«Գնդի որդի» Լևոն Չատինյանի ծննդյան օրը հարազատ դպրոցում  նրա անունով դասասենյակ և հուշաքար-ցայտաղբյուր բացվեց

Այսօր Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան 82 հիմնական դպրոցում  բացվեց նույն դպրոցի սան, Արցախի 44-օրյա պատերազմում նահատակված հերոս Լևոն Չատինյանի անվան դասասենյակ, իսկ դպրոցի բակում՝ նրա հիշատակը հավերժացնող հուշաքար-ցայտաղբյուր։ Դպրոցի բակում տնկեցին նաև երեք անվանական եղևնիներ՝ նվիրված  նույն դպրոցի սան Մնացական Շաբոյանին, Լևոն Խաչատրյանին և Լևոն Չատինյանին։ Մնացական Շաբոյանն և Լևոն Խաչատրյանը որպես կամավորներ՝ մեկնել էին Արցախ և պատերազմի դաշտում ընկել հերոսի մահով։

Հիշատակի միջոցառմանը ներկա էին նահատակված հերոսների ծնողները, հարազատները, ընկերները։ Օրը պատահական չէր ընտրվել՝ սեպտեմբերի 28-ին Լևոն Չատինյանի ծննդյան օրն է, նա այսօր կդառնար 21 տարեկան։

«Այսօր՝ սեպտեմբերի 28-ին, հակառակորդի կողմից Արցախի դեմ սանձազերծված 44 օրյա պատերազմի երկրորդ օրն է, որտեղ էլ դրսևորվեց մեր Լևոնի և բազում հայորդիների անեզր հայրենասիրությունը և արիությունը։ Ծնունդդ շնորհավոր, հերոս։ 2019 թվականի հունվարի 28-ին բանակ զորակոչվելու կապակցությամբ Լևոնն ասել էր. «Գիտե՞ք, ամեն մեկին բախտ վիճակված չէ բանակի օրով զորակոչվել բանակ, այ կտեսնեք, ես այնպիսի սխրանք եմ գործելու, որ իմ մասին դեռ երկար են խոսելու»։ Լևոն ջան, մենք չենք դադարում  գեթ մեկ վայրկյան քո և քո ավագ ընկերների՝  Շաբոյան Մնացականի, Խաչատրյան Լևոնի և մեր բոլոր զինվորների մասին խոսելուց»,- բացման իր խոսքում ասաց Երևանի Հովհաննես Պողոսյանի անվան 82 հիմնական դպրոցի տնօրեն Լիլիթ Ասլանյանը։

Այն դասասենյակը, որտեղ ուսանել է Լևոնը՝ անվանակոչել են նրա անունով, ասաց Լիլիթ Ասլանյանն ու ավելացրեց.

«Մենք որոշեցինք, որ դասասենյակում պիտի որևէ կերպ տխրության նշույլներ չունենանք, պիտի ունենք հպարտության, փառաբանման, փառքի սենյակ։ Քանի որ չենք կարողանում Լևոնի պարգևների կրկնօրինակները գտնել, որոշեցինք այդ ամենը լուսանկարների տեսքով  փակցնել դասասենյակի պատին։ Լևոնի մայրը՝ Ալիսա Մարգարյանը, մեր դպրոցի մանկավարժներից է, որոշել ենք այս դասասենյակը նվիրել տիկին Մարգարյանին, որպեսզի նա այս սենյակում իր սաների հետ շարունակի իր  հայրենանվեր աշխատանքը կատարել»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Լ. Ասլանյանը։

Լևոնը դպրոցում ունեցել է հատուկ անուն՝ «գնդի որդի», ըստ դպրոցի տնօրենի՝ նա ոչ միայն իր ծնողների մինուճարն էր, այլև ամբողջ դպրոցի, այդ պատճառով էլ անունը դրել էին «գնդի որդի», ով առաջին քայլերն անելուց հետո ամեն օր մայրիկի հետ դպրոց է գնացել, ու դպրոցի յուրաքանչյուր ուսուցիչ նրան իր որդին է  համարել։

Հուշաքար-ցայտաղբյուրի բացումից հետո Տեր Խորեն քահանա Մարուքյանն օրհնեց այն և դիմելով ներկաներին և նահատակվածների ծնողներին՝ զուգահեռելով ասաց, որ ինչպես Քրիստոսն իր սերը հայտնեց մարդու նկատմամբ և գնաց ինքնազոհողության և խաչվեց, այնպես էլ մարտիրոսված տղաներն իրենց  սերը հայտնելով հայրենիքի, ընտանիքի, ծնողի, ժողովրդի, ազգի  նկատմամբ՝ նահատակվեցին։

«Եթե մենք բոլորս արժևորում ենք և ունենք այդ հայրենասիրության ամբողջ ապրումն ու զգացողությունը, ուրեմն՝ միշտ հիշեք, որ իրենք կենդանի են մնալու և շարունակելու են մեզ հետ ապրել՝ մեր հոգիներից ու սրտերից ներս»,- ասաց  քահանան։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս