Բաժիններ՝

«Ժամանակի ընթացքում պետք է կենտրոնը փակեն մեքենաների համար, թողնեն միայն հանրային տրանսպորտը»

Երևանի Կենտրոն վարչական շրջանի նախկին թաղապետ Վիկտոր Մնացականյանը Ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մայթերի լայնացմանը՝ կից հրապարակելով լուսանկար․ «Սա Երևանի այն կանվաներից է, որ մենք տեսնում ենք ամեն օր ու չենք նկատում կամ չենք հավատում, որ հենց այսպիսին պետք է լինի իրական Երևանը: Նման խեղդված հատվածների «ազատագրումով» կարելի է հասնել մեր մեծ երազանքին։ Այս մասը Կենտրոնի ամենաչգնահատվածներից է, որը հասարակական, տուրիստական հանգստի և ժամանցի նոր զոնա դառնալու մեծ պոտենցիալ ունի, որն էլ իր հերթին կարագացնի Փարպեցի, Սպենդիարյան, Զորյան խենթանալիք սիրուն փողոցների բարեկարգումը և այս դարի պահանջներին համապատասխանեցումը, ու կբերի, չվախենամ այդ բառից, Երևանի վերածննդին: Իսկ այս հրապարակը մենք՝ Սկևռայի թիմով, աշխատանքային անվանում ենք Կալիֆորնիա Պլազա (ու փորձում ենք բանակցել պետական մարմինների հետ անվանակոչման հարցով) որպես հարգանք այնտեղ ապրող մեկ միլիոնից ավել հայրենակիցների և շնորհակալություն մեզ հյուրընկալելու, մեծ հնարավորություն տալու և միշտ մեր կողքը լինելու համար…»։

«Փարիզ էսթ» համալսարանի քաղաքաշինության դոկտոր Մարիամ Խաչատրյանի կարծիքով՝ Կալիֆոռնիայում Երևանի նման քաղաքների կահավորման փորձ չունեն: Դրան ավելի շատ կտիրապետեն եվրոպական երկրներում:

«Ասում են, որ արագությունը կենտրոնում պետք է նվազեցնել: Ո՞վ է որոշել դա, ինչի՞ հիման վրա, մասնագիտական խումբ կա՞: Եթե արագությունը պետք է նվազեցվի, ինչո՞ւ էին մագիստրալներ, էստակադաներ սարքում: Կարող են Փոքր կենտրոնում արագությունը 30-40 կմժ սահմանել, և վերջ: Այդքան ծախսատար չէ: Հա, վթարներ են լինում, ինչո՞ւ այդ դեպքում այդ հատվածում լուսացույց չեն տեղադրում: Մի հատ էլ հեծանիվի համար հատված է առանձնացված: Այդքան տեղ չկա, հասկանո՞ւմ եք: Ոչ մասշտաբ են պատկերացնում, ոչ գույն, ոչ մեքենայի չափս»,- նշեց Մարիամ Խաչատրյանը:

Վարորդի իրավունքների պաշտպան, փաստաբան Արտակ Խաչատրյանի խոսքով՝ ընդհանրապես Երևանում պետք է գործի հետևյալ քաղաքականությունը. քիչ-քիչ կենտրոնում տրանսպորտը չաշխատի:

«Ժամանակի ընթացքում պետք է կենտրոնը փակեն մեքենաների համար, թողնեն միայն հանրային տրանսպորտը։ Մնացածը՝ այս տիպի, Հյուսիսային պողոտայի նման ճեմուղի: Ինչ վերաբերում է խցանումներին, ապա դրանք կան մոլերի, ցանկացած ժամանցի վայրի դիմաց, որտեղ կայանատեղի չկա»,- ընդգծեց վարորդների իրավունքների պաշտպանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս