«Գլխավոր դատախազը թող ուշադիր լինի Փաշինյանի հայտարարությունների նկատմամբ». Արամ Վարդևանյան

Մեր երկրում արդեն օրինաչափություն է, որ կառավարության որևէ նիստ առանց Նիկոլ Փաշինյանի արտառոց ձևակերպումների, էքսցենտրիկ արտահայտությունների, «հաթաթաների» և վարքագծի այլևայլ օրիգինալ դրսևորումների չպիտի անցնի: Երեկ այդ առումով ևս բացառություն չէր:

Հիմա հասկանանք՝ ինչի համար էր բեմադրված այդ թատրոնը: Ո՞րն էր բուն նպատակը:

Որպես սկիզբ՝ պարզապես հիշեցնենք, որ որևէ հարց մինչև կառավարության նիստի օրակարգ հասնելը նախ քննարկվում է համապատասխան կոմիտեի նիստում, «OK»՝  դրական եզրակացություն է ստանում համապատասխան նախարարությունների կողմից: Մնացածը շոու է:

Քննարկվում էր ՀՀ պետական բյուջեի օրենքում վերաբաշխում կատարելու և Առողջապահության նախարարությանը գումար հատկացնելու հարցը: Առաջարկվում էր նախարարությանը հատկացնել լրացուցիչ մոտ 2,4 միլիարդ գումար:

Այդ հարցի քննարկումը, սակայն, սահուն կերպով վերածվեց պատվաստումային պարտադրանքի մասին նախ՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի, ապա՝ Նիկոլ Փաշինյանի բենեֆիսի:

Անահիտ Ավանեսյանն իր տեքստի ընթերցանությունը սկսեց նրանից, որ կան անձինք, ովքեր չարամտորեն վնասարարությամբ են զբաղվում, ովքեր հանրության մոտ պատվաստումների նկատմամբ անհիմն վախեր են ներշնչում՝ դրանով իսկ թույլ չտալով կանխել կորոնավիրուսային հիվանդությամբ հիվանդացության ծանր ու ծայրահեղ ծանր ընթացքները:

«Ինչի՞ դեմ են պայքարում այս անձինք և ի՞նչ շահեր ունեն հետապնդելու, որպեսզի Հայաստանում հնարավորինս դանդաղի պատվաստումային գործընթացը»,- ասաց նախարարը: Այստեղ նրան ընդհատեց Փաշինյանն ու ասաց՝ ինչ շահեր ունեն Անահիտ Ավանեսյանի նշած մարդիկ:

Ըստ նրա՝ այդ մարդկանց պետք է, որ հնարավորինս շատ մարդ մահանա, որպեսզի ասեն, որ կառավարությունը չի կարողանում կորոնավիրուսի դեմ պայքարել:

Անշուշտ, դժվար է խոստովանել, որ քաղաքացիները չեն վստահում գործող իշխանություններին և կորոնավիրուսի դեմ նրանց ձեռնարկած որևէ նախաձեռնության: Եվ, անշուշտ, ֆանտաստիկ մտքի թռիչք պետք էր ունենալ նման եզրահանգման գալու համար, բայց Փաշինյանի հետագա ելույթն ամեն բան իր տեղը դրեց, բացատրեց նաև այդ նախադասության տրամաբանությունը:

«Կա հստակ պետության պարտավորություն: Վարչական լծակները գործադրեք: Պետք է պատվաստումը գնա առաջ, և կներեք, ես Առողջապահության նախարարությունից չեմ ուզում լսել բողոք, որ խանգարում են պատվաստման գործընթացներին: Պետությունն ունի բոլոր լծակները, ընդունել է անհրաժեշտ իրավական ակտեր, եթե անհրաժեշտ է՝ ընդունել օրենքներ և գնալ, իրականացնել պատվաստման գործընթացը»,- իր հետագա նպատակի նախերգանքն այսպես ձևակերպեց նա:

Հաջորդիվ Նիկոլ Փաշինյանն ասաց, թե ինքը տեղեկացվել է՝ շարժում է ձևավորվում Հայաստանում, ովքեր ասում են՝ ինչի՞ պետք է հարկատուների հաշվին բուժվեն կորոնավիրուսով հիվանդները. «Ասում են՝ վճարովի դարձրեք կորոնավիրուսից բուժումը: Ինչի՞ պետք է մենք վճարենք հարկեր, որ մարդիկ չպատվաստվեն ու մեր հաշվին բուժվեն… Եվ ես կանխատեսում եմ, որ այդ մարդկանց ձայնն ավելի ու ավելի բարձր է լսվելու»,- ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը շեշտեց՝ 3 ամիս առաջ է ընտրություն տեղի ունեցել, և կառավարությունը մանդատ է ստացել քաղաքացիներից՝ իր ծրագրերն իրականացնելու:

«Ես ձեր առաջ խնդիր եմ դրել: Ինձ մի ասեք՝ ով է խանգարում, ով չի խանգարում: Գնացեք, լուծեք… Ոչ մեկը չի կարող մեզ խանգարել գործել…Վատ է, շատ վատ է պատվաստման թվերը: Եվ ուրիշ մեկից չբողոքեք: Պետական կառավարման համակարգում մարդ չպիտի լինի, որ պատվաստված չլինի: Անձամբ բոլոր առաջին դեմքերը պատասխանատվություն են կրելու դրա համար»,- սպառնաց Նիկոլ Փաշինյանը, ապա նշեց, որ իր ընտանիքի բոլոր անդամները պատվաստված են, ընդ որում, տարբեր պատվաստանյութերով, որ չստացվի, որ կա մի պատվաստանյութ, որով էլիտար շրջանակներն են պատվաստվում, իսկ մնացածը մնում է հասարակ ժողովրդին՝ սրանով հընթացս իրեն ու իր ընտանիքի անդամներին դասելով էլիտար շրջանակի պատկանող անձանց թվին:

Վերջում Նիկոլ Փաշինյանը հանկարծ հիշեց, որ ասելիք ունի նաև ԱԱԾ-ին և ոստիկանությանը՝ նրանց հրահանգելով ձերբակալել ու կալանավորել կեղծ պատվաստումների պատասխանատուներին:

168.am-ի հետ զրույցում ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) «Հայաստան» խմբակցության իրավաբան պատգամավոր Արամ Վարդևանյանն ասաց՝ այն, որ կառավարության մի շարք պաշտոնյաների, այդ թվում՝ վարչապետի աթոռը զբաղեցնող անձի կողմից շատ հաճախ հնչում են արտահայտություններ, որոնք մերկապարանոց ու անհասցե են, բայց մանիպուլյատիվ, նորություն չէ:

«Բազմաթիվ են դեպքերը, երբ նման արտահայտություններ արվել են ու հետո հերքվել, բայց, ցավոք, հանրային տրամադրությունները միշտ առաջնային աղբյուրն են որպես տպավորիչ ընդունում»,- ասաց պատգամավորը՝ անդրադառնալով նրան, թե ըստ Նիկոլ Փաշինյանի՝ ինչ շահ ունեն հակապատվաստումային տեսակետներ հայտնող անձինք:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի՝ այսօր արված այլ հայտարարություններին, Արամ Վարդևանյանն ասաց, որ իրենց խմբակցության, այդ թվում՝ իր սուբյեկտիվ դիրքորոշումն այն է, որ պատվաստումը երբեք չի կարող լինել հարկադրանքի միջոց, և դա պետք է լինի յուրաքանչյուր անձի գիտակցված որոշումը:

«Պատվաստումն ինքնին կորոնավիրուսի դեմ պայքարի կարևոր միջոցներից է: Ես ինքս այդ տեսանկյունից կողմ եմ պատվաստվելուն, բայց մյուս կողմից՝ պատվաստանյութերը բոլոր այն ծավալով, որ հասանելի են միջազգային փորձում, պետք է հասանելի լինեն Հայաստանում»,- ասաց պատգամավորը՝ որպես օրինակ բերելով «Մոդերնա» պատվաստանյութը, որը միայն օրեր առաջ է մտել Հայաստան, իսկ աշխարհում լայնորեն կիրառվող ու միջազգայնորեն ամենաբարձր գնահատվող «Պֆայզերն» այս պահին առհասարակ հասանելի չէ հայաստանյան շահառուի համար:

«Ի դեպ, իմ ունեցած տեղեկություններով, «Պֆայզերը» հասանելի չէ, որովհետև Հայաստանում մինչ օրս այդ պատվաստանյութի պահպանման համար անհրաժեշտ սառնարանային համակարգը չկա: Այսինքն՝ մենք կես տարի խոսում ենք, որ կան պատվաստանյութեր, ու պետք է պատվաստվել, բայց նույնիսկ նվազագույն տեխնիկական խնդիրը չի լուծվում՝ ունենալու համար ամենալավ պատվաստանյութը: Սա հերթական անգամ խոսում է խայտառակ ցածր մակարդակի կառավարման մասին»,- ասաց Արամ Վարդևանյանը:

Վերջինս հարց է տալիս՝ արդյո՞ք մենք ունենք ճիշտ կոմունիկացիոն ռազմավարություն հասարակության հետ:

«Առողջապահության նախարարությունը ոչ թե հարկադրանքի լեզվով պետք է խոսի հայ ժողովրդի հետ, այլ ճիշտ պարզաբանելու, պատվաստանյութերի առավելություններն ու թերություններն անկեղծորեն ներկայացնելու, ինչպես արվում է եվրոպական երկրներում»,- ասաց պատգամավորը:

Արամ Վարդևանյանը պնդում է՝ եթե խոսքը գնում է իրավական գործընթացի մասին, այն պետք է համապատասխանի նաև իրավական նվազագույն պահանջներին:

«Չի կարող նախարարի հրամանը պարտականություն սահմանող լինել, այն չի կարող հարյուր-հազարավոր աշխատողների համար անհամաչափ պարտավորություն սահմանող լինել: Կառավարությունը պետք է այս ծախսերն իր վրա վերցներ, և հենց այս խնդիրներն են մեր կողմից տարվել Սահմանադրական դատարան»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե պետական ապարատում չպատվաստված մարդ չպետք է լինի, և ժողովուրդը մեզ մանդատ է տվել մեր նպատակներն իրականացնելու համար, Արամ Վարդևանյանն ասաց, որ ինքն այնպես գիտի, որ ՀՀ-ում ինչ-որ քաղաքական մանդատ տալը կրկին սահմանափակված է իրավական պրոցեսներով:

«Չի կարող լինել ամենաթողության, իրավունքի գերակայության անտեսման  մանդատ: Ի դեպ, մի անգամ հենց նույն Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում ասել էր՝ ցավոք սրտի, Հայաստանում կան օրենքներ: Նրա հայտարարությունները որևէ իրավական հիմք չեն կարող ունենալ: Եթե մի հանրային ծառայողի աշխատանքից ազատեն այդ հիմքով, նա Վարչական դատարանում կկարողանա ոչ միայն վերականգնել իր աշխատանքը, այլև հարկադիր պարապուրդի համար ստանալ փոխհատուցում»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ հիշեցնելով, որ պարտավորությունները սահմանվում են օրենքներով, այլ ոչ նախարարի հրամաններով կամ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի հայտարարություններով:

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի հիշատակած շարժմանը, թե մարդիկ կարող են բողոքել պետպատվերով կորոնավիրուսի բուժման դեմ, և արդյո՞ք նա մտավախություն չունի, որ սա կարող է լինել այդ բուժումն իսկապես վճարովի դարձնելու «հայտը», Արամ Վարդևանյանն ասաց, որ դժվարանում է կանխատեսում անել, բայց այս կառավարությունից ամեն ինչ սպասելի է:

«Դա լիազորություննների չարաշահում է, և հատկապես կառավարության նիստին ներկա գլխավոր դատախազը թող ուշադիր լինի Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների նկատմամբ»,- եզրափակեց ԱԺ պատգամավորը:

Վերադառնալով կառավարության նշյալ նիստին, միաձայն որոշվեց Առողջապահության նախարարությանը հատկացնել լրացուցիչ մոտ 2,4 միլիարդ գումար: Մնում է հասկանալ՝ ե՞րբ այս կառավարությունը կներկայացնի հաշվետվություն, թե ինչպես են ծախսվել կորոնավիրուսի դեմ պայքարի նպատակով միջազգային կառույցներից և պետբյուջեից ստացված միլիարդավոր գումարները: Այս հարցն ամենաակտուալ հարցերից մեկն է, որին մոտ երկու տարի պատասխանել խուսափում են Փաշինյանը և նրա կառավարության անդամները:

Հիշեցնենք նաև Փաշինյանի և Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի և նրանց այլ թիմակիցների բազմաթիվ ցինիկ հայտարարությունները կորոնավիրուսի և դրա բուժման ուղիների մասին:

Հետո էլ զարմանում են՝ ինչո՞ւ քաղաքացիները չեն վստահում իրենց նախաձեռնություններին:

Տեսանյութեր

Լրահոս