Լավրովի պրոթուրք-ադրբեջանական կապերն ու Փաշինյանը. Ո՞վ և ինչո՞ւ է աջակցել հայաստանյան «թավիշին»

ՌԴ-ում տեղի ունեցած եռօրյա խորհրդարանական ընտրություններից ժամեր առաջ ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հիմնադրամը հրապարակեց հերթական սկանդալային հետաքննությունը: Այս անգամ Նավալնիի հետաքննության հերոսը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն էր, ով, 17 տարի է՝ գլխավորում է ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունը:

Բնականաբար, նախընտրական շրջանում Լավրովի անձը հետաքննության համար պատահական չէր ընտրվել. Լավրովը, լինելով ՌԴ ամենառեյտինգային քաղաքական գործիչներից մեկը, գլխավորում էր ՌԴ իշխող «Միացյալ Ռուսաստան» կուսակցության նախընտրական ցուցակը, և այս հետաքննությունը միտված էր բացահայտել Լավրովի դիվանագիտության և կյանքի թաքնված կողմը: Հարկ է նշել, որ արդեն հայտնի են ՌԴ Պետդումայի ընտրությունների առաջին արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող Միացյալ Ռուսաստանը ստացել է ձայների 49,76%-ը:

Ո՞ւմ հետ է կիսում հանգիստը ՌԴ գլխավոր դիվանագետը

Այնուամենայնիվ, «Զբոսանավեր, կաշառքներ և սիրուհի. Ի՞նչ է թաքցնում նախարար Լավրովը» վերտառությամբ Նավալնիի թիմի հերթական հետաքննությունը գուցե Հայաստանի համար ուշագրավ չդիտարկվեր, եթե հերոսը չլիներ Սերգեյ Լավրովը, և եթե հետաքննության մեջ չցուցադրվեին Լավրովի և նրա մտերիմների, այդ թվում` ռուս պատգամավոր Լեոնիդ Սլուցկիի թուրք-ադրբեջանական կապերն ու հովանավորները:

Նախ, ըստ հետաքննության, նախարար Լավրովի բոլոր աստղաբաշխական ծախսերը՝ հանգիստները, զբոսանավերը հոգում է ռուս օլիգարխ, միլիարդատեր Օլեգ Դերիպասկան, որի դիմաց Լավրովը կոնկրետ ծառայություններ է մատուցում: Նավալնու հարթակում ներկայացվում է Լավրովի հանգիստը թուրքական ափերում Սլուցկիի հետ և անձնական կյանքի փակ կողմը:

Գոդ Նիսանովի և Լեոնիդ Սլուցկիի մտերմության մասին

Վերոնշյալ հետաքննությունը հիշեցնում է նաև մի քանի շաբաթ առաջ «Ազատություն ռադիոկայանի» պատրաստած մեկ այլ հետաքննություն՝ «Վիլա Թուրքիայում, դպրոց Շվեյցարիայում. Ինչո՞վ է Լեոնիդ Սլուցկին գնում ընտրությունների» վերտառությամբ, ՌԴ Պետդումայի վերջին 5 գումարումների պատգամավոր, Միջազգային հարաբերությունների հանձնաժողովի ղեկավար Լեոնիդ Սլուցկիի մասին, ով Վլադիմիր Ժիրինովսկիի հետ գլխավորում էր ռուսական ընտրություններում Ռուսաստանի լիբերալ-ժողովրդավարական կուսակցության ցուցակը: Լրագրողական այս աշխատանքում ներկայացվում են Սլուցկիի դստեր միլիոնների հասնող ծախսերը, գնումները, հանգիստը, ուսումը Շվեյցարիայում, հանգիստը թուրքական Բոդրում հանգստավայրում և թուրքական Վիլլան:

Հոդվածագիրն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ Սլուցկին, ով սիրում է խոսել ՌԴ-Արևմուտք առճակատումից, հպարտանում է իր նկատմամբ կիրառվող ամերիկյան պատժամիջոցներից, դստերն ուսման է ուղարկել Շվեյցարիայում Ամերիկյան դպրոց՝ Tasis: Ուշագրավն այն է, որ հոդվածագիրը կարծում է, որ նման ծախսեր Սլուցկին իր պատգամավորական աշխատավարձով չի կարող իրեն թույլ տալ, սակայն Սլուցկիի դստեր, որքան էլ անսպասելի է, տիկ-տոկյան էջի միջոցով որոշ կապեր են ի հայտ եկել կամ հաստատվել այն մասին, որ Սլուցկին մտերիմ է ադրբեջանցի Մարխադ Ուվշաևի, ում մասին ևս եղել է հետաքննություն Նավալնիի ֆոնդի կողմից, և կրկին ադրբեջանցի Գոդ Նիսանովի հետ, ում և Նարիշկինի մտերմության մասին «Պրոյեկտ» հարթակի թիմը հրապարակում էր պատրաստել դեռևս 2020 թվականի դեկտեմբերին:

Նարիշկինը ևս «սիրում է» ադրբեջանցի Նիսանովին

Ըստ դրա, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինը և նրա ընտանիքի անդամներն օգտվում են ադրբեջանցի միլիարդատեր Գոդ Նիսանովի ակտիվից:

Ի դեպ, ըստ հարթակի, Նիսանովը Մոսկվայում «Եվրապեյսկի» առևտրի կենտրոնի և «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատերն է, համարվում է Ռուսաստանում ամենահաջողակ ռանտյեն՝ 2,7 մլրդ դոլար կարողությամբ:

Հետաքննության հեղինակները տեսագրությունում պատմում են. «Լեռնային Ղարաբաղի համար պատերազմի թեժ պահին Ռուսաստանը չի օգնել Հայաստանին` իր ռազմական դաշնակցին։

Միլիարդատեր Գոդ Նիսանովի կապերն ու ընկերությունը Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ կարող են բացատրել Մոսկվայի նման որոշման պատճառը: Այդ կապերն այնքան սերտ են, որ հակամարտության թեժ պահին ռուսական հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ժամանակ էր անցկացնում Նիսանովի անձնական լողավազանում Ադրբեջանի փոխվարչապետի ընտանիքի անդամի հետ»։

Նրանք պնդում են, որ Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավարն ամեն օր լողում է Նիսանովի անձնական լողավազանում` «Եվրապեյսկի» առևտրի կենտրոնում: «Проект»-ի մի քանի բարձրաստիճան աղբյուրներ պնդում են, որ Նիսանովը նաև ընկերություն է անում նախագահ Պուտինի մտերիմ ընկերների` Ռոտենբերգ եղբայրների հետ: «Եվ սա նույնպես ավելին է, քան բարեկամությունը։ Սա բիզնես է»,- ընդգծում են լրագրողները։

Հիշեցնենք նաև, որ Գոդ Նիսանովին պատկանող «Ֆուդ սիթի» առևտրի կենտրոնից էր սկսվել հայկական ծիրանների հետ կապված հուլիսյան սկանդալը, երբ Հայաստանից արտահանված ծիրանները հրաժարվում էին ընդունել մոսկովյան առևտրի կենտրոններից շատերը։

Համացանցը երկար փորփրել պետք չէ հասկանալու համար, որ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը սերտ շփումներ ունի Գոդ Նիսանովի հետ:

Ավելին, 2020 թվականի հուլիսի 23-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը հանդիպում էր ունեցել Ռուսաստանի հայկական և ադրբեջանական համայնքի ականավոր ներկայացուցիչների հետ՝ «Կիևսկայա պլոշաձ» ՍՊԸ-ի տնօրենների խորհրդի նախագահ Գոդ Նիսանովի և «Ռուսաստանի հայերի միության» նախագահ Արա Աբրահամյանի հետ:

Վերոնշյալ բոլոր հետաքննությունները ցույց են տալիս Կրեմլին մոտ կանգնած ռուս չինովնիկների և ադրբեջանցի օլիգարխների կապերը, որոնք, չի բացառվում, որ շատ ավելի մեծ դերակատարում են ունեցել Հայաստանի վերջին տարիների ներքին կյանքում, քան կարող է թվալ:

Ո՞ւմ է հանդիպել Մոսկվայում Նիկոլ Փաշինյանը մինչ, այսպես կոչված, հեղափոխությունը

Լավրովի գաղտնի կյանքի մասին հետաքննությունից երկու օր անց «Ադեկվադ» միաբանության հիմնադիր Արթուր Դանիելյանը ներկայացրեց իր և Նիկոլ Փաշինյանի ՌԴ-ում 2015 թվականի սեպտեմբերի 21-ին արված լուսանկարի նախապատմությունը:

Ըստ նրա, այդ շրջանում Մոսկվա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն իր ներկայությամբ շփումներ էր ունեցել Լեոնիդ Սլուցկիի հետ և առաջարկներ ստացել Սլուցկիի և Նարիշկինի անունից: Պատմելով Փաշինյանի մոսկովյան այցի հանդիպումների մասին՝ Դանիելյանը գրեց.

«Սկզբից Բոլշայա Դմիտրովկայի իռլանդական փաբում (հիմա խինկալիանոց ա) հանդիպում ա ՖՍԲ-ի մի օպերի հետ, ով ներկայանում էր՝ որպես եվրասիական ինչ-որ ՀԿ-ի աշխատող, բայց իրականում ՌԴ նախագահի աշխատակազմում նստող տիպիկ պուտինական «պիոներ» ֆսբ-շնիկ էր (չշփոթել հակապուտինական ֆսբ-շնիկների հետ) ու ինչպես իրեն հարգող ցանկացած պիոներ ֆսբ-շնիկ՝ գերտեղեկացված էր, բայց բացարձակ գլուխ չէր հանում իր իսկ տեղեկատվությունից:

Հաջորդ հանդիպումը շատ ավելի նշանակալից էր: Մի փողոց վերև, Ռիթզ Կարլտոնում հանդիպում է հին ՍՎՌ-շիկ ու, բնական է, հակա-պուտինական փորձառու սպայի հետ, ով այդ պահին ԼԴՊՌ-ից պատգամավոր էր ու ՌԴ Պետդումայի Եվրասիական ինտեգրման և ԱՊՀ հարցերով հանձնաժողովի նախագահն էր: Հիմա Լեոնիդ Սլուցկին արդեն Պետդումայի Միջազգային Հարաբերությունների հանձնաժողովի ղեկավարն է ու ՄԳՈւ-ի համապատասխան ամբիոնի վարիչը ու բավականին լուրջ ազդեցություն ունի ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչությունների Լավրովյան բուրգում: Նիկոլը դուրս ա գլաիս Սլուցկիի հետ հանդիպումից ու ասում, որ Սլուցկին իրեն հրավիրել է Նորիշկինի հետ միասին, իր ինքնաթիռով մեկնել Աստանա ԵԱՏՄ գագաթաժողովին (էդ էն շրջանն էր, երբ Նազարբաևն առիթը բաց չէր թողում Սերժին բշտելու համար, Նիկոլն էլ հավելյալ աքսեսուար պիտի լիներ էդ պրոցեսում): Լինելով գեր-բիջ Նիկոլը հասկանում ա, որ թարս կապուտ կֆռա Երևանում, եթե Ռուսաստանի պետապառատի մեջի թուրքական շարասյան հետ գնա Աստանա Սերժի վրա մատ թափ տալու ու բնականաբար հրաժարվում է:

Ձեզ ասեմ՝ իմանաք, որ ՄԳՈւ-ի ու Պետդումայի արտաքին քաղաքական կապերի այս գլուխը բառացիորեն սնուցվում է Ալիևի մոսկովյան կասսիռ Գոդ Նիսանովից (Բենթլիներից սկսած, շորերով ու արձակուրդներով վերջացրած): Սլուցկիի կինը բնակվում է թուրքական Բոդրումում, իսկ զավակները ինչպես և բոլոր Լավրովյան թևի ներկայացուցիչների զավակները ապրում են արևմուտքում, տվյալ դեպքում Շվեցարիայում:

Այս հանդիպումից տարիներ անց հայտնի դարձավ, որ Սլուցկիի շեֆ Նորիշկինը, ով 2016-ին Պետդումայի նախագահ էր (իսկ հետո վերադարձավ ՍՎՌ, այսինքն՝ արտաքին հետախուզական ծառայություն, բայց արդեն ղեկավարի պաշտոնով) 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում ամեն առավոտ հանդիպում էր Գոդ Նիսանովի հետ»: Նա նաև պատմեց, որ մոտ երկու տարի առաջ ափսոսանք էր հայտնել ՌԴ պրոադրեբեջանական կեցվածքի կապակցությամբ, բայց չէր համարել Պուտինին դավաճան: «Ու թող ձեզ չզարմացնի Սլուցկիյների, Նորիշկինների, Պեսկովների, Լավրովների ու Մեդվեդևների իրական դեմքը: Հիշեք ոնց 2018-ի ապրիլի 24-ին պարզվեց, որ Սերժի գրեթե ամբողջ շրջապատը փտած է, հենց ռազմա-քաղաքականից սկսած:

Սերժ Սարգսյանն իր հայտնի հարցազրույցում, երբ պնդեց, որ բացառում է, որ ռուսական պետությունը կարող էր նպաստել հեղաշրջմանը Հայաստանում, նա դա նրանից չի ասել, որ վախում էր Պուտինին մեղադրել: Չէ, նա գիտի, որ Պուտինը չէր, այլ «որոշ հյուսիսային շրջանակներ», ու նա շատ լավ գիտի էդ շրջանակներին, ինձանից էլ շատ ավելի լավ: Ու վստահ եմ, Պուտինն էլ գիտի»,- մանրամասնեց Արթուր Դանիելյանը, ըստ էության նշելով, որ Ռուսաստանի պրոթուրք-ադրբեջանական ռուս քաղաքական շրջանակներն աջակցել են, այսպես կոչված, հեղափոխությանը:

Փաշինյանի թուրքամետ հերթական քայլը

Սա բացատրում է Նիկոլ Փաշինյանի իշխանավարման շրջանի պրոթուրք-ադրբեջանական բոլոր քայլերը: Ուշագրավն այն է, որ այս ամենի ֆոնին և որպես այս շղթայի մի մաս՝ տարածվեց Նիկոլ Փաշինյանի թուրքահաճո հերթական քայլը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանն ասաց, որ Վրաստանի վարչապետի միջոցով Փաշինյանն իրեն հանդիպելու առաջարկ է արել:

Ըստ Էրդողանի, հանդիպման առաջարկն իրեն փոխանցվել է Վրաստանի վարչապետի միջոցով, ում Փաշինյանը հանդիպել էր մոտ տասն օր առաջ, երբ պաշտոնական այցով մեկնել էր Վրաստան։

Համացանցում չհաստատված տեղեկություններ են տարածվում Փաշինյանի Վրաստան կատարած այցի Բաթում քաղաքում կատարած կանգառի և դրա շրջանակում հանդիպումների մասին:

Վերջին շաբաթների ընթացքում Նիկոլ Փաշինյանը անընդհատ խոսում է Թուրքիայի հետ հարաբերությունների, գործընթացների պատրաստ լինելու մասին, իսկ թուրքական կողմը ներկայացնում է իր նախապայմանները, որոնց 168.am-ը անդրադարձել է տարբեր հոդվածների միջոցով:

Փաշինյանի խոսքով, Էրդողանի հայտարարություններում իրենք տեսնում են Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հնարավորությունը:

«Մենք պատրաստ ենք քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային ու երկաթուղային տրանսպորտի վերականգնման հարցը: Մենք պատրաստ ենք նման հանդիպման և կարող ենք այն ավելի ընդլայնել»,- ասել էր նա:

Թեմային աջակցել էր նաև Սերգեյ Լավրովը: Նա նշել էր. «Այսօր, երբ պատերազմն ավարտված է Լեռնային Ղարաբաղում, հիմքեր կան քաղաքական գործընթացի, տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակման համար, տրամաբանական կլինի, եթե Հայաստանն ու Թուրքիան վերսկսեն հարաբերությունները կարգավորելու ջանքերը»:

Ընդհանրապես 44-օրյա պատերազմից հետո ավելի ընդգծված կերպով է նկատվում ՌԴ ԱԳ նախարարի բարեհաճ և դրական վերաբերմունքը Նիկոլ Փաշինյանի նկատմամբ, ինչն իրականում միայն առաջին հայացքից է այդպիսին: Որքան ժամանակն առաջ է ընթանում, այնքան ավելի ուշագրավ հանգամանքներ են ի հայտ գալիս հայաստանյան հեղափոխության և դրա աշխարհաքաղաքական կոնտեքստի մասին:

Տեսանյութեր

Լրահոս