Բաժիններ՝

Մահվան ժողովրդագրական պատկերը

Ժողովրդագրության տվյալների նկատմամբ հասարակական հետաքրքրությունը մշտական չէ: Ժողովրդագրության մեկ առանձին վերցրած տվյալի նկատմամբ հետաքրքրությունն աճում է ուսումնական տարվա սկզբին: Այդ օրերին համարյա բոլորին մեկ հարց է հետաքրքրում՝ քանի՞ աշակերտ գնաց առաջին դասարան:

Բոլորը, որպես կանոն, թիվը լսելուց ախուվախ են քաշում: Քաշում ու փորձում են հիշել, թե վերջին անգամ որ թվականին է առաջին դասարանցիների թվաքանակն անցել 40.000-ը: Փորձում են ու չեն հիշում: Որպես կանոն:

Միայն առանձին հետաքրքրասերներ են բացում ժողովրդագրական տվյալներն ու փորձում տվյալներ գտնել: Փորձում ու խճճվում են թվերի մեջ: Որովհետև ժողովրդագրական տվյալները մեկը մյուսից սահմռկեցուցիչ են:

Այն, որ 2014թ․ ռեկորդային քանակով ծնունդներ են գրանցվել (43.031 երեխա) դեռ չի նշանակում, որ 6-7 տարի հետո նույն քանակի երեխա գնաց դպրոց: Արտագաղթը միշտ էլ «սրբագրում» է այդ թվերը:

Ռեկորդային 2014-ից հետո ծնունդների քանակը, որպես կանոն, նվազում է: Տարեցտարի:

Ժողովրդագրության ոլորտում արձանագրվող բացասական երևույթների նկատմամբ հասարակության ու իշխանությունների ուշադրությունն արթնացնելու համար վիճակագիրները բազում տվյալներ են հրապարակում: Օրինակ, այն, որ մահացությունների քանակը վերջին երկու-երեք տարիներին կտրուկ աճում է: 2018թ․ մահացության թվաքանակը 25.645 էր, 2019-ին՝ 26.186, իսկ անցած տարի՝ 35.371: Այս թվերից չի կարելի եզրակացնել, որ երկրի բնակչության միջին տարիքը պակասում է: Հակառակը՝ մենք ծերացող ազգի ցուցանիշ ունենք: Այսինքն՝ երկրի բնակչության միջին տարիքն ամեն տարի աճում է:

2018թ․ մեր միջին տարիքը 36.5 էր, 2019-ին՝ 36.7, իսկ 2020-ին՝  36.9: Մեկ կարևոր լրացում՝ մեր ժողովրդագիրները բնակչության տարիքը հաշվառում-ներկայացնում են տարեսկզբի դրությամբ: Այսինքն՝ 2020թ․ իրական տարիքը կիմանանք 2022թ․ առաջին ամիսներին: Բացի բնակչության միջին տարիքից, ժողովրդագիրները մի քանի այլ ցուցանիշներ էլ են հաշվարկում ոլորտի վիճակն ավելի պարզ դարձնելու համար: Օրինակ, կա «բնակչության կենսունակության գործակից» տերմինը: Այն ծնվածների և մահացության դեպքերի հարաբերակցությունն է: Այն արտահայտվում է տոկոսով:

2018-ի ցուցանիշը 142 տոկոս էր, 2019-ինը՝ 137.6 տոկոս էր, իսկ 2020-ինը՝ 103: Այն, որ վիճակը շարունակում է վատանալ՝ նկատելի է այս տարվա առաջին յոթ ամիսների ցուցանիշից՝ 106.6 տոկոս (նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 113.4 տոկոսի դիմաց):

Բացի կենսունակության տոկոսային գործակցից, ժողովրդագիրները մեկ ավելի մատչելի ցուցանիշ էլ են հաշվարկում: Խոսքը «բնակչության բնական հավելաճի» մասին է: Սա ծնունդների ու մահերի տարբերությունն է: Պարզ ասած, թե քանի ծննդյան վկայականի դիմաց մահվան քանի վկայական է լրացվել տվյալ ժամանակաշրջանում: Այս պարզ ցուցանիշը դիտարկենք ժամանակային ավելի մեծ գոտում, որպեսզի պատկերն ավելի տեսանելի (ու ազդեցիկ) լինի:

Ծնունդների քանակը մահացություններին 2013թ․ գերազանցել է 14.594, 2014-ին՝ 15․317,  2015-ին՝ 13․980-ով, 2016-ին՝ 12.366-ով, 2017-ին՝ 10.543-ով, իսկ 2018-ին՝ 10.823-ով: 2019-ից ծնունդների գերազանցությունն այլևս 10.000-ից պակաս է՝ 9855: 2020թ․ ողբերգական ցուցանիշը մնաց աննկատ:

Անցած տարի երկրի բնական հավելաճը կազմել է ընդամենը 1 (մեկ) հազար 77: Իհարկե, այն գնահատվեց՝ որպես պատերազմի հետևանք, և բավարար ուշադրության չարժանացավ: Մինչդեռ 2021թ․ ցուցանիշներն էլ են շարունակում մտահոգիչ մնալ: Ժողովրդագրությոն մեջ էլ ընդունված է ցուցանիշները ներկայացնել նույն ժամանակահատվածների համադրմամբ: Այսինքն՝ պարզելու համար, թե այս տարի ինչ իրավիճակ է բնական հավելաճի տեսանկյունից, հարկավոր է այս տարվա հունվար-հուլիս տվյալները համեմատել նախորդ տարիների նույն ժամանակահատվածի տվյալների հետ: Համեմատել ու արձանագրել, որ բնակչության բնական հավելաճը տարեցտարի նվազում է: 2018թ․ առաջին յոթ ամիսներին այն կազմել էր՝ 4087, 2019թ․՝ 3579, 2020թ․՝ 2229: Իսկ այս տարվա հունվար-հուլիսի բնական հավելաճը 1 (մեկ) հազար 252 է:  Նույն ժամանակահատվածում այս տարի 691 ծնունդ ավելի է գրանցվել, քան անցած տարի: Բայց փոխարենը մահացությունների քանակը 1 (մեկ) հազար 738-ով ավելի է, քան անցած հունվար-հուլիսին:

Այ այսպես, ամեն անգամ, երբ փորձում ես պարզել, թե, ի վերջո, այս տարի քանի երեխա գնաց առաջին դասարան, ժողովրդագրությունն իր հմայքներով ու ծուղակներով թեման փոխում է: Փոխում ու հրապարակում է տխուր թվեր:

Տխուր թվեր ու փաստեր, որ ո՛չ հասարակությունն է կարևորում, ո՛չ իշխանությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս