Շոկային թերապիա՝ առանց շոկի զգացումի
Հայաստանում ու Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունները, առանձին- առանձին ու ընդհանրության մեջ, երկրի ու հասարակության հանդեպ շոկային թերապիայի օրինակներ են, այն վերապահումով, որ շոկը, որպես այդպիսին, հասարակության կողմից չի գիտակցվում։ Հանրության համեմատաբար ակտիվ հատվածն ապրում է շոկի մակերեսային, կարճաժամկետ ընկալմամբ, կատարվում է որևէ խայտառակ, աննախադեպ իրադարձություն, դա առաջացնում է ռեֆլեկտիվ ընդվզում, աղմուկ ու բողոք սոցիալական ցանցերում և… կյանքը շարունակվում է։
Վեց ամսից ավելի է՝ Հայաստանի ինքնիշխան տարածքում տեղակայվել են 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորներ։ Ե՞վ։ Ոչինչ։ Նրանց՝ Հայաստան ներխուժումն առաջին օրերին առաջացրեց ցասում, բողոք, ջղայնություն, սոցցանցային վրեժխնդրություն և այլն, բայց կյանքը շարունակվում է, և Հայաստանն արդեն կես տարուց ավելի ապրում է՝ իր տարածքում ունենալով օտար, թշնամական պետության զինվորականներ։
Ադրբեջանցիները հսկիչ անցակետ տեղադրեցին ՀՀ ինքնիշխան տարածքում՝ Գորիս-Կապան ավտոճանապարհին. դա առաջին մի քանի օրերին կրկին առաջացրեց հիմնականում ֆեյսբուքյան ընդվզումներ, բողոք, հայհոյանք և այլն, բայց կյանքը շարունակվեց, և Հայաստանն ապրում է՝ իր տարածքում ունենալով ոչ միայն թշնամական պետության 1000-ից ավելի զինվորներ, այլև նույն թշնամական պետության անցակետ, որը գումարներ է գանձում մեր երկրով անցնող մեքենաների վարորդներից։
Մարտակերտում դիպուկահարի կրակոցից խաղաղ բնակիչ է սպանվում։ Ե՞վ։ Կրկին նույնը. ընդվզման ստանդարտ փաթեթ սոցցանցերում ու մամուլի որոշ միջոցներում, ու՝ բարի շարունակություն կյանքին։
Բոլոր այս և չթվարկված բազմաթիվ օրինակներն ունեն մի ընդհանրություն՝ դրանց հիմքում դրված է այն հոգեբանական մեխանիզմը, ըստ որի՝ հասարակությունը որևէ արտառոց իրադարձությունից սկզբում ենթարկվում է շոկի, հետո շոկն արագ անցնում է, և տեղի ունեցածը դառնում է իրողություն։
Ընդ որում, որքան ավելի հաճախակի են տեղի ունենում այդպիսի շոկային իրադարձություններ, իսկ վերջին շրջանում դրանք ունեն գրեթե ամենօրյա բնույթ, այնքան շոկի տևողության ժամանակը կրճատվում է։ Սա չափազանց վտանգավոր ֆենոմեն է և վկայում է հասարակության ու որպես դրա հետևանք՝ պետության դիմադրողականության խիստ անկման մասին, որովհետև շոկը հանրության ու դրա ակտիվ հատվածների համար դառնում է ոչ թե գործողությունների, իրական քայլերի, հակաքայլերի մոտիվացիա, այլ ավելացնում է հարմարվողականության չափաբաժինը։ Այդպիսով, յուրաքանչյուր հաջորդ շոկ նախորդի համեմատ ավելի քիչ հակազդեցություն է ունենում ու հանրությանը դարձնում է ավելի կոնֆորմիստ։ Սա ուղղակի նվեր է գործող իշխանության համար, որն անխոչընդոտ կարող է իրականացնել ցանկացած ծրագիր՝ վստահ լինելով, որ դա ոչ միայն դիմադրության չի արժանանալու հասարակության կողմից, այլև բազմապատկելու է նրա հարմարվողականության աստիճանը։ Իսկ ամենայնին հարմարվող հասարակությունը կարող է կոմֆորտ և ներդաշնակություն ապրել ընդհուպ նաև պետության կորստի պայմաններում։
Հարություն Ավետիսյան