Անվտանգային ճգնաժամը խորանում է, տնտեսության ռիսկերն ավելանում են  

Տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու ջատագով Հայաստանի իշխանություններին ոչ մի կերպ չի հաջողվում վերականգնել այն անվտանգային միջավայրը, որն ունեինք մինչև ղարաբաղյան վերջին պատերազմը։ Պատերազմի ավարտից անցել է ավելի քան 10 ամիս, բայց մեր երկրի անվտանգային միջավայրը շարունակում է միայն վատանալ։

Կայունության վերականգնման նշաններ չկան անգամ այն պայմաններում, երբ իշխանություններն առիթը բաց չեն թողնում խոսելու հարևաների հետ ճանապարհներն ապաշրջափակելու ու բարիդրացիական հարաբերություններ հաստատելու մասին։

Ոչ մի հույս չկա, որ առաջիկայում այս իրավիճակը կարող է փոխվել։ Թշնամին անընդհատ նոր պայմաններ է թելադրում ու նոր խնդիրներ ստեղծում՝ տարածաշրջանում խաղաղության դարաշրջան բացելու Հայաստանի իշխանությունների հայտարարություններին ի պատասխան։ Դրական ազդակները, որոնց մասին խոսում են իշխանությունները, չեն երևում։ Ընդհակառակը՝ խնդիրները գնալով շատանում են։

Ոչ վաղ անցյալում ադրբեջանցիները փակել էին Գորիս-Կապան ճանապարհը և 2-3 օր ագելել երթևեկությունը մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող այս հանգույցով։ Անցած օրն էլ հայտնի դարձավ, որ հիմա էլ խնդիրներ են ստեղծում Հայաստան մտնող իրանական բեռնատարների ճանապարհին. նրանց պարտադրում են ինչ-որ վճարումներ կատարել։

Հաղորդակցության առանց այն էլ սահմանափակ հնարավորությունների պայմաններում՝ սա Հայաստանը արտաքին աշխարհից կտրելու ևս մեկ քայլ է, որը ոչնչով չի բխում մեր իշխանությունների խաղաղասիրական ձգտումներից։ Մինչ նրանք ճանապարհների ապաշրջափակման մասին են խոսում՝ հակառակորդը փորձում է մեզ զրկել նաև եղած հնարավորություններից։

Եթե սա է խաղաղության դարաշրջան բացելու Հայաստանի իշխանությունների ձեռքբերումը, ապա այն մեզ ոչ մի լավ բան չի խոստանում։

Մեր երկրում ու երկրի շուրջ անվտանգային միջավայրի հետ կապված ռիսկերը գնալով ավելանում են։

Այս պայմաններում հեքիաթ է տնտեսության լուրջ զարգացումների մասին մտածելը։

Պատահական չէ, որ միջազգային կազմակերպությունների գնահատականները մեր տնտեսության աճի ու զարգացումների մասին չեն փայլում իրենց լավատեսությամբ։ Լավագույն դեպքում ակնկալիքը 4-5 տոկոսանոց աճի մասին է։ Այն էլ՝ անցած տարվա 7,4 տոկոս նվազումից հետո։

Օրինակ՝ Համաշխարհային բանկի մասնագետների գնահատականն ընդամենը 3,4 տոկոս է այս տարվա համար։ Այն կրկնակի պակաս է առաջիկա տարիներին կառավարության ստանձնած 7 տոկոս նվազագույն աճից։ 9 տոկոս աճի ակնկալիքների մասին նույնիսկ իմաստ չկա խոսելու։

Համաշխարհային բանկի մասնագետները վարդագույն հեռանկարներ չեն տեսնում նաև առաջիկա տարիների կտրվածքով։ Հաջորդ տարվա համար Հայաստանի տնտեսության աճի եղած գնահատականն այս պահին ընդամենը 4,3 տոկոս է։ 2023թ. էլ սպասում են 5,3 տոկոս աճ։

Համաշխարհային բանկի մասնագետների գնահատականները ոչ մի կերպ չեն տեղավորվում կառավարության այն խոստումների մեջ, որոնք տրվել են առաջիկա 5 տարիների համար։ Բայց այնպես չէ, որ միայն ՀԲ-ն է չափավոր աճ կանխատեսում Հայաստանի համար։ Շատ ավելի վատ են ԱՄՀ սպասումները։ Արդեն բավական երկար ժամանակ այս կառույցը ձեռնպահ է մնում խոսել Հայաստանի տնտեսության զարգացումների մասին։ Իսկ վերջին անգամ ներկայացրել է ընդամենը 1 տոկոս աճի հավանականություն։

Համաշխարհային բանկի կանխատեսումների մոտ է նաև միջազգային վարկանշային կազմակերպություններից մեկի՝ «Ֆիթչի» գնահատականը։ Այն 3,2 տոկոս է։

Վերակառուցման և Զարգացման բանկն էլ մեր տնտեսության աճի հավանականությունը 4 տոկոս է համարում։ Հաջորդ տարվա կանխատեսումն էլ էապես չի փոխվում՝ ակնկալվում է աճի ընդամենը 1 տոկոսային կետով բարելավում։

Մեր Կենտրոնական բանկի կանխատեսումը ևս շատ չի տարբերվում այս գնահատականներից։ Տարվա սպասումը 4,6 տոկոս է։

Առայժմ միայն կառավարությունն է անհույս լավատես։ Ակնկալիքը 6 տոկոս է։ Բայց այն իրավիճակը, որը կա Հայաստանում՝ հեռանկարային չէ դրա համար։

Տնտեսությունը շաղկապված է երկրի անվտանգային միջավայրի հետ և չի կարող զարգանալ դրանից անկախ։ Այն կեղծ ազդակները, որոնք փորձում են բարձր աճերի, դինամիկ զարգացումների ու հորդացող ներդրումների տեսքով հաղորդել տնտեսության ոլորտի մասնակիցներին, առոչինչ են։ Տնտեսության զարգացման, առավել ևս՝ ներդրումների համար անհրաժեշտ է ունենալ անվտանգային միջավայր՝ սկսած սահմաններից, վերջացրած երկրի ներսում առկա իրավիճակով։ Դեռ չհաշված այն հակատնտեսական կամ հականերդրումային քայլերը, որոնք պատրաստվում են անել իշխանությունները՝ հատկապես ապօրինի գույքի բռնագանձման գործառույթի կիրառման ներքո։ Այն ավելի է խորացնելու անվտանգային ճգնաժամը, որ կա մեր երկրում ներդրումների համար։

Չի կարելի տնտեսության զարգացումների ու տնտեսական ակտիվության վերաբերյալ դատողություններ անել ռեստորաններ կամ սրճարաններ այցելող մարդկանց քանակով։ Դա շատ պրիմիտիվ մոտեցում է, որը ոչ մի կապ չունի տնտեսության մեջ տեղի ունեցող իրական պրոցեսների հետ։

Անվտանգության այն միջավայրը, որի մեջ արդեն գրեթե մեկ տարի հայտնվել է մեր երկիրը, տնտեսության զարգացման համար ոչ մի նպաստավոր պայման չի թողնում։ Ներդրումները, որոնց մասին երբեմն-երբեմն խոսում են պաշտոնյաները, կլինեն լավագույն դեպքում, ասենք, բենզալցակայանների նոր ցանցի ստեղծման տեսքով։ Սակայն դա տնտեսության որակի առումով ոչինչ չի փոխում մեր երկրում՝ ընդամենը կարող է բենզինի առևտուրը մեկ ընկերությունից տեղափոխել մեկ այլ ընկերության մոտ։

Դրանով տնտեսության մեջ որակ չի ստեղծում։ Գուցե այն կարճաժամկետ արդյունք տա, բայց այդպիսի ներդրումներով տնտեսության մեջ որակ չի փոխվում։

Տնտեսության մեջ որակ ստեղծելու համար հարկավոր են այնպիսի ներդրումներ, որոնք կգնան, ասենք, մշակող արդյունաբերություն կամ տնտեսության այլ առանցքային ճյուղեր։ Իսկ ի՞նչ ունենք այդ առումով։ Տարին մոտենում է ավարտին, իսկ մշակող արդյունաբերությունը շարունակում է անկումային լինել՝ անգամ անցած տարվա անկման ֆոնին։

Սա է մեր տնտեսության որակի գնահատականը։ Իսկ որ 1-2 ճյուղում աճեր կան՝ թելադրված հայտնի ու անհայտ գործոններով, դրանից պետք չէ ոգևորվել և չհիմնավորված հետևություններ անել։ Մեր անվտանգային միջավայրը նպաստավոր չէ տնտեսության զարգացումների համար։ Այդպես կլինի այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվել ոչ միայն հաղթահարել սահմանային լարվածությունը, այլև երկրի ներսում առկա անվտանգային ճգնաժամը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս