«Ես ոչ թե մտավախություն ունեմ, այլ տեսնում եմ հստակ քայլեր». Սահմանադրական իրավունքի մասնագետը՝ ՀՀ սահմանադրությունը փոխելու՝ Ալիևի հայտարարության մասին
Թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անդրադարձել էր նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ հայտարարելով, որ դրա համար լավագույն միջոցը 3+3 ձևաչափն է, որն առաջարկել էր Թուրքիայի նախագահ Էրդողանը, սակայն դրան չեն արձագանքել Հայաստանն ու Իրանը:
Եվ հենց նույն հարցազրույցում, ինչպես նաև դրանից առաջ մեկ այլ առիթով Ալիևը հայտարարել էր, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանի իշխանությունները պետք է փոփոխություններ կատարեն իրենց երկրի Սահմանադրությունում:
«Իհարկե, հեշտ կլինի վերլուծություններ անել, երբ Հայաստանի պաշտոնական հայտարարությունները համաձայնեցված լինեն իրական քաղաքականության հետ: Հայաստանի Սահմանադրության տեքստում հղումներ են արվում Թուրքիայի նկատմամբ տարածքային պահանջներին: Նրանք պետք է հրաժարվեն դրանից: Նրանք առաջին հերթին՝ պետք է մշակեն և ընդունեն նոր Սահմանադրություն: Ինչպե՞ս կարող է Հայաստանի նման թույլ և ամբողջովին քանդված երկիրը տարածքային պահանջներ ներկայացնել այնպիսի հզոր երկրի նկատմամբ, ինչպիսին Թուրքիան է: Դա նման է հոգեկան հիվանդության: Հետևաբար՝ նրանք պետք է հրաժարվեն դրանից»,- ասել էր Ալիևը։
168.am-ի հետ զրույցում սահմանադրական իրավունքի մասնագետ Վահե Գրիգորյանն անդրադառնալով Ալիևի այս հայտարարությանը՝ նախ նշեց, որ ՀՀ Սահմանադրության նախաբանում հիմք է ընդունվել ՀՀ անկախության մասին հռչակագիրը։
«Սահմանադրության նախաբանը Սահմանադրության անբաժանելի մասն է, և քանի որ հղում է կատարվում անկախության հռչակագրին, այնտեղ նշվում է, որ Հայաստանը տեր է կանգնում Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած Հայոց ցեղասպանության ճանաչմանը և դատապարտմանը։ Հենց այս կետն է վկայակոչում Ալիևը։ Երկրորդը կարող է լինել, երբ ՀՀ տարածքային խնդիրներին վերաբերող մասը՝ տարածքային ամբողջականությունը կարգավորող դրույթները, որոնք Ալիևի համար խնդրահարույց են։ Տարածքային ամբողջականության հարցերով մենք ունենք բավականին բարդ պրոցես, որը վերաբերում է ՀՀ տարածքային ամբողջականությանը, այսինքն՝ եթե Հայաստանից որևէ տարածք նախատեսվում է հանձնել այլ պետության, ապա այդ գործընթացը չափազանց երկար է՝ անցնում է Ազգային ժողովով, Սահմանադրական դատարանով, հանրաքվեով։ Այս պայմաններում ակնհայտ է, որ միանշանակ չի լինի այն արդյունքը, որը ցանկանում է ստանալ թշնամին։ ՀՀ սահմանադրության 205-րդ հոդվածն է դա կարգավորում, որտեղ նշվում է, որ Հայաստանի տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեների միջոցով, և այդ հարցով պետք է զբաղվի կառավարությունը՝ հանրաքվե անցկացնելու մասին որոշում պետք է կայացնի»,- նշեց Վահե Գրիգորյանը։
Ըստ սահմանադրական իրավունքի մասնագետի, նման բարդ ընթացակարգերով պայմանավորված՝ ակնհայտ է, որ իրենք իրենց նպատականերին չեն հասնի: Ալիևն անհանգստացած է, կարծում է Վահե Գրիգորյանը, քանի որ թշնամու զորքերն արդեն մտել են ՀՀ անբաժանելի մաս կազմող սուվերեն տարածք, որպեսզի այնտեղ հաստատվեն, բայց մտավախություն ունեն, որ կարող է գալ հայրենասեր իշխանություն, որը կզբաղվի այդ տարածքներով։
«Ես ոչ թե մտավախություն ունեմ, այլ տեսնում եմ հստակ քայլեր։ 2018 թվականից հետո անընդհատ իրականացվում են Սահմանադրության փոփոխություններ, ստեղծում են սահմանադրական բարեփոխումների հանձնաժողով, որի գործունեությունը և անդամների մեծամասնությունը ոչ միայն ինձ վստահություն չեն ներշնչում, այլև համոզում են, որ՝ այո, թշնամու հերթական պահանջը կբավարարվի»,- հավելեց մեր զրուցակիցը։
Ինչ վերաբերում է այդ գործընթացներին հակազդող քայլերին, մասնավորապես՝ ընդդիմության կողմից, մեր զրուցակիցը նկատեց՝ իրավական տեսանկյունից կարող են դիմել Սահմանադրական դատարան, եթե խախտվի ԱԺ-ի կողմից Սահմանադրության նախագիծը ՍԴ ուղարկելու ընթացակարգը։
«Եթե սահմանադրությունը փոփոխելու մասին է խոսքը, ապա այդ դեպքում ԱԺ-ն նախագիծը պետք է դնի շրջանառության մեջ, այնուհետև առաջինից մինչև երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում այն պետք է ուղարկվի ՍԴ։ Սակայն, եթե այդ ընթացակարգը խախտվի, ինչին մենք ականատես ենք եղել 2020 թվականի փետրվարին ու հուլիսին, երբ երկու դեպքում էլ նախագծերը չքննարկվեցին ՍԴ-ում, որի պայմաններում ընդդիմությունն ունի իրավասություն դիմելու ՍԴ՝ այդ ամբողջ գործընթացի սահմանադրականության հարցը որոշելու համար։ Սրա կանխման մեխանիզմը բացառապես իրավականն է»,- եզրափակեց Վահե Գրիգորյանը։
Նշենք, որ ՀՀ Անկախության հռչակագրում, որը ՀՀ Սահմանադրության նախաբանի հիմքում է դրված, մասնավորապես գրված է՝ Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին:
Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը՝ արտահայտելով Հայաստանի ժողովրդի միասնական կամքը, գիտակցելով իր պատասխանատվությունը հայ ժողովրդի ճակատագրի առջև համայն հայության իղձերի իրականացման և պատմական արդարության վերականգնման գործում, ելնելով մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքներից և միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերից, կենսագործելով ազգերի ազատ ինքնորոշման իրավունքը, հիմնվելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի «Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին» Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհրդի համատեղ որոշման վրա, զարգացնելով 1918 թվականի մայիսի 28-ին ստեղծված անկախ Հայաստանի Հանրապետության ժողովրդավարական ավանդույթները, խնդիր դնելով ժողովրդավարական, իրավական հասարակարգի ստեղծումը: