«Դա ելույթին առնչվող ռեպլիկ էր». Ալեն Սիմոնյանի խոսնակը՝ ի պատասխան ԱԺ նախագահի կողմց ՄԻՊ զեկույցը կասկածի տակ դնելու հարցին

Ազգային ժողովում (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի ելույթից հետո, որի վերջին հատվածը մեջբերում էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի՝ Ադրբեջանում որպես պատանդ պահվող մեր ռազմագերիների և քաղաքացիական անձանց խոշտանգումների վերաբերյալ զեկույցից, հետաքրքիր միջադեպ գրանցվեց: Աննա Մկրտչյանին դահլիճից արձագանքեց ՔՊ-ական սյունեցի պատգամավոր Մարինա Ղազարյանը՝ ասելով, որ ծնողները բողոքում են, որ նման բաներ են ասում՝ հավանաբար նկատի ունենալով հենց խոշտանգումների մանրամասները:

Առավել ուշագրավ էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը. «Ես էլ չհասկացա, անկեղծ ասած, հնարած տեսարաններն ինչի՞ համար էր պետք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում հնչեցնել»:

Ինչպես հետագա արձագանքները ցույց տվեցին, տառացիորեն բոլորն Ալեն Սիմոնյանի խոսքերը վերաբերելի էին ընկալել ՄԻՊ Արման Թաթոյանի զեկույցի բովանդակությանը: Մարդիկ արդարացիորեն զարմանում էին, որ ԱԺ նախագահը կասկածի տակ է դրել Պաշտպանի զեկույցի բովանդակությունն ու փաստական հանգամանքները:

168.am-ը Ալեն Սիմոնյանի խոսնակ Ծովինար Խաչատրյանին խնդրեց փոխանցել Ալեն Սիմոնյանի պաշտոնական մեկնաբանությունն այդ դրվագին, հստակորեն նշել, թե ո՞ւմ էին վերաբերում իր խոսքերը:

«Դա ելույթին առնչվող ռեպլիկ էր»,- ի պատասխան մեր հարցի՝ ասաց ԱԺ նախագահի խոսնակը՝ այլ մանրամասների չանդրադառնալով:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930