«Բարի գալուստ, թող գան. երբ ինչ-որ բան անում եմ, գիտեմ՝ ինչ եմ անում. թող քրեական գործ հարուցեն». Ռուբեն Մելիքյան

«Իմ պատկերացմամբ՝ այս օրենքն ուղղակի գլխացավանք է դարձել այն ստեղծողների համար, որովհետև մի կողմից՝ այն առաջացնում է լրացուցիչ բացասական էներգիա քաղաքական իշխանության նկատմամբ, և մյուս կողմից՝ շատ դժվար է այն կիրառելը»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը՝ անդրադառնալով իշխանությունների կողմից նախաձեռնված ու ընդունված՝ ծանր վիրավորանքը քրեականացնող հոդվածի կիրառությանը:

Ըստ նրա՝ մարդիկ իրենց ներսում եղածն արտահայտելու այլևայլ եղանակներ են մտածում, որոնց հասցեատերերին այդ գրառման բովանդակության հետ նույնականացնելն իրավապահ մարմինների համար գրեթե անհնարին է:

«Այստեղ կարևոր է նաև այն, որ այն սանկցիաները, որոնք նախատեսված են, իսկ հիմնականում դա տուգանքն է, չէին կարող ազատազրկում նախատեսել, մարդկանց համար զսպող նշանակություն է ունենալու: Պրոբլեմն այն է, որ թե ժողովրդավարական, թե ավտորիտար հասարակությունները վերաբերմունք ունեն պետության ղեկավարների հասցեին հնչեցվող բացասական խոսքի նկատմամբ»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Իրապաշտպանի խոսքով՝ քաղաքական իշխանության ընտրած տարբերակում վերցված են այս երկու մոդելների վատագույն հատկանիշները:

«Օրինակ, ժողովրդավարության դեպքում ասում են՝ թող  խոսեն: Դու էնպես քեզ պահիր, օրինակ, հողերը մի հանձնիր, 5000 հոգու գլուխ մի կեր, որ հայհոյանքների չարժանանաս: Ավտորիտարի դեպքում ֆորմալ կամ ոչ ֆորմալ միևնույն է, չէին ասում: Թող մեկը փորձեր Սադամ Հուսեյնին բան ասել: Սա խայտառակ օրենք է, որը իշխող ուժին որևէ տեսանկյունից օգուտ չի տալու»,- ասաց նա:

Հարցին՝ չի՞ վախենում, երբ իր՝ վիրավորանք ենթադրող գրառումները ոչ թե այլաբանորեն է ներկայացնում, այլ կոնկրետ անուններով, Ռուբեն Մելիքյանը պատասխանեց՝ ոչ, չի վախենում:

«Ինչպես ասում են, բարի գալուստ, թող գան: Ես երբ ինչ-որ բան անում եմ, գիտեմ՝ ինչ եմ անում, ու նախապես հաշվարկում եմ: Թող հարուցեն, թող իրականացնեն քրեական հետապնդում: Այս խայտառակ օրենքը պետք է դադարի գործել: Եվ եթե այդ գործընթացն իմ նկատմամբ սկսվի, ինչին ես խիստ կասկածում եմ, դա կնպաստի, որ օր առաջ այս օրենքը դադարի գործել»,- ասաց Ռուբեն Մելիքյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս