«Իրանն ունի հստակ տվյալներ, որ Հայաստանը պատրաստվում է միջանցք տրամադրել, ոչ թե ճանապարհ». Գառնիկ Դավթյան
Ադրբեջանի հարցերով փորձագետ Գառնիկ Դավթյանի կարծիքով՝ որևէ երաշխիք չկա, որ ականապատ տարածքների քարտեզները Ադրբեջանին տրամադրելու դեպքում գերիները կվերադարձվեն:
«Մինչ այս Ադրբեջանին տրված քարտեզների վերաբերյալ այնտեղից պաշտոնական մակարդակով հայտարարվել էր, որ դրանք 25 տոկոսով են համապատասխանում տեղանքին: Ի՞նչ իմանանք, որ նույն տրամաբանությամբ, երբ քարտեզները տրվեն ադրբեջանական կողմին, Ադրբեջանը պայման չի դնի՝ եկեք ստուգենք՝ տարածքները համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ, հետո նոր գերիներին կտանք: Հետո կասի՝ չի համապատասխանում, գերիներին չենք տալիս: Երկրորդ՝ հաշվի առնելով այն քարոզչությունը, որ Ադրբեջանը տանում է ամիսներ շարունակ, մասնավորապես՝ նշելով, որ գերիներ չեն, այլ ահաբեկիչներ, ես չեմ կարծում, որ այս ամբողջն Ալիևը կդնի մի կողմ, և ինչ է թե Նիկոլ Փաշինյանի կողմից եղել է նման առաջարկ, կգնա զիջումների: Հատկապես այն, որ գերիների հարցը շատ է շահարկվում դիվանագիտական և քաղաքական ոլորտներում՝ Հայաստանին պարտադրելու, որպեսզի վերջինս զիջումների գնա»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Գառնիկ Դավթյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որ պատրաստ է հանդիպել Ալիևին, առաջին հերթին, վախեցած և պարտված ղեկավարի հայտարարություններ են.
«Մինչ այս եղել են բազում ծաղրանքներ թե՛ պաշտոնական մակարդակով, թե՛ քարոզչական դաշտում, ՀՀ ղեկավարին չեն ընդունել որպես ղեկավար, այլ համարել են պարտված և ծնկաչոք խաղաղություն մուրող: Հետևաբար, եթե այս ամբողջ վիրավորանքները կուլ ես տալիս և փորձում ես ավելի վատ պայմաններով հանդիպել Ալիևին, սա արդեն մեզ համար վտանգավոր է:
Ալիևն իր հանդիպման նպատակն է դրել «Զանգեզուրի միջանցք»-ի մասով բանակցություններ, «խաղաղության պայմանագրի» շուրջ կոնկրետ կետերի մասով որևէ համաձայնության գալ: Այս համատեքստում, Իրանի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարությունների և զորավարժությունների հիմքում այն է, որ առաջին՝ Իրանը ունի տվյալներ, որ Հայաստանը պատրաստվում է միջանցք տրամադրել, ոչ թե ճանապարհ: Երկրորդ՝ Իրանը փորձում է դեռևս ռազմականի չտանելով՝ միջանցքի մասով ունենալ ներգրավվածություն: Այսինքն՝ ինքը ունենա տարածաշրջանում վերահսկողություն և թույլ չտա, որ իր կենսական շահը հանդիսացող ճանապարհը, որով բեռներ են տեղափոխվում Վրաստան և Ռուսաստան, փակվի»:
Դիտարկմանը՝ Հայաստանի իշխանությունները նախ ասում էին, որ միջանցքի հարց չի քննարկվում, այլ ճանապարհ է տրվելու, իսկ վերջերս ԱԽ քարտուղարն ասաց, որ երբ ասվում է՝ «միջանցքներ», իրենք հասկանում են մի քանի ճանապարհներ, նա այսպես արձագանքեց. «Դրա համար ես կարծում եմ, որ Իրանի ռազմական ակտիվությունը բխում է դրանից. իրենք ունեն հստակ տեղեկություններ, որ ավելի շատ խոսքը միջանցք տրամադրելու, քան ճանապարհների մասին է, դրա համար ռազմական և քաղաքական ակտիվություն են ցուցաբերում: Այսինքն՝ Իրանը ունի տեղեկություն, որ ՀՀ ղեկավարությունը մի կողմ է դրել ՀՀ արտաքին և պետական շահը, առաջնորդվում է թուրքական շահով և փորձում է ինչ-որ բան զիջել՝ ինչ-որ բանի դիմաց, մասնավորապես՝ իշխանությունը պահելու համար»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում