Սա չափազանց մռայլ վիճակագրություն է, որ մասին իշխանությունները չեն ուզում խոսել
Ոչ վաղ անցյալում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսության զարգացումը կապում էր բանկային վարկերի հետ։ Թեև վարկերը ֆինանսական այն պրոդուկտը չեն, որ կարող են տնտեսության համար բարձր արդյունավետություն ապահովել՝ թանկ միջոցներ լինելու պատճառով, այնուհանդերձ կար ժամանակ, որ բանկային համակարգը ակտիվորեն վարկային ներարկումներ էր կատարում։
Ճգնաժամից հետո, սակայն, բանկերն այլևս նախկին ակտիվությունը չեն ցուցաբերում։
Թվում էր, թե իրավիճակը կշտկվի ընտրություններից հետո։ Բայց այդպես չեղավ։
Բանկային համակարգի կողմից տնտեսության վարկավորումը շարունակում է նվազել նաև ընտրություններից հետո։ Եթե այս տարվա հունիսին բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկային պորտֆելը հասնում էր 3 տրիլիոն 529 մլրդ դրամի, ապա հուլիսին կազմել է 3 տրիլիոն 482 միլիարդ։ Մեկ ամսվա ընթացքում այն նվազել է ևս 47 մլրդ դրամով։
Նվազումն ավելի տպավորիչ է նախորդ տարվա վերջի համեմատ։
Պաշտոնական տվյալներով, այս տարվա ընթացքում բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկերի ծավալը կրճատվել է 340 մլրդ դրամով։ Անկումը նախորդ տարվա դեկտեմբերի համեմատ կազմել է 8,4 տոկոս։
Սա չափազանց մռայլ վիճակագրություն է, որ մասին իշխանությունները չեն խոսում։ Ու դա տեղի է ունենում ներդրումային սովի պայմաններում։
Նվազել են՝ ինչպես դրամով, այնպես էլ՝ դոլարով տրված վարկերը։ Բայց անկումը շատ ավելի մեծ է դոլարային վարկերի դեպքում։ Իհարկե, դրա վրա որոշակի ազդեցություն է ունեցել փոխարժեքը։ Նախորդ տարվա վերջին ազգային արժույթը բավականաչափ արժեզրկվեց դոլարի նկատմամբ։ Հետագայում փոխարժեքները գրեթե վերադարձան նախկին դիրքին։
Նման դրսևորումներն իրենց հետևանքն են ունենում տարադրամային վարկերի հաշվարկային ցուցանիշների վրա։ Սակայն այնպես չէ, որ տարադրամային վարկերի նվազումը պայմանավորված է բացառապես այդ գործոնով։ Տնտեսության տարբեր ճյուղերում ակնհայտ է բանկերի ցուցաբերած պասիվությունը։
Կրճատվել են մշակող արդյունաբերությանը հատկացված վարկային ներարկումները։
Անցած տարվա վերջին մշակող արդյունաբերության ճյուղում բանկերի վարկային ներդրումները հասնում էին 324 մլրդ դրամի։ Այս տարվա հուլիսի վերջին կազմել են 303 միլիարդ։ Գերակշռող են հատկապես տարադրամային վարկերը։ Դրանք գրեթե կրկնակի ավելի շատ են, քան դրամայինները։
Վարկերի նվազում կա մրգերի ու բանջարեղենի, հացի ու հացաբուլկեղենի արտադրության, մսի մշակման և պահածոյացման, այլ բազմաթիվ ոլորտներում։
Նվազել են վարկային ներարկումները նաև խմիչքների և ծխախոտագործության մեջ։
Անցած տարվա վերջին խմիչքների արտադրության ոլորտում բանկային ներարկումները հասնում էին 84 մլրդ դրամի, այս տարվա հուլիսի վերջին կազմել են 7,4-7,5 միլիարդ։
Շատ ավելի համեստ են վարկային ներարկումները ծխախոտագործության ոլորտում, թեև այն հանդիսանում է վերամշակող արդյունաբերության առանցքային և խոշոր ճյուղերից մեկը։ Այս տարի, իհարկե, ծխախոտագործության գործերն այնքան էլ լավ չեն ընթանում։ Առայժմ այն շարունակում է բավական լուրջ տեմպերով հետ մնալ անցած տարվանից, անգամ անցած տարվա չափազանց կտրուկ անկումից հետո։
Դժվար է ասել, թե այդ գործոնն ինչքանով է ազդել վարկավորման գործընթացի վրա, բայց վարկավորման ծավալներն այստեղ տարվա ընթացքում գրեթե չեն փոխվել՝ մնացել են 8,2 մլրդ դրամի սահմաններում։
Ընդհանուր արդյունաբերության մեջ ունենք 97 մլրդ դրամի վարկային պորտֆելի կրճատում։ 645 միլիարդից այն նվազել է 548 միլիարդի։
Պատճառները պետք է փնտրել ոչ միայն փոխարժեքների, այլև տնտեսության զարգացումների մեջ։ Որքան էլ խոսվի մեր տնտեսության վերականգնման կամ դինամիկ զարգացումների մասին, տնտեսության բազմաթիվ ոլորտներում գործերը լավ չեն։ Միայն այն, որ անցած տարվա անկումից հետո դրանք շարունակում են մնալ անկումային, բավական է՝ ենթադրություններ անելու համար։
Վարկային ներարկումների կրճատումը՝ ինչպես տնտեսության եկամտաբերության անկման, այնպես էլ՝ բանկային համակարգի զգուշավորության արդյունք է։
Շատ հաճախ ենք լսում, որ առևտրի ոլորտն այս տարի աշխուժացել է։ Այդ աշխուժությունը, սակայն, վարկային շուկայում չի երևում։ Առևտրի ոլորտում հատկացված վարկերը տարվա ընթացքում զգալիորեն կրճատվել են։ Կրճատումը անցնում է 52 մլրդ դրամից։
Նվազել է ինչպես մեծածախ, այնպես էլ մանրածախ առևտրին ուղղված բանկային պորտֆելը։ Մի դեպքում տարբերությունը 26 միլիարդ է, մյուս դեպքում՝ 8 միլիարդ։
Բավական կտրուկ նվազում կա առևտրային ավտովարկերի գծով։ Անցած տարվա վերջին բանկերի տրամադրած ավտովարկերի պորտֆելը հասնում էր 37 մլրդ դրամի։ Այս տարվա հուլիսին կազմել է ընդամենը 18 մլրդ դրամ։ Ավելի քան կրկնակի պակասել է։
Չնայած անցած տարվա անկումից հետո կացության ու հանրային սննդի հատվածում ունենք որոշակի ակտիվություն, այնուհանդերձ այստեղ ևս վարկային ներարկումները նվազել են։ Խոսքը շուրջ 11 մլրդ դրամի մասին է։ Դա արտահայտվել է՝ ինչպես հյուրանոցային բիզնեսում, այնպես էլ՝ հանրային սննդի կազմակերպման ոլորտում։
Նվազել են նաև մշակույթի, զվարճությունների և հանգստի կազմակերպման նպատակով արվող հատկացումները։ Անկում կա նաև զբոսաշրջությանը տրամադրված վարկային պորտֆելում։
Շուկայի ամենատուժած հատվածը սպառողական վարկերն են։ Դրանք կրճատվել են 78 միլիարդով։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս վարկերը հիմնականում դրամային են, դրանց կրճատման վրա փոխարժեքի ազդեցությունն ամենափոքրն է։
Կենցաղային և համակարգչային տեխնիկայի ձեռքբերման նպատակով տրամադրված սպառողական վարկերի պորտֆելը նվազել է 10 միլիարդով։ Ութ միլիարդով էլ կրճատվել են ոսկու գրավով վարկերը։ Սպառողական վարկերի մեծ մասը խառը վարկերն են, որոնց պորտֆելը վերջին տվյալներով՝ 411 միլիարդի սահմաններում է։ Տարվա ընթացքում այն հասցրել է սեղմվել 36 միլիարդով։
Գյուղատնտեսության մեջ ևս ունենք բանկերի վարկային պորտֆելի անկում։ Անկումը եղել է հիմնականում բուսաբուծության մեջ։ Բանկային վարկերը ավելացել են 2 շուկաներում՝ շինարարության մեջ և հիպոթեքի ոլորտներում։ Ակտիվ է եղել բնակարանային և ոչ բնակարանային շինարարությունը, որտեղ վարկային պորտֆելի գրեթե 30 միլիարդին մոտ աճ է գրանցվել։ Դա էլ փոխկապակցված է հիպոթեքի հետ։ Անշարժ գույքի ձեռքբերման նպատակով տրամադրված վարկերը հասել են 475 մլրդ դրամի՝ այս տարվա ընթացքում ավելանալով 51 միլիարդով։ Բայց այստեղ առաջիկայում նոր զարգացումներ են սպասվում, որոնք կարող են էապես փոխել՝ ինչպես շինարարության, այնպես էլ՝ հիպոթեքային վարկերի դինամիկան։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ