1915 թվականի Շուշիի հեղեղումների և գետերում խեղդված երեխաների մասին
Հայոց ամենագեղեցիկ և մշակութային առումով ամենազարգացած քաղաքներից մեկի` Շուշիի մասին առիթ ենք ունեցել շատ խոսելու։ Շուշիի մասին մի քանի հոդվածներում մենք անդրադարձել ենք տարբեր թեմաների, երևույթների ու դեպքերի։ Սակայն պետք է ընդգծել, որ Շուշիի մասին նյութն անսպառ է` նաև ոչ լիարժեք ուսումնասիրված։ Այս անգամ որոշեցինք աչքի անցկացնել և դուրս բերել Շուշիում տպագրվող մամուլից մի շարք հետաքրքիր իրադարձություններ, որոնք կատարվել են մոտ մեկ դար առաջ։
1874 թվականից մինչև 1920 թվականը Շուշիում լույս են տեսել մոտ երկու տասնյակի հասնող թերթեր, հանդեսներ։ Այդ պարբերականների մի մասը եղել է նաև ռուսերեն լեզվով։ Այդ շրջանի կարևորագույն և հետաքրքրական թերթերից էր Շուշիում տպագրվող «Փայլակ» պարբերականը, որում հանդիպում ենք բազմաթիվ հետաքրքրական դեպքեր, որոնք տեղի են ունեցել այդ ժամանակի Շուշիում։ Պետք է ընդգծել, որ պարբերականը լույս է տեսել 1915-1917 թվականների ընթացքում։
Թերթի 1915 թվականի համարներում հանդիպում ենք բազմաթիվ տեղեկություններ այն մասին, որ վերոնշյալ թվականի մայիս և հունիս ամիսներին Շուշիում և նրա հարակից բնակավայրերում տեղացած հորդառատ անձրևների և կարկտի հետևանքով լուրջ վնասներ են ստացել գյուղացիները։ Նրանք կորցրել են իրենց բերքի մեծ մասը, իսկ քաղաքն ու մի շարք բնակավայրեր մեծ վնասներ են կրել բնական աղետից.
«Կիրակի մայիսի 24-ին ժամը 2-ին կէսօրից յետոյ տեղաց մի սոսկալի յորդ անձրև, երբեմն կարկտախառն, տևեց գրեթէ մեկ ժամ։ Այդ տեսակ անձրև այս տարի դեռևս շուշեցիները չէին տեսել։ Իսկոյն քաղաքի փողոցները հեղեղւեցին ջրի յորձանքներով, որոնք տեղ տեղ գոյացրին վիթխարի լճեր ու կատաղի գետեր, կանգնեցնելով մարդկանց երթևեկութիւնը. Հեղեղը բերեց իւր հետ ահագին քանակութեամբ աւազ ու քարեր, որոնք կազմեցին փողոցներում մեծ կոյտեր։ Այն փողոցներում, ուր գոյացած հեղեղները բարձրացել էին մինչև մայթերը, շատ տեղերում թափանցեցին տների ներքնայարկերը, և լցրին ջրով, նմանապէս մի քանի խանութները բազարում ազատ չմնացին ջրից, որը կարողացել էր ներս խուժել մայթերի վրայով»։ («Փայլակ» պարբերական։ 1915 թվական, N 23):
«Երկու շաբաթ առաջ Շուշու գաւառի մի մասում տեղաց, ինչպես արդէն գրել էինք, սաստիկ կարկուտ, որ մեծ վնասներ հասցրեց գիւղական բնակչութեանը։ Այժմ պարզւում է, որ այդ կարկտից բոլորովին փչացել է աշնանացանը Քեաթուկ, Նախիջևանիկ, Փիրջամալ, Վարազաբոյն, Միրշալու, Դահրազ, Նորշէն, Ավտալ, Գիւլաֆլու գիւղերի, ընդհանուր առմամբ մոտ 500 000 դեսեատինի (արտի չափման միավոր) արտերը»։ (Նույն տեղում` N 16)։
«Շուշու գաւառի 4-րդ մասում Կարդալա թիւրքաբնակ գիւղում Քուր գետի հոսանքը տեղացող յորդ անձրևների պատճառով վարարել է և տարել է 6 տուն, անասուններ և փչացրել է 38 դեսեատին ցանքսեր»։ (Նույն տեղում` N 17):
Թերթելով պարբերականի հետագա հոդվածները, տեսնում ենք, որ Շուշիում 1915 թվականին տեղացած անձրևներն ու կարկուտները գյուղատնտեսական վնասներից զատ՝ քաղաքին և հարակից գյուղերին հասցրել են նաև մարդկային կորուստների։ Ցավալիորեն կարդում ենք, որ շատ դեպքերում անձրևից վարարած գետերը քշում- տանում են երեխաներին.
«Տող գիւղ։ Մայիսի 24-ին կէսօրից յետոյ, Տողում տեղաց մի չտեսնւած` կարկտախառն, յորդ անձրև, որ տևեց մօտաւորապէս մեկ ժամ։ Անձրևաջրից կազմւեցին հսկայական հոսանքներ, որոնք իրանց հետ Տողի սարից մեծ քանակութեամբ քար ու աւազ պոկելով բերին լցրին գիւղի մէջ փողոցները։ Այսպէս օրինակ` անձրևաջրի հեղեղը քար ու աւազով լցրեց 3 տուն. Տների բոլոր իրերը փչացրեց։ Միայն ընտանիքները անվնաս ազատւեցին ջրից։ Այժմ պարզւում է, որ այդ կարկտախառն յորդ անձրևից, բոլորովին փչացել է աշնանացանը։ Փչացել են` այգիներ, որոնք գտնւում են Ղուռուչայ և Թաղօտայ գետերի ափերին։ Կատաղած գետերը քար ու քանդ արին այգիները։ Այդ հեղեղի ժամանակ մեր գիւղացի Համբարձում Հայրապետեանցը, ձիով կանգնած գետի ափին, նայում էր ալիքներին, յանկարծ նրա ուշքը գնում է, գլորւում է ձիուց ջրի մէջ։ Կատաղած գետը իսկոյն խեղդում է, գցում ափը, իսկ ձին մնաց անվնաս։ Թշւառ զոհին թաղեցին մայիսի 26-ին»։ (Նույն տեղում` N 25):
«Վերջին երկու-երեք օրւայ յորդ անձրևներից գետերը վարարել են. Շուշի եկած ճանապարհորդները պատմում են, որ ամսոյս 21-ին Խօջալլու գետը խիստ մեծ չափերով բարձրացել էր և նրա կատաղի ալիքներին զոհ են գնացել յանկարծակիի եկած գիւղական 9 երեխաներ, որոնք գետեզերքումն են գտնւելիս եղել»։ (Նույն տեղում` N 22):
«Տող գյուղում վերջերս սկսած մայիսի 24-ից մինչև յունիսի 1-ը տեղացող հեղեղներն անասելի վնասներ հասցրին գիւղացիներին։ Արդէն մի քանի մարդկային զոհեր եղան. մայիսի 23-ին հեղեղը քշել տարել է 70 տարեկան Համբարձում Այրիեանցին, որի դիակն են գտել։ Նմանապէս յունիսի 1-ին հեղեղած գետը տարաւ մի երեխայի, որին յետոյ ազատեց ջրից բաւականին մեծ դժւարութիւններով ու վտանգով Ասրի Բադադեանը»։ (Նույն տեղում` N 26):
Հատկանշական է, որ թերթի մայիս և հունիս ամիսների գրեթե բոլոր համարներում կա տեղեկություն ջրհեղեղի և նրանից ստացված վնասների մասին։ Մենք չկարողացանք ծանոթանալ բոլոր հոդվածների հետ։ Սակայն վիճակագրությունն ու տրամաբանությունը հուշում է, որ իրականում վնասներն ու մարդկային կորուստները եղել են շատ ավելի մեծ։
Զ. Շուշեցի