«Դա կարող է լինել այն գինը, որը համանախագահները ռևերանս արեցին Ադրբեջանին». Աննա Կարապետյան

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Աննա Կարապետյանի համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հետևողական աշխատանք է տարվում՝ հասնելու որոշակի ձևակերպումային փոփոխությունների:

«Օրինակ՝ եթե ապրիլին համանախագահներն իրենց հայտարարության մեջ հստակ ընդգծում էին, որ պետք է կարգավորումը լինի բոլորին հայտնի սկզբունքների և տարրերի հիման վրա, արդեն հետագա հայտարարությունների մեջ, այդ թվում՝ նախարարների հանդիպումից հետո արված հայտարարության մեջ, նման ձևակերպում այլևս չկա: Խոսվում է հակամարտության կարգավորման մասին, բայց ինչ սկզբունքների հիման վրա՝ չի նշվում: Սա արդեն հուշում է, որ Ադրբեջանը հետևողական աշխատանք է տանում, որպեսզի կարգավորումը չլինի հայանպաստ կամ առավելապես իր շահերը արտացոլի: Եվ ընդհանրապես, նոյեմբերի 9-ից հետո Ադրբեջանը ջանք ու եռանդ չի խնայում՝ ստեղծված իրավիճակից մաքսիմալ կերպով օգտվելու, մաքսիմալ իր նպատակներին հասնելու, օգուտ քաղելու, բոլոր խնդիրները հնարավորինս արագ լուծելու, միջազգային ընկալումների վրա ազդելու համար: Այդ ուղղություններով տեսնում ենք բազմակողմանի աշխատանք, և որոշ դեպքերում, ցավոք սրտի, Ադրբեջանին իսկապես հաջողվում է»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

«Նույն ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևակերպումային փոփոխությունները վկայում են, որ նույն Ադրբեջանը, որը երկար ժամանակ ընդհանրապես բացառում էր համանախագահության ներքո ինչ-որ գործընթաց, այդ թվում, երբ նախագահները այցելեցին Բաքու՝ Ալիևը իրեն թույլ տվեց արտահայտություն, որ՝ ես ձեզ չեմ հրավիրել Բաքու, բայց, ամեն դեպքում, Նյու Յորքում տեղի ունեցավ հանդիպում համանախագահների միջնորդությամբ: Այս ձևակերպումային փոփոխությունը կարող է լինել հենց այն գինը, որը ռևերանս արեցին Ադրբեջանին՝ իրենց ձևակերպումների մեջ գնալով որոշ փոփոխության, բայց Ադրբեջանին բերելով այդ ձևաչափի ներքո քննարկումների»,- ընդգծեց նա:

Աննա Կարապետյանի գնահատմամբ՝ ՀՀ իշխանությունները հստակ չեն ձևակերպում, թե Արցախի հարցի ինչ կարգավորում են տեսնում. «Բացի խաղաղության օրակարգ առաջարկելուց և հարևանների հետ խաղաղության օրակարգի ներքո առաջ շարժվելու մտադրությունից՝ հստակ ձևակերպում, թե ինչ կարգավորում են տեսնում, չկա»:

Ինչ վերաբերում է խաղաղության օրակարգին, նա նկատեց, որ ներկա պայմաններում ընդհանրապես խաղաղության մասին խոսել հնարավոր չէ. «Եթե նույն քաղաքագիտության տեսության կողմից գանք, բացարձակ ճշմարտություն է, որ հարատև չէ այն խաղաղությունը, որտեղ կողմերից մեկը միանշանակ պարտվածն է, իսկ մյուսը՝ միանշանակ հաղթածը: Թե՛ այսօրվա առկա իրավիճակը, թե՛ Ադրբեջանի հռետորաբանությունը և քաղաքականությունը որևէ հույս չեն տալիս, որ առնվազն մոտ ապագայում հնարավոր է հասնել այնպիսի լուծման, որը կբավարարի այդ մինիմալ անհրաժեշտ պայմանը: Դա օրակարգ է, որ Փաշինյանի և իր թիմի կողմից առաջ է քաշվել նախընտրական շրջանում, այդ գաղափարով են ընտրվել, այսօր էլ այդ նույն թեզի ներքո վարում են քաղաքականությունն Ադրբեջանի և Թուրքիայի հետ՝ փորձելով իբրև թե կառուցողական երևալով՝ գալ ինչ-որ հարցերի լուծման: Սակայն, խիստ ոչ միանշանակ է, թե արդյո՞ք դրանով նրանք գալիս են ինչ-որ հարցերի լուծման, թե՞ արդյունքում սպասարկվում է Թուրքիայի և Ադրբեջանի շահը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս