«Ձեռքով մակագրությունը ստեղծվել է կոնկրետ քաղաքական բնույթ կրող քրեական գործերի բաշխման համար». Րաֆֆի Ասլանյան

«Իհարկե, պետական ծառայությունից ազատվելու պատճառներն առավելապես անձնական բնույթի էին, սակայն ինձ համար, այնուամենայնիվ, ընդունելի չէր նաև իրավապահ մարմինների և առհասարակ պետական ծառայության հեղինակության անկումը: Իմ կարծիքով, աստիճանական անկում էր նկատվում, և դա այսօր էլ շարունակվում է»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց փաստաբան, Շիրակ մարզի, Երևան քաղաքի նախկին դատախազ Րաֆֆի Ասլանյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչո՞ւ հրաժարվեց դատախազական աշխատանքից ու պետական ծառայությունից առհասարակ:

Հարցին՝ բարդ չէ՞ր արդյոք Շիրակի մարզում պաշտոնավարելը, հատկապես, եթե հաշվի առնենք, որ այդ ժամանակահատվածում տեղի ունեցավ Ավետիսյանների ընտանիքի սպանության ողբերգական դեպքը, ինչին հաջորդեցին ցնցումներ մարզում, և ինչպես  նրան հաջողվեց երկխոսության հասնել գյումրեցիների հետ, Րաֆֆի Ասլանյանը նախ ասաց, որ ցանկացած պետական ծառայողի համար մեծ պատիվ է Շիրակի մարզում աշխատելը, որովհետև մարզի բնակիչները և, մասնավորապես, գյումրեցիները խորը պատկառանք ունեն պետական ծառայության նկատմամբ առհասարակ:

«Ինքս փորձել էի այդ հարցի վերաբերյալ իմ ունեցած դիրքորոշումն ըստ պատշաճի փոխանցել հասարակության անդամներին: Իհարկե, վերջիններս նաև շատ լավ հասկանում էին, որ նշված միջոցառումներում կան և սեփական շահերը հետապնդող անձինք, և կան իսկապես Ավետիսյանների ընտանիքով մտահոգները: Վստահ եմ՝ այն անձանցից, ովքեր ցույցերը կազմակերպում էին, որևէ մեկը նույնիսկ չի էլ հետաքրքրվել, թե Ավետիսյանների ընտանիքի անդամներն ինչ պայմաններում են գտնվում: Սա, կարծում եմ,  ուներ նաև որոշակի նպատակ, և որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ արդեն 2018թ. իշխանափոխությունից հետո, երբ ռուս զինվորականը փողոցում սպանեց գյումրեցի մաքրուհի կնոջը, նույն ուժերի կողմից որևէ արձագանք չեղավ: Այդ ժամանակ դա արդեն իրենց ձեռնտու չէր»,- ասաց Շիրակի մարզի նախկին դատախազը՝ չթերագնահատելով այդ ցույցերի ժամանակ իրական սրտացավ հասարակության դերը, որոնց մտահոգությունը որոշ անձինք օգտագործում էին՝ ելնելով անձնական շահերից:

Ըստ նրա՝ սա իր համար ի սկզբանե գաղտնիք չէր, և ինքը դա այն ժամանակ բացատրել է ցույցերի ժամանակ ակտիվություն դրսևորող անձանց, և իրենք հասկացան, թե խնդիրն ինչում է կայանում:

Խոսելով մինչդատական վարույթի օրինականության նկատմամբ դատախազական վերահսկողության մասին՝ Րաֆֆի Ասլանյանն ասաց, որ դրա մակարդակը, իհարկե, չի բավարարում:

«Խնդիրները ես նկատում էի նաև դատախազության ներսից, բայց դրանք առավել տեսանելի դարձան, երբ արդեն հայտնվեցի դատավարության մյուս կողմում՝ որպես փաստաբան:

Օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով մենք այսօր ունենք, չասեմ՝ անկարող, բայց ըստ էության իր պարտականությունները ոչ պատշաճ կատարող դատախազական և նախաքննական մարմիններ»,- ասաց նա՝ նկատելով, որ նյութական, սոցիալական երաշխիքների բացակայությունը, ինչպես նաև ոչ բարենպաստ աշխատանքային միջավայրն ու մթնոլորտը, իշխանափոխությամբ պայմանավորված նոր աշխատանքային հարաբերությունները հանգեցրել են նրան, որ իրավապահ մարմիններից տեղի է ունենում պրոֆեսիոնալ կադրերի արտահոսք:

Փաստաբանի խոսքով՝ կադրերի արտահոսք միշտ է եղել, սակայն վերջին 3 տարիներին դրա տեմպերն ահագնացող են, և այսօր  ՀՀ իրավական անվտանգությանն իսկապես վտանգ է սպառնում այն առումով, որ կա իրավապահ մարմիններից պրոֆեսիոնալ կադրերի արտահոսք, և միևնույն ժամանակ՝ երիտասարդ իրավաբանների համար պետական ծառայությունը գայթակղիչ չէ:

«Ինձ համար արդեն նկատելի է դարձել, որ դատախազների գերակշիռ մեծամասնությունը քրեական գործ չի կարդում: Սա լուրջ խնդիր է: Եթե դատախազը քրեական գործ չկարդաց, քրեական գործ չուսումնասիրեց և դրա հետ մեկտեղ՝ նաև չունեցավ բավարար պոտենցիալ՝ արձագանքելու քրեական գործում առկա դատավարական թերություններին, կոպիտ խախտումներին, արդյունքում դատավորն է այդ թերությունները շտկում, և սա, ցավոք սրտի, վայնասուն է բարձրացնում: Հատկապես քաղաքական ենթատեքստերով քրեական գործերով աղմուկ օրվա գործող իշխանությունն է բարձրացնում»,- ասաց նա։

Րաֆֆի Ասլանյանը նկատեց, որ Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծմամբ՝ իրավապահ մարմինների սոցիալական բևեռացվածությունն առավել նկատելի է դառնալու, քանի որ այդ նորաստեղծ մարմնի քննիչները մյուսների համեմատ ստանալու են ոչնչով չարդարացված, մի քանի անգամ բարձր աշխատավարձ:  Փաստաբանը նկատեց, որ մտահոգիչ վիճակ է նաև ոստիկանության օպերատիվ ծառայություններում:

Խոսելով դատավորների նկատմամբ արդարադատության նախարարի կողմից հարուցված կարգապահական վարույթներից, Րաֆֆի Ասլանյանը նշեց՝ դրանք գերակշիռ մեծամասնությամբ ունեն քաղաքական ենթատեքստ:

«Որպես կանոն՝ կարգապահական պատասխանատվության տիրույթ են բերվում այն դատավորները, ովքեր մինչ այդ կամ այդ վարույթի շրջանակներում քննարկված հանգամանքներով օրվա իշխանության համար հաճելի որոշումներ չեն կայացրել: Առնվազն պետք է անմեղսունակ լինել այս ամենը չհասկանալու համար»,- ասաց նա: Ինչ վերաբերում է քրեական գործերը ձեռքով մակագրելու վերջին ժամանակների պրակտիկային, Րաֆֆի Ասլանյանը պնդում է՝ դա օրենքի կոպտագույն խախտում է, ու դրա վերաբերյալ կան ՄԻԵԴ նախադեպային վճիռներ:

«Ձեռքով մակագրությունը ստեղծվել է կոնկրետ քաղաքական բնույթ կրող քրեական գործերի բաշխման համար»,- ասաց փաստաբանը:

Անդրադարձ կատարվեց նաև Սյունիքի կալանավորված համայնքապետերի խնդրին, հատկապես որ,  Րաֆֆի Ասլանյանը նախ պաշտպանում էր Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի դեմ ցուցմունք տված միակ անձի՝ Քարահունջի գյուղապետ Լուսինե Ավետյանի շահերը, ապա դադարեցրեց համագործակցությունը նրա հետ:

«Սյունիքի համայնքապետերի հետ կատարվածը յուրահատուկ վրեժ է օրվա իշխանության կողմից իր նկատմամբ նախկինում դրսևորած վերաբերմունքի: Առուշ Առուշանյանի գործին ծանոթ եմ այն ծավալով, որ նախկինում եղել եմ նրա դեմ ցուցմունք տված Լուսինե Ավետյանի պաշտպանը: Այս քրեական գործով իրականացվել է ապօրինի նախաքննություն՝ օրենքով չնախատեսված ամենաբիրտ միջոցների կիրառմամբ: Զուտ փաստաբանական էթիկայից ելնելով՝ չեմ ուզենա հրապարակել որոշակի հանգամանքներ: Ինքս այդ վարույթով համագործակցությունը վստահորդիս հետ դադարեցրել եմ: Առհասարակ հակված եմ իրավական պայքարի, այլ ոչ թե վարույթն իրականացնող մարմնի ցանկությամբ և թելադրանքով՝ ցուցմունքներ տալուն: Սա, ես կարծում եմ, այդ քրեական գործով օբյեկտիվ և բազմակողմանի դատաքննության ժամանակ ի հայտ կգա ամեն բան, և հասարակության համար այս ամենը իսկապես տեսանելի կլինի»,- ասաց Րաֆֆի Ասլանյանը:

Ճշտող հարցին՝ պատվիրված ցուցմունքների համա՞ր է ինքը դադարեցրել իր համագործակցությունը Քարահունջի համայնքապետի հետ, Րաֆֆի Ասլանյանը պատասխանեց՝ չէր ցանկանա բարձրաձայնել կոնկրետ դադարեցման հանգամանքները:

«Կարծում եմ՝ դրանից հետո տեղի ունեցած գործի նախաքննության արդյունքներն ու տվյալները յուրաքանչյուր անկողմնակալ դիտորդի մոտ օբյեկտիվ հետևությունների հանգելու հնարավորություն են տալիս»,- եզրափակեց Րաֆֆի Ասլանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս