Մեգակոմունիկացիոն նախագծերի «պայքար» Հայաստանի համար․ Ի՞նչ է անում Հնդկաստանը Հայաստանում, և ի՞նչ համաձայնագիր է պատրաստվում
Տարածաշրջանում շարունակվող դինամիկ և աննախադեպ աշխարհաքաղաքական փոփոխությունների ֆոնին երկու կարևոր բարձրաստիճան հանդիպում տեղի ունեցավ. մեկը՝ Երևանում, մյուսը՝ Մոսկվայում: Կամա թե ակամա, Հայաստանը հայտնվել է աշխարհաքաղաքական մեգակոմունիկացիոն նախագծերի հանգույցում, և այդ ծրագրերում Հայաստանի դիրքորոշումից կախված է լինելու տարածաշրջանի ապագա կոմունիկացիոն աշխարհագրությունը, հետևաբար՝ աշխարհաքաղաքականությունը:
Հոկտեմբերի 12-ին Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը այս տարի արդեն 4-րդ անգամ հանդիպեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, շարունակելով վերջերս սկսված այցերի շարքը դեպի Մոսկվա, որոնցից ուշագրավը ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության այցն էր ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի, Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի, Ռուսաստանի Պետդումայի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինի հետ հանդիպումներով, hոկտեմբերի 11-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի այցը ՌԴ պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի հետ հանդիպմամբ, ինչպես նաև Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց կաթողիկոսի այցը Մոսկվա, որի շրջանակում նա հանդիպեց Մոսկվայի և Համայն Ռուսիո Կիրիլ պատրիարքի հետ: Նախատեսվում է նաև տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպում:
Փաշինյան-Պուտին հանդիպումը՝ առանց հրապարակային սենսացիաների
Ինչ վերաբերում է Փաշինյան-Պուտին հանդիպմանը, ապա դրա ընթացքում, բնականաբար, քննարկվել են տարածաշրջանային խնդիրներն ամենայն մանրամասնությամբ, սակայն մենք ականատես եղանք հրապարակային կարճ արարողակարգային հանդիպման՝ առանց կոնկրետությունների: «Շուտով ԱՊՀ գագաթաժողովն է, կցանկանայի Ձեզ հետ համապատասխանեցնել դիրքորոշումներն այս ուղղությամբ և նաև մեր փոխգործակցության մյուս հարցերի, այդ թվում` այսօրվա դրությամբ և երկարաժամկետ հեռանկարում տարածաշրջանում կարգավորման հարցով»,- ասել է Պուտինը:
Իր հերթին՝ Փաշինյանը նշել է, որ մեր տարածաշրջանի հետ կապված դեռևս չի կարելի խոսել իրավիճակի լիարժեք կայունացման մասին։ «Ինչպես Դուք եք նկատել, ԼՂ հակամարտությունը մնում է չլուծված, և հասկանալի է, որ հակամարտության լուծման ու մեր տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում ՌԴ-ն ունի առանցքային դերակատարություն` հանդիսանալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր: Այս բոլոր հարցերը շատ կարևոր են, առանցքային, և ես շատ ուրախ եմ քննարկել Ձեզ հետ բոլոր օրակարգային հարցերը»,- նկատել է նա: Կողմերը քննարկել են 2020 թ․ նոյեմբերի 9-ի և 2021թ․հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների կատարման ընթացքը:
Փորձում են խափանել թյուրքական ծրագրերը
Փաշինյանի մոսկովյան այցին զուգահեռ՝ մեկ այլ աննախադեպ այց տեղի ունեցավ դեպի Երևան: ՀՀ անկախության 30-ամյա պատմության ընթացքում իր առաջին պաշտոնական այցը կատարեց Երևան Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը: Հնդկաստանը վերջին տարիներին է սկսել հայացք նետել դեպի Հարավային Կովկաս Հյուսիս-Հարավ նախագծի հեռանկարների պատճառով, սակայն հետաքրքրությունը նաև քաղաքական մակարդակում տեսանելի դարձավ Ղարաբաղյան 44-օրյա պատերազմից հետո, երբ թյուրքական երկրները սկսեցին առաջ մղել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի ծրագիրը, որում առանցքային դերակատարություն ունի և մասնակից է Պակիստանը:
Հնդկաստանի ԱԳ նախարարի այցը և դրա ընթացքում քննարկված թեմաները, թերևս, ավելի կարևոր են Հայաստանի համար ներկայիս շրջափուլում, քանի որ Հնդկաստանն ինքնին կարևոր ու օրեցօր հզորացող միջազգային խաղացող է, ով 44-օրյա պատերազմից հետո սկսել է դիրքավորվել նաև մեր և ավելի մեծ տարածաշրջանում, աշխատելով այնպիսի մասշտաբային կոմունիկացիոն ծրագրերի վրա, որոնք կարող են խափանել թյուրքական առավելապաշտական ծրագրերը: Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան առանցքի և նրանց հովանավորների առաջ քաշած, այսպես կոչված, Զանգեզուրի կամ Թուրանական միջանցքին զուգահեռ՝ Իրանը և Հնդկաստանը ակտիվորեն առաջ են մղում Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի և Պարսից ծոց-Սև ծով կրկին միջազգային մասշտաբի նախաձեռնության իրականացման հարցը:
Հրավիրում է իրանական Չաբահար նավահանգիստ
Արտգործնախարար Ջայշանկարի երևանյան շեշտադրումներն առավել քան հասկանալի ու հստակ էին: Նրա խոսքով, ծովային և ցամաքային ճանապարհների հեռավորությունը և անբավարարությունը խոչընդոտ են մեր երկրների միջև շփումների և տնտեսական ու առևտրային փոխգործակցության համար։ «Հայաստանը և Հնդկաստանը միջազգային տրանսպորտային միջանցքի անդամներ են, որը հեռանկարներ ունի հաղորդակցությունների առումով։ Պարոն Միրզոյանի հետ քննարկել ենք Հայաստանի շահը Իրանի Չաբահար նավահանգստի օգտագործման հարցում։ Քննարկել ենք դրա օգտագործման հնարավորությունը՝ որպես միջազգային տրանսպորտային հանգույց։ Մենք կարող ենք նաև դիտարկել այլ նախագծեր ևս»,- տեղեկացրել է ԱԳՆ ղեկավարը։ Ըստ նրա՝ Չաբահար նավահանգստի զարգացումը կնպաստի Հյուսիս-Հարավ միջանցքին, նոր ցամաքային երթուղիներ կստեղծի, ավելի արդյունավետ, քան գոյություն ունեցող ծովային ուղիները, ավելին՝ տնտեսական առաջընթացի նոր հնարավորություններ կտա։ «Նավահանգիստն Իրանում, որը Հնդկաստանն է զարգացնում, բացում է, մի կողմից՝ ճանապարհ դեպի Կովկաս, մյուս կողմից՝ դեպի Կենտրոնական Ասիա։ Դա նախաձեռնության մի մասն է, որի իրականացման համար մենք աշխատում ենք Ռուսաստանի հետ»,- նշել է նա։ Հնդկական կողմն առաջին անգամ չէ, որ հայտնում է իր մտադրությունների մասին:
Ամիսներ առաջ մեծ աղմուկ էր բարձրացրել Իրանում Հնդկաստանի դեսպանի Հադդամ Ջարմենդրայի խոսքերը, որ Հնդկաստանը ծրագրում է Հնդկական օվկիանոսը Եվրասիայի ու Եվրոպայի հետ կապել Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցք։ «Մենք ծրագրում ենք միացնել Իրանի Չաբահար նավահանգիստը և Հնդկական օվկիանոսը՝ Եվրասիայի և Ֆինլանդիայի հետ՝ Հայաստանի տարածքով՝ ստեղծելով «Հյուսիս-Հարավ» միջանցքը: Հնդկաստանը ծրագրում է Չաբահարը դարձնել տարածաշրջանի ամենակարևոր նավահանգիստը»,- հայտարարել էր դեսպանը:
Նշենք նաև, որ երեկ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ևս անդրադարձավ Չաբահար նավահանգստի և միջանցքների հարցին: Նա տեղեկացրեց, որ անդրադարձել են մեծ տարածաշրջանում ենթակառուցվածքների հարցին, և դա վերաբերում է նաև Հյուսիս-Հարավ միջանցքին։ «Մենք, բնականաբար, քննարկել ենք նաև Չաբահար նավահանգստի շուրջ ընթացող վերջին դրական զարգացումները, Հնդկաստանի և Հայաստանի միջև ճանապարհային ուղիղ հաղորդակցության հաստատման խնդիրը և արդեն Հայաստանից դեպի հյուսիս՝ Վրաստանով դեպի Ռուսաստան, և գուցե նաև՝ Սև Ծովով դեպի Եվրոպա հետագա տարանցիկ փոխանցումների հարցը։ Սա մեր օրակարգի կարևոր բաղկացուցիչ մասն է։ Ինչ վերաբերում է Պարսից Ծոց-Սև Ծով նախաձեռնությանը, ապա ես կարող եմ, թերևս, ամենաթարմ տեղեկությունն ասել, որ երեկ իրանական կողմի հետ քննարկել ենք այս հարցը, և կարող եմ ասել, որ այս ծրագրի, համաձայնագրի առումով ևս իրադարձությունները բավականին դինամիկ են զարգանում, և հուսամ՝ մոտ ապագայում կունենանք ստորագրված համաձայնագիր»,- ասաց Միրզոյանը: Դատելով Միրզոյանի խոսքից, կարելի է ենթադրել, որ համաձայնագիրը գրեթե պատրաստ է, ու եթե ՀՀ իշխանություններն իսկապես ընթանան այս ճանապարհով Իրանի ու մյուս խաղացողների հետ, ապա այս ուղղությամբ ավելի շուտ արդյունքների ականատես կլինենք, քան թյուրքական ծրագրերի շուրջ կոնկրետ քննարկումները կսկսվեն: ՀՀ իշխանությունների դեպքում կոնկրետ աշխարհաքաղաքական վերլուծություններ անելը և պնդելը, թե նրանք գործընթացները որ ուղղությամբ կտանեն, այդ թվում՝ իշխանության արտաքին քաղաքական հենարանները պահպանելու նպատակով, բարդ է, սակայն մեկ բան ակնհայտ է, որ կան կուլիսային աշխարհաքաղաքական տրանսպորտային նախագծերի քննարկումներ, քննարկումներ, որոնք նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների բովանդակության շրջանակից դուրս են:
Ի՞նչ է իրենից ներկայացնում Չաբահար նավահանգիստը
Չաբահարի նավահանգիստն Իրանի և տարածաշրջանի ամենակարևոր ու ռազմավարական դիրք ունեցող կետն է, որը հատուկ նշանակություն ունի Կենտրոնական Ասիայի ցամաքում գտնվող երկրների, այդ թվում՝ Աֆղանստանի, Թուրքմենստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղըզստանի ու Ղազախստանի՝ ազատ ջրերին հասանելիություն ունենալու ամենակարճ ճանապարհը լինելու պատճառով, որի նկատմամբ Հնդկաստանի հետաքրքրությունը սկսեց առարկայանալ, և հնդկական կոնկրետ ներդրումները սկսվեցին, երբ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման միջուկային գործարքի ստորագրումից հետո վերացրեց պատժամիջոցներն այս գոտում: Ներկայումս Չաբահար նավահանգիստը շահագործվում է Հնդկաստանի ֆինանսական ներդրումով, և Իրանի և Հնդկաստանի միջև գործող պայմանագրով նավահանգստի շահագործումը վարձակալությամբ հանձնված է Հնդկաստանին:
Բացի այդ, Հնդկաստանի համար Չաբահարի կարևորությունը բարդ է թերագնահատել, քանի որ այն հնարավորություն է ընձեռում ապրանքների տրանզիտը իրականացնել՝ շրջանցելով Պակիստանը, որի հետ Հնդկաստանն ունի Քաշմիրյան հակամարտություն: Չաբահարի հարևանությամբ՝ 140 կմ հեռավորության վրա, Պակիստանն ու Չինաստանը զարգացնում են Գվադարի նավահանգիստը, որոնք հաճախ նաև մրցակցող կամ փոխլրացնող են համարվում Հնդկական օվկիանոսում: Պեկինը սկսել էր զարգացնել Գվադարը 2013 թվականից սկսած՝ չինա-պակիստանյան տնտեսական միջանցքի շրջանակում, որն արժե 46 միլիարդ դոլար. Չինաստանը ջանքեր է ներդնում Պակիստանի հետ «Մեկ գոտի-մեկ ճանապարհ» կամ, այսպես կոչված, «Նոր Մետաքսի ճանապարհ» պրոյեկտի համար, որը ներառում է 68 երկրներ և հարյուրավոր պրոյեկտներ: Ըստ էության, «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքը պետք է դիտարկել՝ որպես աշխարհի ամենակարևոր միջազգային նախագծերից մեկը, որը կարող է մրցել նոր Մետաքսի ճանապարհի հետ:
Իրանագետ Վարդան Ոսկանյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Իրանական Չաբահար նավահանգիստը Հնդկաստանին հետաքրքիր էր երկու ուղղությամբ՝ մի կողմից դեպի Աֆղանստան և Կենտրոնական Ասիա ելքի, իսկ մյուսից Հյուսիսային Եվրոպա հասնելու համար։ Աֆղանստանում թալիբների իշխանության գալով Հնդկաստանի թիվ մեկ ախոյան Պակիստանն, ըստ էության, փակեց Դելիի հեռագնա ծրագրերը Աֆղանստան-Կենտրոնական Ասիա ուղղությամբ, իսկ Ադրբեջանում իր ներգրավվածության մեծացմամբ փաստացիորեն փորձ է կատարում սահմանափակելու հնդկական մանևրի հնարավորությունը դեպի Հյուսիսային Եվրոպա։
Այս առումով հնդկական Հյուսիս-Հարավ մեգածրագրի համար Հայաստանը և հատկապես Սյունիքի մարզը ստացել են բացառիկ նշանակություն, որը հնդկական կողմը հոյակապ հասկանում է և փորձելու է ամեն կերպ օգտվել առկա փաստացի միակ հնարավորությունից՝ ոչ միայն իր աշխարհաքաղաքական ծրագիրը կյանքի կոչելու, այլ նաև Պակիստանին հակահարված հասցնելու առումով»: Եթե ավելի պարզեցնենք, ապա Հյուսիս-Հարավ երթուղին պետք է ապահովի Հնդկաստան-Եվրոպա կապը Իրանի և Ռուսաստանի տարածքով՝ կրճատելով ավանդական ճանապարհը:
Տեղեկացնենք՝ «Հյուսիս-Հարավ»-ը մուլտիմոդալ երթուղի է Սանկտ Պետերբուրգից մինչև Մումբայ (Հնդկաստան) նավահանգիստ՝ 7200 կիլոմետր երկարությամբ, գլխավոր մայրուղու ՝ Վրաստան-Հայաստան-Իրան-Հնդկաստան գործարկումը թույլ չտալու համար Թուրքիան, Պակիստանն առաջ են քաշում «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը, որը, ըստ փորձագետների, կկտրի Իրանը Հայաստանից: