«Իրանում ընկալում են, որ Ադրբեջանը չափն անցնում է. կարող ենք ականատես լինել կոշտ արձագանքի». Ռոբերտ Բեգլարյան
Ադրբեջանական բանակը կրակ է բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ, օդաչուն կարողացել է ետ մղել հարձակումը: Իրանական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն (ԻՀՊԿ) Ադրբեջանի հետ սահմանային հատված է տեղափոխել հիմնական հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ։ ԻՀՊԿ-ի կողմից Արաքսի առափնյա շրջան է ուղարկվել դեռևս Իրան-Իրաքյան պատերազմի ժամանակ ձևավորված «Աշուրայի 31-րդ ցամաքային բիրգադը», որը մասնագիտացված է հատուկ գործողությունների իրականացման մեջ։ Միևնույն ժամանակ, նշվում է, որ Թավրիզում տեղակայված ԻՀՊԿ օդատիեզերական ուժերին պատկանող երկու հրթիռային կայաններից բալիստիկ գերճշգրիտ հրթիռներով հեշտությամբ կարելի է խոցել անգամ Բաքվի մոտակայքում գտնվող Քյուրդամիրի և այլ ռազմաբազաները։ Հայաստանում տարբեր փորձագետներ իրանաադրբեջանական պատերազմ են կանխատեսում:
168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում Իրանի խորհրդարանի հայազգի պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանից հետաքրքրվեցինք՝ որքանո՞վ են իրատեսական պատերազմի կանխատեսումները, ի՞նչ տրամադրություններ են Իրանում:
«Սա պետք է դիտարկել արցախյան 44-օրյա պատերազմի իրադարձությունների համատեքստում, և ինչո՞ւ չէ՝ Թուրքիայի նկրտումները տարածաշրջանում, Իրան-Արևմուտք ատոմային արխիվի բանակցությունները, որոնք բնական ընթացքով դադարեցին, քանի որ Իրանում կառավարություն էր փոխվում, և ակնկալվում է, որ առաջիկայում կշարունակվեն: Այս ամենը, նաև՝ Իսրայելի գործոնն Ադրբեջանում, ի մի են բերում, որ շատ մեծ խաղ է գնում, որով նախնական շրջանում փորձում են Իրանի վրա ճնշում բանեցնել, որ սպասվող բանակցությունների ընթացքում համապատասխան դիրքորոշում չկարողանա ունենա:
Դրան զուգահեռ, քանի որ Թուրքիան և Ադրբեջանն ունեն տարածաշրջանում իրենց լայնածավալ ծրագրերը, և փորձում են այնպես անել, որ դրան Իրանը համապատասխան հակազդեցություն կամ չտա, կամ ուշացումով տա: Արդեն ժամ առաջ Իրանի գլխավոր շտաբի պետը ակնարկեց, որ մենք Իրանի հյուսիս-արևմուտքում շուտով մեծ փոփոխությունների ականատես կլինենք: Հետևաբար, ես դեռ մի քիչ վարանում եմ ասել՝ պատերազմ կամ նման մի գործողություն կլինի՞, թե՞ ոչ, քանի որ Իրանն էլ զգույշ է, որ նման թակարդի մեջ չընկնի: Նույնը գնում է Աֆղանստանում: Հետևաբար՝ շախմատի սեղանին վերադասավորումների ենք ականատես լինում, և գուցե այդ թեժացումը բխում է դրանից»,- ընդգծեց նա:
ԻՀՊԿ-ին մոտ ԶԼՄ-ների վերլուծությունները, ըստ նրա՝ ցույց են տալիս հետևյալը. «Իրանում ընկալում են, որ Ադրբեջանը չափն անցնում է արդեն: Հետևաբար, կարող ենք ականատես լինել կոշտ արձագանքի: 44-օրյա պատերազմի ընթացքում Իրանը թե՛ Թուրքիային, թե՛ Ադրբեջանին խիստ հանդիմանել և զգուշացրել է՝ ոտնձգություններ չանել Հայաստանի հողի նկատմամբ, մասնավորապես՝ Սյունիքը չկտրել, և այլն: Բայց դե, ախորժակները բացվել է, որովհետև բանակցությունների ընթացքում Հայաստանի իշխանությունները համապատասխան հակազդեցություն չի կարողացել կամ չի ցանկացել ցույց տալ: Եվ ինչո՞ւ չէ, Ռուսաստանն էլ՝ իբրև Հայաստանին դաշնակից և Իրանին բարեկամ երկիր, բացթողումների ձևով իր դերն է խաղում»:
Հարցին՝ եթե Հայաստանի իշխանությունները դրական ազդակներ են տեսնում Թուրքիայից, փորձում են խաղաղության դարաշրջան հաստատել, Ռուսաստանն ի՞նչ պետք է անի, ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի, նա պատասխանեց. «Ես նկատի ունեմ, որ, համենայնդեպս, գուցե Ռուսաստանն էլ խրախուսում է այդ գործընթացը, հետևաբար, Իրանում էլ մտահոգություն կա, թե ինչ է տեղի ունենում Ռուսաստանի և Թուրքիայի միջև»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում