտրուկ՝ ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, և պահը փորձում են օգտագործել՝ այնտեղ էլ ինչ-որ բան պոկելու համար: Բայց Արցախի անվտանգության առումով, լայն առումով, մտահոգություն չունեմ, որովհետև Արցախը՝ իբրև պետականություն, խոցված է, բայց այնուամենայնիվ մեջքը շտկում է: Դաշնակիցների հետ գրագետ աշխատանքի պարագայում մենք շատ շուտով այնտեղ ունենալու ենք նորմալ անվտանգային միջավայր»:
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որ ՀՀ Գեղարքունիքի մարզ ներխուժած ադրբեջանական զինված ուժերը կառուցել են մեծ ապաստարաններ, կուտակել են մեծ քանակությամբ վառելափայտ, բետոնապատել են իրենց դիրքեր տանող ճանապարհները. «Նրանց ակտիվությունը վերջին շրջանում շեշտակի է մեծացել։ Ավելին, շարունակում են նոր ճանապարհների կառուցումը, դիրքերում ավելացրել են զինծառայողների քանակն ու սպառազինությունը: Անընդհատ կատարում են դիրքային ամրացման և ինժեներական ակտիվ աշխատանքներ: Խոսքը ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական անօրինական տեղակայման ու հանցավոր արարքների մասին է: Նրանք ֆիզիկապես ներկա են հենց այն հողատարածքներում, որոնք պատկանում են ՀՀ քաղաքացիներին՝ օրինական փաստաթղթերով հաստատված իրավունքներով»:
Դավիթ Ջամալյանը նկատեց, որ Հայաստանում իշխանություն պետք է փոխվի, որից հետո, ըստ նրա՝ այդ բոլոր հարցերը բավականին արագ կլուծվեն. «Այդ ամենը այստեղի թրքացած իշխանության և իրենց տերերի ստվերային պայմանավորվածության արդյունք է: Մեր ժողովրդին վախեցնում են պատերազմով. Ոչ ոք պատերազմ չի ուզում, բայց կա աներկբա ճշմարտություն, որ եթե դիրքապահ ստորաբաժանումները համարժեք պատասխան տային, այդ բարձունքներն այսօր չէին լինի ադրբեջանական կողմի վերահսկողության տակ: Այսինքն՝ անխուսափելիորեն մեր ժողովրդին պետք է պատրանքներից զրկենք, բերենք իրատեսության հարթություն: Երբ մենք ասում ենք, որ իրավիճակ կփոխվի Արցախում, Գեղարքունիքում և Սյունիքում, դա այս կամ այն կերպ, միևնույն է, անխուսափելիորեն լինելու է ռազմի ճանապարհով: Այլ կերպ չի լինում: Ես որևէ քաղաքական ուժ չեմ ներկայացնում և ուզում եմ, որ մեր ժողովուրդը պատրանքներից զերծ լինի: Ես հասկանում եմ, թե ինչու են պետականակենտրոն ուժերը խուսափում այս ամենն ուղիղ ասելուց, որովհետև հակառակ պրոպագանդան է աշխատում՝ իրենց մեղադրում են պատերազմի հրձիգ լինելու մեջ, ասում են՝ իրենք գան՝ պատերազմ կսկսվի: Ո՛չ: Կմնա՞ Նիկոլը՝ պատերազմ կսկսվի»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում