«Թաց հարբուխ, խորխոտ հազ, փորլուծություն. Դելտա շտամն ավելի վարակելի է և մահացու». Լամարա Մանուկյան
Բժիշկ-թերապևտ, «Ներքին հիվանդությունների բժշկության հայկական ասոցիացիա»-ի նախագահ Լամարա Մանուկյանի կարծիքով՝ գրագետ, ճիշտ, թափանցիկ և անկեղծ տեղեկատվությունն ավելի մեծ գործ կարող է անել, որպեսզի մարդիկ որոշեն պատվաստվել, քան՝ պարտադրանքը:
«Երբևիցե չի եղել այնպիսի պարզ տեղեկատվություն, որպեսզի մարդիկ հասկանան, թե ինչի հետ գործ ունենք՝ պատվաստանյութերի հետ կապված: Մենք պետք է մարդկանց շատ պարզ ասենք, որ՝ այո, հարգելի ժողովուրդ, պատվաստանյութերը շատ արագ ստեղծվեցին, իհարկե, լիարժեք հետազոտությունները չեն ավարտվել, բայց քանի որ մենք գտնվում ենք համաճարակի շրջանում, մենք պետք է սկսեինք այդ պատվաստումները: Ես բացարձակ դեմ չեմ պատվաստումներին:
Պատվաստումը, ընդհանրապես, ինքնին շատ կարևոր գործոն է բժշկագիտության մեջ. դա միակ միջոցն է այսօր մեզ ծանոթ, որով կարելի է կանխել որևէ վարակ: Ես իմ երեխաներին, իմ հարազատներին անպայման աշնանը, գարնանը պատվաստել եմ գրիպի հանդեպ, տարբեր վարակների հանդեպ, և մենք ամբողջ այդ շրջանում չենք հիվանդացել: Ես բացարձակապես չեմ ուզում դեմ խոսել պատվաստվելուն: Բայց պետք է տալ գրագետ ինֆորմացիա, որ ժողովուրդը հասկանա՝ այո, պատվաստանյութերը չեն անցել հետազոտությունների բոլոր փուլերը, շատ արագ ստեղծվեցին տարբեր պատվաստանյութեր՝ տարբեր հիմքերի վրա:
Նույն չինականը ամենապրիմիտիվ պատվաստանյութն է, այսինքն՝ ստեղծված է ինակտիվացված վիրուսի հիմքի վրա: Կան ադենովիրուսային պատվաստանյութեր, որոնք այլ մեխանիզմներով են ստեղծված: Այդ բոլորը պատվաստանյութերը մի նպատակ ունեն՝ խթանել իմուն համակարգը, խթանել հակամարմինների արտադրությունը, որպեզի լինենք պաշտպանված: Այսինքն՝ երբ օրգանիզմը կհանդիպի վիրուսի հետ՝ այդ հակամարմինները կչեզոքացնեն այդ վիրուսը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նա ընդգծեց, որ դելտա շտամի ախտանշանները գրեթե նույնն են, ինչ որ բետա շտամի դեպքում. «Մեր վակցինացիաները ստեղծվել էին բետա շտամի համար, դրա համար դելտա շտամի դեպքում ավելի թույլ են: Նույն վերին շնչուղիների վարակի բոլոր ախտանիշները, այսինքն՝ հազ, հարբուխային երևույթներ, ջերմության բարձրացում, մկանացավ, ոսկրացավեր և այլն, դրսևորվում են դելտա շտամի դեպքում: Դելտայի ժամանակ շատ են գլխացավերը, բոլոր հիվանդները ունեն սաստիկ գլխացավեր: Դելտայի դեպքում ստամոքսաաղիքային տրակտի ախտահարումներն են շատ՝ լուծեր, լյարդի ախտահարումներ, խոցերի սրացումներ: Դելտա շտամը երեք անգամ ավելի վարակելի է և երկու անգամ ավելի բարձր է մահացությունը դելտա շտամից: Հիմա տարածված է դելտա շտամը, հիմա բետա շտամ չկա: Եթե համեմատեմ՝ նույն թոքերի ախտահարումը բետա շտամի ժամանակ ավելի հեշտ էր բուժվում, քան դելտա շտամի դեպքում: Ավելի քիչ էին այն ժամանակ նույն լյարդի ախտահարումները, հիմա ավելի շատ են: Լուծերն են ավելի շատ: Դելտա շտամի դեպքում ավելի թաց հարբուխ է լինում, եթե բետա շտամի ժամանակ չոր հազ ունեինք, հիմա ավելի խորխոտ հազ է, դա էլ մարդկանց հուշում է, որ երևի բրոնխիտ են, որովհետև խորխով են հազում: Պատճառն այն է, որ ցանկացած վիրուսային վարակի միանում է բակտերիալ վարակ, որն ավելի բարդացնում է իրավիճակը: Դելտա շտամի դեպքում ամեն երկրորդ հիվանդի մոտ բակտերիալ վարակ է միանում: Մինչև 37.5 ջերմությունը եկեք գնահատենք՝ որպես պոտենցիալ քովիդ, հետո փորձենք իրեն ժխտել»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում