Կառավարման կիսանախագահական մոդելը ձևավորվել է զուտ տարբեր անձանց միջև հարաբերություններ կարգավորելու և միմյանց միջև լիազորություններ բաշխելու համար. Անահիտ Մանասյան
«Սահմանադրական զարգացումներ ցանկացած հասարակական համակարգում մշտապես են անհրաժեշտ, որովհետև հասարակական հարաբերությունները զարգանում են, և, բնականաբար, սահմանադրական համակարգը ևս պետք է համարժեք լինի այդ զարգացումներին, բայց այստեղ էական հարցն այն է, որ ըստ էության սահմանադրական զարգացումները չեն սահմանափակվում միայն Սահմանադրության տեքստային փոփոխություններով: Զարգացած սահմանադրական զարգացում ունեցող գրեթե բոլոր երկրներում մշակված են սահմանադրական զարգացումների նաև այլընտրանքային եղանակներ, մասնավորապես, օրինակ՝ Սահմանադրության պաշտոնական մեկնաբանության ինստիտուտը, սահմանադրական ավանդույթների, մշակույթի զարգացման միջոցով Սահմանադրության զարգացումը»,- 168.am-ի «Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտ Անահիտ Մանասյանը՝ անդրադառնալով այն հարցին՝ արդյո՞ք հիմա անհրաժեշտ են սահմանադրական փոփոխություններ:
Ըստ նրա՝ հարցին այս տեսանկյունից մոտենալու պարագայում պետք է արձանագրենք, որ, այո՛, սահմանադրական զարգացումներ անհրաժեշտ են, բայց մեզ համար այս պահին առաջնահերթը ոչ թե անընդհատ Սահմանադրության տեքստային փոփոխություններ կատարելը պետք է լինի, այլ այն, որ կարողանանք մշակել այնպիսի համակարգ, որտեղ հաջողությամբ կհամադրվեն Սահմանադրության զարգացման այս բոլոր մեթոդները:
«Ինչ վերաբերում է Սահմանադրության տեքստային փոփոխություններին, դրանք պետք է կատարել բացառապես մի քանի կարևոր հանգամանք հաշվի առնելու պարագայում: Առաջինը, երբ տեսնում ենք, որ այլևս այլ մեթոդներով անհնար է զարգացնել սահմանադրական համակարգը: Երկրորդ՝ երբ կատարել ենք խնդիրների հստակ գույքագրում, առաջարկել ենք հստակ, պրոֆեսիոնալ լուծումներ, տեսել ենք, որ այդ խնդիրները և առաջարկված պրոֆեսիոնալ լուծումներն ըստ էության իրար հետ ուղիղ կապի մեջ են գտնվում»,- ասաց սահմանադրագետը՝ հավելելով, որ հարցին պետք է շատ զգույշ ու մանրակրկիտ մոտենալ, որովհետև իրականում շատ դեպքերում սահմանադրական փոփոխությունները շատ լուրջ բացասական հետևանքներ կարող են ունենալ:
Անահիտ Մանասյանը կարծում է՝ սահմանադրական տեքստում մշտապես կարող են լինել առանձին նորմեր, որոնք կարելի է շատ ավելի գրագետ ձևակերպել:
«Սահմանադրական մշակույթի զարգացման շատ լուրջ անհրաժեշտություն, ողջամիտ ինքնասահմանափակման կարիք ունենք մենք: Ինչ վերաբերում է կառավարման ձևին, բոլոր ձևերն էլ աշխարհում ընդունված են, և տարբեր երկրներ կառավարման տարբեր ձևեր են կիրառում, և ամենուր կան թե թերություններ, թե առավելություններ: Ինձ համար առանցքայինն այն է, որ մենք հրաժարվենք կառավարման խառը ձևերից, այսինքն՝ կիսանախագահական ձևից, օրինակ, որովհետև այն արհեստական ստեղծման ճանապարհ է անցել այն տեսանկյունից, որ ձևավորվել է զուտ տարբեր անձանց միջև հարաբերություններ կարգավորելու և միմյանց միջև լիազորություններ բաշխելու համար: Կառավարման տեսանկյունից այն ունի շատ լուրջ թերություն՝ գործադիր իշխանության ղեկավարման դուալիզմը, երբ կա գործադիր իշխանության փաստացի երկու ղեկավար՝ վարչապետը և նախագահը, որոնց լիազորությունները շատ դեպքերում խաչաձևվում են, չկա հստակ պատասխանատվության համակարգ, և այլն»,- ասաց ԵՊՀ Սահմանադրական իրավունքի ամբիոնի դոցենտը:
Անահիտ Մանասյանը կողմնակից է կառավարման դասական ձևերին՝ նախագահական կամ խորհրդարանական, և նշում է, որ շատ դեպքերում մենք միֆերով ենք առաջնորդվում՝ խոսելով կառավարման այս ձևերի մասին, որովհետև մեզ թվում է՝ եթե գործ ունենք նախագահական ձևի հետ, իշխանության ամենագլխավոր սուբյեկտը նախագահն է, իսկ խորհրդարանական կառավարման պարագայում իշխանության կրողը Խորհրդարանն է:
«Իրականում դա այդպես չէ, որովհետև թե խորհրդարանական, թե նախագահական կառավարման ձևերի պայմաններում իշխանությունների բաժանման և հավասարակշռման համակարգը նույնն է այն տեսանկյունից, որ օրենսդիր իշխանությունը, միևնույն է, իր բոլոր հնարավոր ֆունկցիաներով իրականացնում է Պառլամենտը՝ անկախ նրանից, թե մենք իրեն ինչպես կանվանենք, իսկ գործադիր իշխանությունն իրականացնում է դարձյալ համապատասխան մարմինը: Պարզապես գործադիրի ղեկավարը կառավարման մի ձևի պարագայում կոչվում է նախագահ, իսկ մյուսի դեպքում՝ վարչապետ, բայց միևնույն է, դրանից լիազորությունների բաշխվածությունը չի փոխվում: Բնականաբար, դատական իշխանությունն էլ իրականացնում են դատարանները»,- ասաց Անահիտ Մանասյանը՝ հավելելով, որ կան առանձին դետալային տարբերություններ, բայց դրանք իրականում այս համակարգերի վրա չեն ազդում:
Սահմանադրագետի խոսքով՝ կառավարման ձևի փոփոխությունն այս պահին Հայաստանի Հանրապետության համար չի կարող լինել այն խնդիրների լուծումը, որոնք մենք ունենք, և հնարավոր է՝ շատ ավելի լուրջ ռեսուրսների կորուստ ունենանք:
«Իրականում մենք արդեն ձևավորել ենք խորհրդարանական կառավարման համակարգ, և եթե ես անձամբ լինեի ուղղությունը մշակողը, երևի թե ավելի շատ կտանեի ճիշտ քաղաքական և սահմանադրական ավանդույթներ ձևավորելու կոնտեքստում հենց այս կառավարման ձևի համատեքստում»,- եզրափակեց Անահիտ Մանասյանը:
Մանրամասները՝ տեսանյութում