Ինքնահրկիզում, ԱԺ-ում գոռգոռոցներ ու թամաշա ուզողների մի մասը ուղղորդվում են իրենց ավելի լավ ընդդիմություն համարողների կողմից. Արթուր Խաչատրյան

Սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից մեկ տարի անց, Հայ հեղափոխական դաշնակցության Գործադիր մարմինը տարածեց հայտարարություն, որում, մասնավորապես, ասված էր.  «Հայոց պետականության լինելիությունն ապահովելու, Հայաստանի թուրքացումը կասեցնելու հրամայականը պահանջում է օր առաջ ազատվել մեզ պարտության տարած, մեր համազգային շահերին դավաճանած, ՀՀ ինքնիշխանությունը, ազգային անվտանգությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարած իշխանությունից, որն ունակ չեղավ երաշխավորելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումը։ Սիրելի՛ հայրենակիցներ, մեր քաղաքական օրակարգը նույնն է»։

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը, խոսելով իրենց կուսակցության տարածած հայտարարության մասին, ընդգծեց՝ փողոցային պայքարը շարունակում են դիտարկել՝ որպես  այս իշխանության հրաժարականի հասնելու տարբերակ, սակայն, ի տաբերություն մինչև ընտրություններն ունեցած իրենց օրակարգի, հիմա փողոցային պայքարը համալրելու են խորհրդարանի ընձեռած պայքարի գործիքակազմով։

«Ընտրություններից առաջ և հետո, չեմ կարող ասել, որ մեր քաղաքական օրակարգը փոխվել է, պնդում ենք՝ պատերազմը և պարտությունն այս իշխանության ոչ կոմպետենտության արդյունք էր, կան նաև այլ  գործոններ՝ առերևույթ պետական դավաճանության հետ կապված, ուստի մենք գտնում ենք, որ պետությունը նման կրախի առաջ կանգնեցրած իշխանությունը երկրի համար գոյութենական վտանգ է ներկայացնում և դրա հեռացման համար նկատի պետք է ունենանք խորհրդարանական և արտախորհրդարանական պայքարի բոլոր՝ օրենքով չարգելված, տարբերակները»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Հարցին՝ երբ կրկին դիտարկում են անցումը  փողոցային պայքարի տարբերակին, արդյո՞ք դրանով չեն փաստում, որ իրենց ասած անհարմար ընդդիմությունը չեն կարողանում լինել խորհրդարանում, Արթուր Խաչատրյանը պատասխանեց, որ իրենք շատ էլ անհարմար ընդդիմություն են, սակայն պայքարի փողոցային տարբերակները համատեղելու կողմնակից են նաև։

Հարցին՝ որքանո՞վ են անհարմար ընդդիմություն, և որքանո՞վ է հնարավոր լինում ազդել իշխանության կայացրած ոչ ժողովրդավար և ժողովրդի համար ոչ նպաստավոր որոշումների վրա, Արթուր Խաչատրյանը պատասխանեց՝ նման որոշումների կայացման դեպքում Սահմանադրական դատարան են դիմում՝ դրանց օրինականությունը վիճարկելու  համար, իշխանություններին ուղղում են անհարմար հարցեր ու հարցապնդումներ՝ դրանով հանդերձ՝ հասարակության համար ներկայանում՝ որպես այլընտրանք  այս իշխանությանը։

Ըստ Խաչատրյանի՝ բնական է, որ ընդդիմության այս գործելաոճից կարող են դժգոհ լինել հասարակության տարբեր շերտերը, որոնք,  կարող է, ջարդելու, փշրելու և, ինչո՞ւ ոչ,  նաև շոուներ ապահովելու կողմնակից են, սակայն իրենք այդ ճանապարհով չեն գնալու։

«Կա ձև և կա բովանդակություն, փողոցն ուներ պայքարի իր տրամաբանությունն ու ձևը, խորհրդարանը՝ իրենը, փողոցինը խորհրդարանի դահլիճից ներս չես կարող տեղափոխել։ Այնպես որ, եթե շոուներ են ուզում, դա այլ բան է, պետք է դիմեն  շոումենների, շոու ցանկացողների, ղժղժոցների  մասին խոսացողները ուղղորդվում են այն մարդկանց կողմից, որոնք կարծում են, որ կարող են լինել ավելի լավ ընդդիմություն։ Կան մարդիկ, որոնք ուզում են, որ ընդդիմությունը ձև ապահովի, գուցե ինքնահրկիզումն ավելի լավ թամաշա լինի, դիտարժան լինի Ազգային ժողովում ավելի շատ գոռգոռոցները, բայց խորհրդարանական ընդդիմությունը, որը ակնկալում է, արտահերթ թե հերթական՝ ձևավորել ավելի սոլիդ կառավարություն, դա նրանց գործիքակազմը չէ»,- ասաց Արթուր Խաչատրյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս