«Իրանը ճնշումներ է գործադրում Ադրբեջանի վրա». Արտյոմ Տոնոյան

Արևելագետ Արտյոմ Տոնոյանի կարծիքով՝ Ադրբեջանի վարած քաղաքականությունն ամբողջովին հակասում է խաղաղասիրության ոգուն:

«Ալիևի հայտարարությունները, իրենց ԱԳՆ հայտարարությունները փաստում են, որ որևէ երկկողմ հարաբերություններ ձևավորելուն միտված ուղերձներ չկան»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ դժվարանալով մեկնաբանել, թե որն է խաղաղասիրական հայտարարություններ անելու ՀՀ իշխանությունների մոտիվացիան և նպատակը:

Փորձագետը չի կարծում նաև, որ դեմարկացիայից և դելիմիտացիայից հետո հնարավոր կլինի թևակոխել խաղաղության դարաշրջան.

«Միայն հայտարարություններով հնարավոր չէ այդ խաղաղ համակեցությունը կառուցել, հասնել նմանատիպ վիճակի: Ադրբեջանում վարվող կրթական քաղաքականությունը, հասարակական կարծիքի ձևավորումը և այլն չեն խոսում Ադրբեջանի նմանատիպ ցանկության մասին: Պատերազմից հետո Ադրբեջանում անգամ դասագրքեր են փոխվում, հաղթանակի պատմություն առարկա են մտցրել, որը ամբողջությամբ 2020թ. 44-օրյա պատերազմի մասին է, և այլն, և ընդհանուր առմամբ, հայատյացությունը ունի աճի միտում: Սա նկատվում էր պատերազմի ժամանակ, և պատերազմից հետո էլ չմեղմվեց այդ իրավիճակը: Հավանաբար, միջազգային կազմակերպությունների համար արվող որոշ հայտարարություններ, որ հայերը կարող են ապրել «ադրբեջանական» տարածքներում, ձևական բնույթ են կրում և բացարձակ չեն համապատասխանում նրանց իրական նպատակներին, բայց անգամ այդ հայտարարությունները սուսերներով են ընդունվում ադրբեջանական հասարակության կողմից, որ՝ ինչպե՞ս կարող ես պատերազմից հետո խոսել առհասարակ հայերի հետ համատեղ ապրելու մասին, մենք պատրաստ չենք նման համակեցության»:

Նրա դիտարկմամբ՝ պետք է իրավիճակը ճիշտ գնահատել, և ոչ հասնել ծայրահեղ թշնամության, ոչ էլ խաղաղություն քարոզել. «Պետք է հասկանալ իրավիճակը և սեփական քաղաքականությունն ըստ այդ իրականության մշակել: Պետք է իրականությունը և թշնամու նպատակները հստակ իմանալ և շարժվել ըստ այդ օրակարգի»:

Ալիևը անսպասելի իրադարձություն է անվանել Ադրբեջանի սահմանների մոտ անցկացվող իրանական զորավարժությունները և հարցադրում է արել, թե ինչո՞ւ չեն կազմակերպվել զորավարժություններ, երբ հայերը եղել են Ջեբրաիլում, Զանգիլանում և Ֆիզուլիում։ Արտյոմ Տոնոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ վտանգներ է տեսնում Իրանն Ադրբեջանից, և արդյո՞ք Իրանի և Ադրբեջանի միջև առկա լարվածությունը կարող է ռազմական բախման առիթ դառնալ:

«Չեմ կարծում, որ կարող է վերաճել ռազմական գործողությունների: Իրանը Ադրբեջանից ոչ այնքան վտանգ է տեսնում, որքան ճնշում գործադրելու միջոց է այդ զորավարժությունների անցկացումը: Բնականաբար, կարող են լինել նաև անվտանգային նկատառումներ, բայց շատ ավելի մեծ է հավանականությունը, որ ճնշում գործադրելու միջոց է՝ կապված ՀՀ տարածքում Գորիս-Կապան ճանապարհին տեղի ունեցող իրադարձություններին: Ինչքան էլ, ֆորմալ առումով, այդ իրադարձությունները տեղի են ունեցել ՀՀ սահմաններում, բայց ընդհանուր առմամբ, իրադարձությունը պայմանավորող կողմեր են նաև Ադրբեջանն ու Իրանը, որովհետև այդ ճանապարհին կանգնեցվել են իրանական բեռնատարներ՝ ստուգման նպատակով, սկսել են հարկվել իրանական բեռնատարներ և ձերբակալվել են հենց իրանցի վարորդներ, և տրամաբանական է, որ Իրանը պետք է ձեռնարկեր քայլեր՝ այդ իրավիճակը հաղթահարելու համար: Այդ զորավարժությունները և որոշ ուղերձներ, որ այս օրերին լսում էինք Իրանից, նպատակ ունեն որոշակի ճնշում գործադրել՝ խնդիրը լուծելու համար»,- ի պատասխան՝ ասաց նա՝ պասիվ գնահատելով այս իրավիճակում ՀՀ իշխանությունների արձագանքը:

Արտյոմ Տոնոյանը չի տեսնում Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման նախադրյալներ.

«10-12 տարի առաջ, երբ իրավիճակը լիովին այլ էր, մենք այդ գետը մտել ենք և տեսանք, թե ինչով ավարտվեց, այսինքն՝ ավարտվեց նրանով, որ դա չտվեց որևէ արդյունք: Հիմա Թուրքիան նոր նախապայմաններ է ներկայացնում. Եթե հիմա մեզ մոտ կարող են ենթադրել, որ փոփոխություն է եղել, ստատուս-քվո է փոխվել՝ արցախյան հակամարտության հետ կապված, հիմա այդ նախապայմաններից մեկը «Զանգեզուրի միջանցք»-ին է վերաբերում: Այդ մասին հայտարարեց Էրդողանը, երբ ակնարկեց, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանից բանակցելուց առաջարկ է ստացել: Էրդողանն ասաց, որ նախ դուք պետք է անեք քայլեր, որոնք վերաբերում են, մեր եզրաբանությամբ՝ ճանապարհների ապաշրջափակմանը, թուրք-ադրբեջանական եզրաբանությամբ՝ Զանգեզուրի կամ հարավային միջանցքի թեմային»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս