Հայկական կողմը չպետք է հանգիստ նստի. Դավիթ Բաբայան
Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։ Նա ասել է, որ եթե ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները (Ֆրանսիա, ԱՄՆ և Ռուսաստան) հանդիպում կազմակերպեն Նիկոլ Փաշինյանի հետ, ապա ինքն առարկություն չի ունենա:
Հիշեցնենք, որ դեռևս նախորդ տարվա դեկտեմբերին, երբ Մինսկի խումբը մեկնել էր Բաքու, Ալիևը նրանց մեղադրել էր Արցախի հակամարտության կարգավորման գործընթացում որևէ դերակատարություն չունենալու մեջ։ Նա նաև հանդիպման ժամանակ շեշտել էր, որ համանախագահների այցը Բաքու իրենց սեփական նախաձեռնությունն է, և ինքը նրանց չի հրավիրել՝ հայտարարելով, թե Արցախի հիմնախնդիրն արդեն «լուծված է և անցել է պատմության գիրկը»։
Ի՞նչ է փոխվել Ալիևի դիրքորոշումներում, որ որոշել է Մինսկի խմբին «դասեր» տալու փոխարեն, նրանց հովանու ներքո հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը պատասխանելով այս հարցին, նշեց, որ Մինսկի խմբի համանախագահ երկրները նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամներ են, փաստորեն՝ ՄԱԿ-ի մշտական խորհրդի հինգ անդամներից երեքն են։
«Երբ այդ երկրների ղեկավարները, ներկայացուցիչները հայտարարում են, որ հիմնախնդիրը կարգավորված չէ, հասկանում են, որ բարդ գործընթաց է և պետք է ամեն ինչ անեն տարածաշրջանում խաղաղության, կայունության ամրապնդման համար, որն Ալիևը մերժում է, հասկանալի է, չէ՞, որ այդ մերժումը չի կարող երկար շարունակվել։ Հատկապես այն դեպքում, երբ Արցախի հիմնախնդիրը կարգավորված չէ, կան բազմաթիվ այլ խնդիրներ, և այդ երկրների ազգային շահերը թելադրում են, որպեսզի տարածաշրջանում լինի կանխատեսելի իրավիճակ և հավասարակշռվածություն։ Ինչպես մենք բազմիցս հայտարարել ենք՝ Մինսկի խումբն իրեն չի սպառել, համանախագահությունը՝ առավել ևս։ Աստիճանաբար այդ գործընթացները սկսվում են»,- նշեց Դավիթ Բաբայանը։
Միաժամանակ նա ընդգծեց, որ այս ամենով հանդերձ՝ հայկական կողմը չպետք է հանգիստ նստի, քանի որ, եթե Ալիևը համաձայնել է Մինսկի խմբի հովանու ներքո հանդիպել Նիկոլ Փաշինյանի հետ, սա դեռ չի նշանակում, որ նա պատրաստ է վերջնականապես կարգավորելու խնդիրը։
«Վերջնական կարգավորումն այն է, որը բոլորի համար պարզ է՝ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակով։ Հետևաբար՝ բանակցային գործընթացները պետք է վերսկսվեն, իսկ մենք գոտեպնդվենք ու պատրաստվենք քրտնաջան աշխատանքի։ Կան հարցեր, որոնք բանակցությունների օրակարգում են, օրինակ, Ադրբեջանում պահվող գերիների, պատանդների խնդիրները, սա մի հարց է, որը պետք է քննարկվի այնքան ժամանակ, քանի դեռ նրանք բոլորը չեն վերադարձել հայրենիք։ Կան այլ հարցեր ևս, հիմնախնդրի կարգավորման փիլիսոփայության հետ կապված, ընթացիկ որոշակի խնդիրներ։ Դրա համար ինքնին օրակարգային կարևորագույն հարցերը մնացել են օրակարգում։ Այս բոլոր հարցերը միշտ էլ բարձրաձայնելու ենք, խոսելու ենք դրանց մասին»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։