ԵԱՀԿ ՄԽ ապագայի անորոշությունն ու տարածաշրջանային հարթակների հեռանկարայնությունը
Ղարաբաղյան երկրորդ մեծ՝ 44-օրյա պատերազմից գրեթե մեկ տարի անց Նյու Յորքում ընթացող ՄԱԿ ԳԱ 76-րդ նստաշրջանի շրջանակում առաջին անգամ կայացավ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո առաջին նախարարական հանդիպումը:
Միրզոյան-Բայրամով հանդիպում Նյու Յորքում կանխատեսվում էր, սակայն մինչև վերջին պահը պաշտոնապես չէր հաստատվում: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների տարածած հաղորդագրության համաձայն, համանախագահներն ու արտգործնախարարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև չլուծված հարցերի լայն շրջանակ և միջնորդներն առաջարկել են իրավիճակի դեէսկալացիային ուղղված հատուկ միջոցառումներ և հնարավոր հետագա քայլեր: Ըստ հաղորդագրության, համանախագահներն իրենց շարունակական աջակցությունն են հայտնել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի և նրա թիմի ձեռնարկած գործողությունների ամբողջ շարքին: Ի դեպ, հանդիպմանը ներկա է եղել նաև Անջեյ Կասպրչիկը: Միջնորդները ողջունել են ԱԳ նախարարների առաջին հանդիպումը 2020 թ․ նոյեմբերից ի վեր՝ այն գնահատելով՝ որպես «տարածաշրջանում անվտանգությանը, կայունությանը և բարգավաճմանը նպաստելու նպատակով ուղիղ երկխոսության միջոցով խաղաղ գործընթացում վերստին ներգրավվելու՝ երկու երկրների վճռականության նշան»: ԵԱՀԿ ՄԽ համանախագահները վերահաստատել են իրենց հանձնառությունը` շարունակել աշխատանքը կողմերի հետ` «գտնելու ղարաբաղյան հակամարտությանը վերաբերող կամ դրանից բխող բոլոր մնացյալ խնդիրների համապարփակ լուծումներ, համաձայն իրենց մանդատի»:
ՀՀ ԱԳՆ տարածած հայտարարության համաձայն, հնգակողմ հանդիպման ընթացքում ՀՀ ԱԳ նախարարն արտահայտել է հայկական կողմի պատրաստակամությունը` վերսկսելու ղարաբաղյան խաղաղ կարգավորման գործընթացը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձևաչափում։ «Արարատ Միրզոյանը վերահաստատել է համանախագահների հետ հանդիպմանը հայտնած դիրքորոշումը դեէսկալացիայի և հումանիտար խնդիրների կարգավորման անհրաժեշտության վերաբերյալ»,- ասված էր հաղորդագրությունում:
Ադրբեջանի ԱԳՆ-ն ևս հակիրճ հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, հակառակ կողմին է փոխանցել հետհակամարտային իրավիճակի վերաբերյալ Ադրբեջանի հայտնի դիրքորոշումը: Ադրբեջանի ԱԳՆ-ն հաղորդել էր նաև, որ հանդիպումը կայացել էր հայկական կողմի նախաձեռնությամբ: Ուշագրավ է նաև այն հանգամանքը, որ սրան զուգահեռ՝ Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանին կոնկրետ պայմաններ են առաջադրում, որը հաստատվեց նաև Թուրքիայի և Ադրբեջանի արտգործնախարարների՝ արցախյան 2-րդ պատերազմի 1-ին տարելիցի կապակցությամբ կազմակերպված հանդիպմանը: ԱԳ նախարարները հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով, որի ժամանակ Չավուշօղլուն Հայաստանին մեղադրել է Ադրբեջանի կողմից արված խաղաղության առաջարկն առ այսօր անպատասխան թողնելու մեջ։ Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանից ստացված դրական ուղերձներին՝ Չավուշօղլուն հիշեցրել է, որ դրանք եղել են զուտ իբրև պատասխան Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանին։
«Ի սկզբանե մեր ամենամեծ ցանկությունն էր, որ այս տարածաշրջանն արդեն լինի խաղաղ և կայուն ռեգիոն։ Դրան է միտված եղել Ադրբեջանի կողմից Հայաստանին արված համապարփակ խաղաղության համաձայնագրի առաջարկը։ Բայց դեռևս չի եղել դրական պատասխան»։
Նա շեշտել է, որ հետայսու Թուրքիան Ադրբեջանի հետ միասին կոորդինացնելու և անելու է այն քայլերը, որոնք անհրաժեշտ են լինելու հետագա գործընթացում։
«168 Ժամ»-ի հետ զրույցում եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը նախ անդրադարձավ այն պնդմանը, թե հայկական կողմն է նախաձեռնել հանդիպումը: Ըստ նրա, եթե դա այդպես է, այն ունի հստակ բացատրություն՝ այս դեպքում Հայաստանին և ոչ Ադրբեջանին է հարկավոր վերակենդանացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները: «Ինչպես տեսնում ենք, հայկական կողմի օրակարգում է, որ կա ընդհանրապես ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության վերականգնման հարց, ինչպես նաև ԱՄՆ-ի: Այդ հարթակի շրջանակում է, որ կա կարգավիճակի հարցի շուրջ որևէ քննարկման հնարավորություն, քանի որ ԱՄՆ-ը, Ֆրանսիան են, որ խոսել են այդ հարցն անհապաղ քննարկելու անհրաժեշտության մասին: Ինչպես գիտենք, ՌԴ-ն այդ հարցը հետաձգում է, իսկ Թուրքիան ու Ադրբեջանը մերժում են, քանի որ նրանք տարածաշրջանային ձևաչափերում իրենց ավելի լավ են զգում: Կարիք չկա բացատրել՝ ինչու է այդպես, ինչու է Էրդողանն առաջարկում տարածաշրջանային ձևաչափեր: Կարծում եմ՝ Մինսկի խմբից հեռացվածության դիրքը պահպանվելու է: Այս հանդիպումը, կարծում եմ, պարզապես մերժելը բարդ է եղել, ի վերջո, Ադրբեջանը չի կարող լիովին դուրս մնալ միջազգային կազմակերպությունների հարթակներից, պետք է ինչ-որ կերպ ինտեգրված մնա, իսկ լիովին մերժելով արևմտյան նախաձեռնությունները՝ չի կարողանա դա ապահովել: Սակայն կշարունակի առաջ մղել իր օրակարգը առանց ՄԽ-ի»,- ասաց փորձագետը:
Նրա դիտարկմամբ, ՄԽ-ն վերականգնելու համար մեծ ջանքեր պետք է ներդնեն համանախագահ երկրները, ավելին՝ նրանք պետք է կոնսենսուս ունենան, իսկ ՌԴ-ն արդեն այլ դիրք ունի: «Այսինքն՝ ՄԽ գործունեությանը խոչընդոտող հանգամանքները շատ են: Այս պահին կանխատեսումս այն է, որ բոլոր ուղղություններով դիվանագիտությունը կաշխատի, սակայն, ցավոք, ՄԽ դիրքերը շարունակում են թույլ մնալ աշխարհաքաղաքական հանգամանքների պատճառով: Այս պահին տարածաշրջանում այլ օրակարգեր են շրջանառվում»,- ասաց վերլուծաբանը:
Վրացի քաղաքագետ Սոսո Ցինցաձեն մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, թե հանգամանքը, որ, ի վերջո, հաջողվել է նման հանդիպում կազմակերպել, հույս է ներշնչում, որ կա հնարավորություն Արևմուտքի համար աշխատեցնել այդ գործիքը և մասնակցել տարածաշրջանում ինչ-որ կարևոր հարցի լուծման:
«Ինչպես տեսնում ենք, տարածաշրջանային տերությունները բարդ դիրքորոշումներ են որդեգրել Արևմուտքի հետ հարաբերություններում, ինչպիսին թե՛ Թուրքիան է, թե՛ Ռուսաստանը: Թուրքիայի դեպքում թվում է՝ որոշ հարցերում Արևմուտքի հետ փոխըմբռնում կա, բայց Թուրքիան լիովին հասկանալի և վերահսկելի չէ իր ոչ մի գործընկերոջ համար, քանի որ իրեն համարում է մեծ տերություն: Թուրքիան ու ՌԴ-ն հատկապես այսօր վճռական դերակատարություն ունեն ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքի հարցում, Մինսկի խումբը մշտապես դիտարկվել է և եղել է հենց արևմտյան ազդեցության գործիք, որը ցանկանում են վերացնել: Բնականաբար, Արևմուտքը և առանձին արևմտյան երկրներ տարբեր ուղղություններով են աշխատում՝ ունենալու համար ազդեցություն այնտեղ, որտեղ հնարավոր է, օրինակ՝ Վրաստանում, որքան հնարավոր է՝ Հայաստանում՝ ներդրումներով և այլ գործիքներով, Ադրբեջանի դեպքում դեռ նման ցանկություն չկա, քանի որ երևի թե չկա այդ երկրի կողմից նման ցանկություն: Անորոշ եմ պատկերացնում Մինսկի խմբի ապագան:
Դրա հետ մեկտեղ՝ տարածաշրջանային գործընթացներն առաջ են ընթանում, սակայն ամեն ինչ հարթ չէ և ցնցումները չեն բացառվում, քանի որ խոսք է գնում մեծ շահերի մասին: Վրաստանին հարկավոր է կայունություն, և Վրաստանը ցանկանում է միջնորդ լինել իր հարևան երկրների միջև, սա թույլ կտա Վրաստանին նաև իրացնել սեփական կոմունիկացիոն հավակնությունները և ցանկությունները: Առաջիկայում այնուամենայնիվ նորությունները կլինեն տարածաշրջանային հարթակներում, և ոչ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում»,- ասաց նա: