«Դա նույնն է, որ հոսանքի դրական ու բացասական կողմերն իրար կպցնես». Արթուր Հովհաննիսյանը՝ ԵԽԽՎ բանաձևի և Փաշինյանի հրահանգների մասին

Արդարադատության նախկին փոխնախարար, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի գործընկեր-փաստաբան Արթուր Հովհաննիսյանն օրեր առաջ իր ֆեյսբուքյան էջում հրապարակել էր ԵԽԽՎ նոր բանաձևը կորոնավիրուսային պատվաստանյութերի էթիկական, իրավական և գործնական նկատառումների մասին:

ԵԽԽՎ բանաձև 2361 (2021): Ըստ այդմ՝

«Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր. Էթիկական, իրավական և գործնական նկատառումներ:

Այսպիսով՝ Վեհաժողովը կոչ է անում անդամ-երկրներին և Եվրոպական միությանը՝

7.3 հաշվի առնելով պատվաստվողների մեծ քանակ ապահովելու հանգամանքը՝

7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ պատվաստումը պարտադիր չէ, և, որ ոչ ոք չի ենթարկվում պատվաստանյութ ստանալու՝ քաղաքական, սոցիալական կամ այլ ճնշումների, եթե դա չի ցանկանում անել.

7.3.2 ապահովել, որ ոչ ոք խտրական վերաբերմունքի չարժանանա՝ առողջության հնարավոր ռիսկերի կամ պատվաստում չցանկանալու նկատառումներից ելնելով չպատվաստված լինելու պատճառով»,- ասված է ԵԽԽՎ բանաձևում:

168.am-ը արդարադատության նախկին փոխնախարարին խնդրեց մեկնաբանել ԵԽԽՎ բանաձևը: Վերջինս նախ ասաց, որ այն այս տարվա հունվարի 27-ին է հրապարակվել, և տարօրինակ է, որ մինչև այժմ ուշադրության կարծես թե չի արժանացել:

«ԵԽԽՎ բանաձևը խորհրդատվական բնույթի փաստաթուղթ է, որը երկրներին կոչ է անում միացյալ ուժերով պայքարել պանդեմիայի դեմ, ապահովել պատվաստումների գործընթացի կատարումը, ձեռնարկել անվտանգության միջոցառումներ՝ նույն դիմակներ կրելու և հիգիենային հետևելու տեսքով, աշխատանք տանել հասարակության անդամների հետ՝ պատվաստումների կարևորությունն ընկալելի դարձնելու նպատակով, բայց… Շատ կարևոր է, որ ԵԽԽՎ-ն այդ ամենի համատեքստում ասում է, որ հարկադրանքը պատվաստումների գործընթացում արգելված է»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ կրկին հիշեցնելով, որ ԵԽԽՎ-ն հստակ ասում է, անկախ պատճառներից, եթե մարդը չի պատվաստվել, նա որևէ կերպ չի կարող արժանանալ խտրական վերաբերմունքի:

Ըստ նրա՝ բացի նրանից, որ մեր Սահմանադրությունն է արգելում մարդուն ենթարկել բժշկական փորձերի, դրա վերաբերյալ կան նաև կոնվենցիաներ:

«Իսկ այն պատվաստանյութերը, որոնք առկա են, համապատասխան ժամանակ չեն անցել: Օրինակ՝ Սպուտնիկ-V-ի կիրառման հրահանգում, որն այս պահին ձեռքիս տակ է, ասում է, որ այդ փաստաթուղթը կազմվել է կլինիկական սահմանափակ տվյալների հիման վրա, հակամարմինների պաշտպանական տիտրը ներկա պահին անհայտ է, պատվաստանյութի պաշտպանողականության տևողությունն անհայտ է, էպիդեմիոլոգիական արդյունավետության կլինիկական հետազոտություններ չի անցել, անցանկալի երևույթների առավել ճշգրիտ վերհանումը հնարավոր չի դառնում՝ հետազոտվողների սահմանափակ քանակի պատճառով, այլ դեղամիջոցների հետ փոխազդեցությունը չի ուսումնասիրվել, ինչպես նաև չի ուսումնասիրվել այն, թե այդ պատվաստանյութով պատվաստվելուց հետո մարդը կարո՞ղ է արդյոք տրանսպորտային միջոցներ և պոտենցիալ վտանգավոր մեխանիզմներ կառավարել»,- ռուսական պատվաստանյութի ինստրուկցիայից հատվածներ մեջբերեց Արթուր Հովհաննիսյանը:

Վերջինս նկատում է՝ կա նաև մեկ այլ փաստաթուղթ, ըստ որի՝ պատվաստանյութի կլինիկական փորձարկման ավարտը 2023թ. վերջում է:

«Փորձարկման շրջանում պատվաստվել պարտադրելը ոչ այլ ինչ է, քան անձին իր կամքին հակառակ բժշկական փորձերի ենթարկելը»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը՝ նշելով, որ հենց սա նկատի ունի նաև ԵԽԽՎ բանաձևը:

Հիշեցնենք՝ երեկ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հրահանգել էր՝ ինչ գնով էլ լինի, բարձրացնել պատվաստվողների թվերը, սպառնացել անգամ՝ ասելով, որ պետական ապարատում չպետք է լինի մարդ, ով պատվաստված չի լինի:

«Կա հստակ պետության պարտավորություն: Վարչական լծակները գործադրեք: Պետք է պատվաստումը գնա առաջ, և կներեք, ես Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին: Պետությունն ունի բոլոր լծակները, ընդունել է անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ ընդունել օրենքներ և գնալ, իրականացնել պատվաստման գործընթացը»,- ասել էր նա:

Հարցին՝ համատեղելի՞ են արդյոք այս բանաձևն ու Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, արդարադատության նախկին փոխնախարարն ասաց՝ բացարձակապես:

«Դա նույնն է, որ հոսանքի դրական ու բացասական կողմերն իրար կպցնես: Կայծ կտա»,- ասաց Արթուր Հովհաննիսյանը:

Վերջինս նշում է՝ իրենք էլ չեն թաքցնում, որ առողջապահության նախարարի հրամանը, որն արդեն ուժի մեջ է, ձևակերպվել է այնպես, որ մարդիկ ուղղակի ճարահատված ընտրեն ոչ թե թեստավորման միջոցը, այլ պատվաստվեն:

Արթուր Հովհաննիսյանի կարծիքով՝ հանրային ծառայողներն ուղղակիորեն ենթարկվում են խտրական վերաբերմունքի:

«Նիկոլ Փաշինյանի երեկվա ելույթի տեքստը, ըստ իս, զգուշորեն պատրաստված էր: Հռետորաբանությունն այնպիսին էր, որ հետո հղում տան իր ասած վարչական լծակներին, ինչը բխում է օրենքից: Այն տեքստը, որը երեկ կառավարության նիստում ասաց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը, կարծում եմ, քննարկված էր իրավաբանների հետ»,- եզրափակեց Արթուր Հովհաննիսյանը:

Տեսանյութեր

Լրահոս