Երկրում շարունակվող աղետից դուրս գալու ճանապարհը. առաջարկում է Տիգրան Թորոսյանը
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ նախկին նախագահ, քաղաքագիտության դոկտոր Տիգրան Թորոսյանն է:
Բանախոսը նշել է.
- Արտահերթ ընտրություններին իշխանությունները ստացել են ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ընդամենը 26%-ի քվեն: Սա լուրջ խնդիր է գործող իշխանությունների համար:
Ընդդիմությունն այս ընտրությունների ընթացքում ստացավ 6 անգամ ավելի շատ ձայն, քան նախորդ՝ 2018 թվականի ընտրություններին: Իշխանությունների կողմից 3,5 տարի շարունակ ամենաթիրախավորված գաղափարը «նախկիններ» կոչվածն էր, իսկ նախկիններին, փաստորեն, այս ընտրություններում ավելի շատ ձայն տվեցին: Դա այս ընտրությունների ամենաուրախալի կետն է, բայց իշխանությունների կողմից «նախկիններ» կոչված գաղափարը Հայաստանի համար դարձավ ամենապառակտողը:
- Երկրում շարունակվող կործանարար աղետից դուրս գալու ճանապարհը՝ պետք է ձևավորել բազմակուսակցական համակարգ. Հայաստանում վաղուց փլուզվել է բազմակուսակցական համակարգը:
- Չկա որևէ բազմակուսակցական համակարգ, որտեղ ընտրություններում չհաղթած, հաջողություն չունեցած քաղաքական ուժերը սկսեն իշխանությունների հետ, ինչպես ժողովուրդն է ասում, սիլի-բիլի անել: Այդ կուսակցությունների զգալի մասը ձևական են, դրանք spoiler՝ խափանարար կուսակցություններ են, որոնք Արդարադատության նախարարությունից պարզապես թուղթ են ստացել:
- Այսօր Հայաստանին պետք են կուսակցություններ, որոնք հենց հիմա կարող են խնդիրներ լուծել, որովհետև աղետը շարունակվում է և կշարունակվի այնքան ժամանակ, քանի դեռ այս իշխանություններն են:
- Այս կործանարար իշխանություններին հեռացնելու համար պետք է հասարակության հետ լիարժեք աշխատանք կատարվի բոլոր ուղղություններով:
- Հայաստանին պետք են նոր որակի, լիարժեք, իրական կուսակցություններ. մեր ամենամեծ բացթողումն է, որ չկարողացանք ստեղծել լիարժեք բազմակուսակցական համակարգ: Խոսքը նոր կուսակցությունների ստեղծման մասին չէ: Անհրաժեշտ է վերանայել անգամ տասնյակ տարիների ճանապարհ անցած կուսակցությունների շարքերը, սկզբունքները: Դրանք պետք է լրջորեն վերափոխվեն, տրանսֆորմացիայի ենթարկվեն:
- Բոլոր խնդիրները երևանցու խնդիրներն են. թշնամին եկավ մտավ Սյունիք, Գեղարքունիք, վաղն էլ գալու է Երևան:
- Մեր բոլոր խնդիրները երկրի ներսում են: Ժողովուրդը պետք է հասկանա՝ ինչ և ինչպես անել, ժողովուրդը պետք է արձագանքի, իսկ դրան պետք է նախորդի ժողովրդի հետ հսկայական և ամենօրյա աշխատանքը:
- Այս ընտրությունները լեգիտիմ չէին, լեգիտիմ չեն նաև իշխանությունները: Իսկ երբ չկա լեգիտիմություն, այդ ժամանակ սկսվում է ամենաթողությունը՝ ոտնահարվում են սահմանադրությունն ու օրենքները:
- Վերջերս երկրի ղեկավարը թյուրիմացության մեջ է գցել հանրությանը՝ հայտարարելով, թե Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար փաստաթղթերով կաշկանդումներ ունենք: ԼՂ դեպքն իրավական առումով բացարձակ մաքուր դեպք է:
- Իշխանությունները վերածվել են համատիրության ղեկավարի, լուծում են զուտ մանր-մունր կենցաղային խնդիրներ՝ ասֆալտի, փողոցի, բակի, և այլն:
- Հայաստանի իշխանությունների գործողությունները բացարձակապես կապ չունեն իրողությունների և իրականության հետ:
- Երբ մարդիկ տգետ են և սկսում են մատների վրա հարցեր լուծել, նրանց ինչ ասես՝ կարող են պարտադրել:
- Ադրբեջանցիներն արագացնում են քայլերը, Սյունիքում որտեղ ուզում՝ մի տնակ են դնում և իրենց համարում են տեր ու տնօրեն, սա էլ հենց սահմանագծումն է: Բա սահմանագծումը պոզով-պոչո՞վ է լինելու: Այն, ինչ ուզում են՝ տեղի է ունենում, և ոչ մի տեղ վերջակետ չի լինելու: