«Հայ ռազմագերիների շահերով առաջնորդվող մարդկանց գործունեությունը չի համապատասխանում Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանին», որը նա համարում է իր առաքելությունը». Մարինա Գրիգորյան
Սեպտեմբերի 14-ին խորհրդարանում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո, որի վերջին հատվածը մեջբերում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների վերաբերյալ զեկույցից, հետաքրքիր միջադեպ գրանցվեց:
Աննա Մկրտչյանին դահլիճից արձագանքեց ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը՝ ասելով, որ ծնողները բողոքում են, որ նման բաներ են ասում՝ հավանաբար նկատի ունենալով հենց խոշտանգումների մանրամասները:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ այդ զեկույցի վերաբերյալ արձագանքեց. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, հնարած տեսարաններն ինչի՞ համար էր պետք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հնչեցնել»:
Ալեն Սիմոնյանի այս արձագանքի վերաբերյալ նրա խոսնակը 168.am-ին ասել էր, որ արձագանքը ելույթին առնչվող ռեպլիկ էր։
«Սովորական ցեղասպանություն» նախագծի ղեկավար, փորձագետ Մարինա Գրիգորյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով Ալեն Սիմոնյանի այս հայտարարությանը և դրա ազդեցությանը Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդրին, նշեց՝ Ալեն Սիմոնյանը ոչ միայն հերքում է Արման Թաթոյանի և մի շարք իրավապաշտպանների անհերքելի փաստերը, այլև՝ միջազգային կառույցների զեկույցները։
«Եթե չեմ սխալվում, «Human Rights Watch» կազմակերպությունն այս տարվա մարտին էր գրել և պահանջել պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ հայ գերիների նկատմամբ ցուցաբերած դաժան վերաբերմունքի ու խոշտանգումների համար։ Նաև անգլիական կառավարության պաշտոնական լրատվամիջոցը՝ «BBC»-ն, գրել էր այդ դաժան խոտանգումների և դաժան վերաբերմունքի մասին։
Որպես փորձագետ, Ալեն Սիմոնյանին այդ հարցի հետ կապված կարող եմ բերել բազմաթիվ ապացույցներ և ոչ միայն վերջին շրջանի, այլև ընդհանրապես վերջին 33 տարիների վերաբերյալ՝ սկսած Սումգայիթից մինչև արցախյան առաջին ազատամարտի ժամանակ գերի ընկած հայերի խոտանգումների մասին: Անգլիական «Բժիշկներ առանց սահմանների» կազմակերպության ներկայացուցիչները 1997 թվականին ուսումնասիրել էին մոտ 50 հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, որոնք անցել են ադրբեջանական դժոխքի միջով, այդ զեկույցը կա, որտեղ ներկայացված է բոլոր խոշտանգումների ձևերը, որոնք նրանք օգտագործում են հայ ռազմագերիների նկատմամբ»,- նշեց Մարինա Գրիգորյանը։
Ըստ նրա, խոշտանգման այդ տեսակետները շատ նման են այն դաժան վերաբերմունքին, որն այսօր Ադրբեջանը կիրառում է հայ ռազմագերիների նկատմամբ և որոնք նշված են ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցում։
Այդ ամենը Ադրբեջանի համար պետական քաղաքականություն է, որն արվում է հատուկ՝ ցույց տալով, թե ինչ է սպասվում այն հայերին, որոնք կարող են անցնել Ադրբեջանի հսկողության տակ՝ Արցախում, ՀՀ սահմանամերձ շրջաններում։
Հարցին, թե ի՞նչ նպատակ են հետապնդում ՀՀ իշխանության ներկայացուցիչները՝ նման վարքագիծ դրսևորելով և նման հայտարարություններ անելով, Մարինա Գրիգորյանը պատասխանեց՝ այն, ինչ անում է ՄԻՊ Արման Թաթոյանը, իրավապաշտպանները՝ փորձելով պաշտպանել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց իրավունքներն ու շահերը, չի համապատասխանում այն քաղաքականությանը, որը վարում է Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը։
«Ստացվում է, որ հայ ռազմագերիների շահերով առաջնորդվող մարդկանց գործունեությունը չի համապատասխանում Փաշինյանի հայտարարած «խաղաղության դարաշրջանի» չափանիշներին, որը նա համարում է իր առաքելությունը։ Ըստ նրա, չի կարելի նեղացնել թուրքերին, Ադրբեջանի իշխանություններին, որովհետև պատրաստվում են խաղաղություն հաստատել Ադրբեջանի հետ, և դրա համար ցանկացած միջոց իրենց համար կիրառելի ու ընդունելի է, այդ թվում՝ փաստերի ժխտում։
Մենք տեսնում ենք, որ ոչ միայն Ալիևը, այլև նույն Փաշինյանը նույն վերաբերմունքն են ցուցաբերում մեր ռազմագերիների նկատմամբ, որովհետև գերիների հանդեպ դաժան վերաբերմունքն ու խոշտանգումների փաստերը ժխտելը նշանակում է՝ այդ քաղաքականության արդարացում, եթե չասեմ՝ խրախուսում։ Մենք արդեն տեսնում ենք, որ Ադրբեջանում արդեն ուրախանում են, ցիտում են Ալեն Սիմոնյանին և Նիկոլ Փաշինյանին, որը պատրաստվում է հայ գերիներին Բաքվում պահել 1-2 ամիս, չնայած արդեն իր ասածից մի քանի ամիս է անցել»,- ընդգծեց Մարինա Գրիգորյանը։
Միաժամանակ նա հավելեց, որ այս հայտարարություններից հետո, Ադրբեջանի նախագահն ի լուր աշխարհի կասի, թե որևէ հայ գերու չեն խոշտանգել, քանի որ Հայաստանի առաջին ու երրորդ դեմքերը հավաքագրած փաստերը հերքում են։ Հետևաբար, այս ամենը Ադրբեջանի համար ուղղակի նվեր է, երբ երկրի ղեկավարությունը բոլոր դաժանությունները համարում է հորինված։
«Կրկնում եմ՝ այստեղ խոսքը հայ ռազմագերիների նկատմամբ Ադրբեջանի դաժան, անմարդկային վերաբերմունքի մասին է, որը փաստացի խրախուսվում է Հայաստանի ղեկավարության կողմից»,- նշեց Մ. Գրիգորյանը։
Ինչ վերաբերում է փաստաբան Լուսինե Հակոբյանի այն հայտարարությանը, ըստ որի՝ Արման Թաթոյանը հայ ռազմագերիներին հարցրե՞լ է, որ նրանց վերաբերյալ նման զեկույց է հրապարակում, Մարինա Գրիգորյանն ասաց՝ նա պետք է նայի հայելու մեջ ու իրեն հարցնի՝ հա՞յ է, թե՞ թուրք։
«Ես ո՛չ նրան, ո՛չ Ալեն Սիմոնյանին չեմ ցանկանա, որ մեկ ժամով հայտնվեն ադրբեջանական գերության մեջ։ Չնայած համոզված եմ, որ Ալեն Սիմոնյանին ու Փաշինյանին այնտեղ ոչ թե կխոշտանգեն, այլ մեծ պատվով կընդունեն։ Արման Թաթոյանը և մեր իրավապաշտպաններն անում են այն աշխատանքը, որը պետք է անեին բոլոր կառույցները, որոնք ինչ-որ ձևով առնչվում են այդ հարցի հետ։ Ըստ իս, բոլոր փաստաբանները, որոնք զբաղվում են հումանիտար միջազգային իրավունքով, պետք է աջակցեն իրենց ուժերի հնարավորության չափով»,- եզրափակեց նա։