Էդմոն Մարուքյանի միակության մտասևեռումը. ի՞նչ են ասում փաստերը
Ժամեր առաջ «Լուսավոր Հայաստան» կուսակցության (ԼՀԿ) առաջնորդ Էդմոն Մարուքյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակում էր կատարել այն մասին, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նոր օրինագծով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներն և քաղաքացիական անձանց, ինչպես նաև հետաքննություն սկսել Ադրբեջանի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունների մասով, ներառյալ՝ արգելված զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի օգտագործումը խաղաղ բնակչության դեմ, և այլն:
Ապա մեկնաբանություններում նշել էր, որ միակ քաղաքական ուժը, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ թիրախային սանկցիաների հարց է բարձրացրել և աշխատել այդ ուղղությամբ, «Լուսավոր Հայաստանն» էր:
Որպես իր ասածի հիմնավորում՝ Էդմոն Մարուքյանը կցել էր 2021թ. հունիսի 10-ի մի հրապարակում, ըստ որի՝ ինքը հունիսի 6-ից տարածաշրջանում գտնվող ԱՄՆ-ի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղարի պաշտոնակատար Ֆիլիպ Ռիքերին է փոխանցել նամակ, որով կոչ է արել ԱՄՆ կառավարությանը՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանության մի շարք ներկայացուցիչների նկատմամբ կիրառել սանկցիաներ: Ներկայացվել են նաև համապատասխան հիմնավորումները, թե ինչու պետք է սանկցիաներ կիրառել:
Խոսքը, ըստ ԼՀԿ առաջնորդի, Ադրբեջանի հետևյալ գործիչների մասին է. Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիև, փոխնախագահ Մեհրիբան Ալիևա, պաշտպանության նախարար Զաքիր Հասանով, ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Նաջմեդդին Սադիկով, ՆԳ նախարար Վիլայեթ Էյվազով, պետական սահմանապահ ծառայության պետ Էլչին Գուլիև, ԱԱԾ պետ Ալի Նագիև, արտաքին հետախուզական ծառայության պետ Օրհան Սուլթանով, վարչապետ Ալի Ասադով, Միլի մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովա, ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամով, նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Հիքմեթ Հաջիև:
Էդմոն Մարուքյանի այս մեկնաբանությանն անդրադարձել էր Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության ՀՅԴ-ական պատգամավոր Քրիստինե Վարդանյանը:
«Պարոն Մարուքյան, ձեր հոգեվիճակին երևի պետք է ըմբռնումով մոտենալ, բայց քանի գնում՝ ինքներդ ձեզ գերազանցում եք։ Միակության սինդրոմով տառապելով՝ բացահայտ սուտ հայտարարություններ եք արդեն անում։ Դաշնակցության Հայ դատի գրասենյակներն օր ու գիշեր աշխատում են այս ուղղությամբ, ու դուք անձամբ հիանալի գիտեք, որ այս օրինագիծը մեծապես ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի աշխատանքի արդյունք է։ Հիմա եկել, թե բա՝ մենք միակ քաղաքական ուժն ենք… Հետո ինչ, որ մեր արածը այստեղ-այնտեղ չենք թմբկահարում, տխուր է էսպիսի անկում տեսնելը»,- գրել էր Քրիստինե Վարդանյանը:
Իրականում Էդմոն Մարուքյանը կամ չի հիշում, կամ միտումնավոր խեղաթյուրում է փաստերը:
Դեռևս Արցախյան վերջին պատերազմի ամենաթեժ ժամանակահատվածում՝ 2020թ. հոկտեմբերի 7-ին, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում անգլերեն գրառում էր կատարել՝ միջազգային գործընկերներին ուղղված, որով 13 կետից բաղկացած գործողությունների ցանկ էր հրապարակել՝ ինչ պետք է անեն վերջիններս ստեղծված իրավիճակում:
Նա կոչ էր արել իրենց երկրներում Արցախյան պատերազմի վերաբերյալ իրազեկվածությունը մեծացնել, քաղաքական օժանդակություն ցուցաբերել ԵԱՀԿ Մինսկի խմբից Թուրքիային հեռացնելու համար, անհապաղ սանկցիաներ կիրառել Թուրքիայի ու Ադրբեջանի նկատմամբ, ԵԽԽՎ-ում սառեցնել թուրքական և ադրբեջանական պատվիրակությունների մանդատը, նախաձեռնել Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետաքննություն՝ դրանից բխող իրավական հետևանքներով, հետաքննել թուրքական և իսլամական ահաբեկիչների՝ պատերազմին մասնակցության փաստը, արգելափակել ռազմական նշանակության ապրանքների ու տեխնոլոգիաների մուտքը Ադրբեջան և Թուրքիա, սառեցնել Ալիևի, նրա ընտանիքի ու մերձավոր շրջապատի բանկային հաշիվները, դադարեցնել Ադրբեջանի անդամակցությունն Արևելյան գործընկերության ծրագրի շրջանակներում, հանդես գալ օրենսդրական նախաձեռնություններով TANAP գազամուղի դեմ պատժամիջոցներ կիրառելու հարցով, սառեցնել ԵՄ-Ադրբեջան ռազմավարական գործընկերության համաձայնագրի բանակցությունները այնքան ժամանակ, քանի դեռ չեն պատժվել ադրբեջանական ագրեսիայի պատասխանատու գեներալները:
Դեռ այն ժամանակ 168.am-ի հետ զրույցում Արմեն Աշոտյանն ասել էր, որ այս առաջարկն ինքը փոխանցել է տասնյակ եվրոդեպուտատների, ինչպես նաև ԵԺԿ իրենց գործընկերներին:
Միակն ու անկրկնելին լինելու այս սևեռումը դժվար թե օգնի ընդհանուր գործին, հատկապես, որ տեխնոլոգիական մեր դարաշրջանում ամեն բան շատ արագ է բացահայտվում, ցանկացած պլագիատ ու բարդույթների առկայություն՝ նույնպես:
Առաջին դեպքը չէ, իհարկե, որ Էդմոն Մարուքյանն իրեն բացառիկություն է վերագրում այս կամ այն թեմայի առնչությամբ: Բավական է հիշել թեկուզ Սյունիքում երկրորդ ռազմաբազա տեղադրելու մասին իր հայտարարությունը, որի մասին նախապես խոսել էր նույն Արմեն Աշոտյանը:
Այնպես որ, շատ լավ է, իհարկե, որ Էդմոն Մարուքյանն ու ԼՀԿ-ն ամեն բան անում են՝ հայանպաստ նախաձեռնությունները կյանքի կոչելու համար, բայց պետք չէ այդ ճանապարհին անտեսել այլոց ջանքերը: