«Եթե նախկինում Հայաստանը Ռուսաստանին կապելու խնդիր կար, ապա հիմա՝ Գորիսը՝ Կապանին». Արմեն Մանվելյան

ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի ավագ գիտաշխատող, էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետ Արմեն Մանվելյանի կարծիքով՝ Գորիս-Կապան ճանապարհահատվածում Ադրբեջանի գործողությունները, առաջին հերթին, Հայաստանի դեմ են ուղղված, այլ ոչ Իրանի, ինչպես նշել էր իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը:

«Սրանից տուժում է և՛ Հայաստանի տնտեսությունը, և՛ Հայաստանի միջազգային իմիջը, և՛ Հայաստանի անվտանգային համակարգը, և՛ տնտեսական անվտանգությունը, և՛ հեղինակությունը: Իրանի համար հասկանալի է դառնում, որ Հայաստանով բեռնափոխադրումներ իրականացնելը դառնում է ոչ անվտանգ, և նրանք վաղ թե ուշ կնախընտրեն դա անել Ադրբեջանով: Ճիշտ է, Ադրբեջանով ավելի երկար է, բայց ավելի ապահով է և ավելի արագ կլինի, քանի որ բեռնափոխադրումների դանդաղեցումն ազդում է գնի վրա: Ադրբեջանը փաստացի մտել է մեր տարածք և իրանական կողմին ապացուցում է, որ՝ ոչ, եկեք ձեր մեքենաները ոչ թե Հայաստանով, այլ Ադրբեջանի տարածքով անցկացրեք»,- 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ ներկա իշխանությունների պայմաններում խնդրի լուծումը չի տեսնում:

Էներգետիկ աշխարհաքաղաքականության մասնագետը խոսեց նաև էներգետիկ ռիսկերի մասին. «Սյունիքի այդ հատվածով անցնում է Հայաստան-Իրան գազամուղը: Մենք կառուցում ենք և վաղուց պետք է ավարտած լինեինք երրորդ բարձրավոլտը, և ընդհանրապես, Իրանը էներգետիկ հարաբերությունների առումով մեզ համար գերկարևոր պետություն է: Ընդհանրապես, երբ նայեք Հայաստան-Իրան առևտրաշրջանառությանը, ապա դրա առյուծի բաժինը էներգետիկայինն է, և սա պետք է զարգացնել: Մեր գազամուղը աշխատում է իր հզորության ընդամենը 15 տոկոսով, այսինքն՝ գրագետ աշխատանքի դեպքում մենք վաղուց հասցրած կլինեինք 50 տոկոսի, որը լուրջ օգուտներ կբերի: Իրանի էներգետիկ շուկան շատ մեծ և շատ արագ աճող շուկա է, և եթե մենք կարողանանք երրորդ բարձրավոլտը երբևէ ավարտին հասցնել, մենք այդ շուկայում կարող ենք գոնե փոքր տեղ զբաղեցնել, ինչը հնարավորություն կտա էլեկտրաէներգիայի այն ավելցուկը, որ մենք նախկինում ունեինք (հիմա, ցավոք, չունենք, բայց հույս ունեմ, որ երբևէ նորից կունենանք), իրանական շուկայում սպառել: Այս առումով, Իրանի հետ մեր հարաբերությունները կարևոր են, և այդ ճանապարհին ստեղծված իրավիճակը վնասում է այդ հարաբերություններին՝ բոլոր մակարդակներում»:

Մասնագետը ընդգծեց՝ Հայաստանի ատոմակայանը հիմա չի աշխատում, Հայաստանի ամենախոշոր ջէկ-ը նույնպես չի աշխատում, դա էլ կոմերցիոն առումով է կանգնեցված. «Մենք խնդիրներ ունենք, որոնց լուծման համար բավական լուրջ էներգետիկ անվտանգության կամ էներգետիկ ռազմավարության մշակման հարցեր կան, այսինքն՝ ինչպիսին կլինի Հայաստանի էներգետիկ անվտանգությունը 1-2 տարի հետո: Ես չգիտեմ՝ այդ ուղղությամբ քայլեր արվո՞ւմ են: Մենք միշտ եղել ենք էլեկտրաէներգիայի ավելցուկ ունեցող երկիր և միշտ կարողացել ենք դա արտահանել կամ Իրան, կամ Վրաստան, գումարած՝ մեր էներգահամակարգը որոշ չափով սինքրոնիզացված է այս երկու երկրների հետ: Այսինքն՝ էներգետիկ ճգնաժամերի, ֆորսմաժորային իրավիճակներում մենք կարող ենք փոխանակել էլեկտրաէներգիա, և հիմա այս համակարգերին էլ է որոշակի վտանգ սպառնում: Եթե մենք ձմեռվա մոտ ատոմակայանը չկարողանանք աշխատեցնել, խնդիրները հստակ կերպով կերևան»:

Նա շեշտեց՝ գաղտնիք չէ, որ արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ Հայաստանը իրական ճանապարհով էր ռուսական ռազմամթերք ստանում. «Գաղտնիք չէ, որ արցախյան առաջին պատերազմին սա էր մեր փրկության ճանապարհը, որտեղով Հայաստանը պարեն էր ստանում: Հիմա մենք այդ ճանապարհն էլ ենք զիջել թշնամուն: Եվ Աստված չանի՝ վաղը նորից պատերազմական իրավիճակ ստեղծվի, իրենք շատ հանգիստ կարող են այդ ճանապարհը փակել, և վերջ»:

Ինչ վերաբերում է գործող իշխանությունների առաջ քաշած տարածաշրջանային ապաշրջափակման թեզին, նա նկատեց, որ հակառակ այդ հայտարարությունների՝ Հայաստանի ապաշրջափակումը հիմա ավելի է խորանում. «Եթե նախկինում Հայաստանին դրսից էին շրջափակել, հիմա արդեն ներսից են շրջափակել: Հիմա Սյունիքը Հայաստանի հետ կապելու խնդիր ունենք, Գորիսը Կապանին կամ Կապանը Գորիսին կապելու խնդիր կա: Այսինքն՝ եթե նախկինում Հայաստանը Ռուսաստանի հետ կապելու խնդիր կար, հիմա Գորիսը Կապանի հետ կապելու խնդիր կա: Սա լրջագույն ռիսկեր ու վտանգներ է առաջացնում Հայաստանի համար»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս