«Ալեն Սիմոնյանը լավ կանի՝ ՄԻՊ-ի զեկույցը կարդա». Աննա Մկրտչյան
«Սա ուղղակի ևս մեկ անգամ ապացույցն է նրա, որ էս մարդիկ ոչ միայն չեն զբաղվում գերիների խնդրով, այլ նաև իրենց նյարդայնացնում է այն հանգամանքը, որ ՀՀ ՄԻՊ-ը կարողացել է ամբողջական և լրիվ պատկերը ներկայացնել ՀՀ քաղաքացիների հետ տեղի ունեցող այն խոշտանգումների մասին, որոնք Բաքվի բանտերում են տեղի ունենում»,- ԱԺ-ում լրագրողների հետ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը՝ անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք իր ելույթի վերջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի արձագանքը կասկածի տակ էր դնում ՄԻՊ զեկույցի փաստական հանգամանքները: Պատգամավորը նշում է՝ Մարդու իրավունքների պաշտպանին ոչ միայն չեն օգնել պատրաստել այդ զեկույցը, տարածմանը չեն օժանդակել, դեռ մի բան էլ նյարդայնանում են, որ հայ հասարակությունը տեղյակ է լինում դրանից:
«Էս անձնավորությունը, որն ամեն գնով եկել-թառել է ԱԺ նախագահի աթոռին, մի նպատակ ունի՝ ուղղակի ապահովել, որ իրենց համար հաճելի հնարավոր տեսարանները ինչ-որ մեկը չփչացնի այն բանի մասին հիշատակումներով, որ ՀՀ-ում այլևս անվտանգություն գոյություն չունի»,- ասաց պատգամավորը:
Նրա խոսքով՝ հենց այս տրամաբանության մեջ հրաժարվեցին ԱԺ հրավիրել իրավասու պետական մարմինների ղեկավարներին, որ պատգամավորները չհարցնեն՝ ադրբեջանցին այդ ի՞նչ է գանձում 3-րդ պետության բեռնատարներից, որոնք մտնում են ՀՀ տարածք:
«Ալեն Սիմոնյանը լավ կանի՝ ՄԻՊ-ի զեկույցը կարդա, բայց ոչ թե որպես թուրք-Ադրբեջանի ստրուկ, ինչպես իրենց իշխանությունն է իրեն պահում, այլ կարդա որպես հայ, որպես գոնե այս պահի դրությամբ ՀՀ ԱԺ նախագահի աթոռին նստած մեկը»,- ասաց Աննա Մկրտչյանը՝ Ալեն Սիմոնյանին խորհուրդ տալով կարդալ ու հասկանալ ՄԻՊ զեկույցը, որովհետև յուրաքանչյուր հայ, որը կարդում է դա, այնպիսի բարոյահոգեբանական խնդիրների մեջ է ընկնում, որ դժվար է դրանից հետո դուրս գալ ու քայլել փողոցում:
Աննա Մկրտչյանը խայտառակություն որակեց Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանի ձևակերպումը, թե Սյունիքի մեր տարածքները գտնվում են Խորհրդային Ադրբեջանի տարածքում:
«Տպավորություն է, որ այս մարդիկ ամեն կերպ փորձում են արդարացնել ադրբեջանական ագրեսիան: Այս մարդիկ իրենց ելույթներով ուղղակիորեն, երբ իշխանափոխությունից հետո մարդիկ կգան ու կփորձեն աշխատել, թուրքն ու ադրբեջանցին մեզ դեմ են տալու ինչ-որ մի ժամանակահատվածում ՀՀ իշխանության աթոռներին նստած անձանց մեջբերումները»,- ասաց Աննա Մկրտչյանը:
Խոսելով ընդդիմության անելիքների մասին՝ Աննա Մկրտչյանը նկատեց՝ չկա որևէ պետություն, որտեղ ընդդիմությանը տրված կլինեն լծակներ, որոնք հնարավորություն տան իշխանությունից անջատ իրականացնել գործունեություն:
«Ընդդիմությունից պահանջել, որ մենք կարող ենք անել ինչ-որ բան, ճիշտ չէ: Ամբողջ պատասխանատվությունն ընկած է իշխանության վրա, և այդպես է եղել ՀՀ անկախության բոլոր տարիների ընթացքում: Պատերազմի, խաղաղության, դիվանագիտական, ռազմական, իրավական և քաղաքական հաջողությունների ու անհաջողությունների պատասխանատուն իշխանություններն են»,- ասաց Աննա Մկրտչյանը: