Ի՞նչ հարցեր է քննարկում Փաշինյանը Թբիլիսիում

Նիկոլ Փաշինյանը սեպտեմբերի 8-9-ը պաշտոնական այցով Վրաստանում է: Կառավարության փոխանցմամբ` նախատեսված են հանդիպումներ Վրաստանի վարչապետի և նախագահի հետ, այնուհետև՝ հայ-վրացական բարձր մակարդակի բանակցություններ:

Սա ընտրություններից հետո Նիկոլ Փաշինյանի առաջին արտասահմանյան այցերից հերթականն է, որը կարևորվում է ռեգիոնալ հետպատերազմյան գործընթացների համատեքստում։ Փաշինյանի հետընտրական առաջին ուղղությունը հուլիս ամսին Մոսկվան էր, որտեղ ՌԴ նախագահը ողջունեց Փաշինյանի վերընտրությունը և ստացած մանդատը ցավոտ որոշումներ կայացնելու համար, երկրորդը՝ օգոստոսի սկզբին Իրանը, որտեղ Փաշինյանը մասնակցեց Իրանի նախագահի երդմնակալության արարողությանը, նորընտիր նախագահի հետ խոսվեց տարածաշրջանային կապուղիների՝ Պարսից ծոցից Սև ծով տրանսպորտային և մալուխային կապի զարգացման, Հյուսիս-Հարավ ավտոմայրուղու կառուցման ծրագրի շուրջ, երրորդը՝ օգոստոսի կեսերին Ղրղըզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։

Մինչ Վրաստան մեկնելն այսօր Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ անդրադարձավ հայ-թուրքական հարաբերություններին։

«ՀՀ-ի հետ հարաբերությունների հարցին հրապարակային անդրադարձ է կատարել Թուրքիայի նախագահը։ Այդ հայտարարություններում մենք տեսնում ենք Հայաստան-Թուրքիա հարաբերությունները կարգավորելու, հայ-թուրքական երկաթուղին և ճանապարհները վերագործարկելու մասին խոսելու հնարավորություն։ Եվ մենք պատրաստ ենք նման խոսակցության։ Մեծ հաշվով խոսքը մեր տարածաշրջանը՝ արևմուտքը արևելքին, հյուսիսը հարավին կապող խաչմերուկ դարձնելու մասին է»,- ասել է նա։

Փաշինյանի խոսքով՝ տվյալ գործընթացին ակտիվ աջակցելու հրապարակային պատրաստակամություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը, գործընթացով հետաքրքրված են նաև Եվրամիությունը, Ֆրանսիան, Միացյալ Նահանգները, իսկ կոմունիկացիոն նախագծերի զարգացման ուղղությամբ շահագրգռված են Չինաստանն ու Հնդկաստանը։

168.am-ի հետ զրույցում վրացի քաղաքական վերլուծաբան Սոսո Ցինցաձեն ասաց, որ Թբիլիսիում կքննարկվի հայ-վրացական հարաբերությունների ողջ ասպեկտը, ինչը բնորոշ է նման այցերին։ Սակայն, նրա խոսքով, բոլոր թեմաներից, բնականաբար, ներկայումս առանձնանալու է տրանսպորտային հաղորդակցությունների թեման և այդ օրակարգին Վրաստանի մասնակցության հարցը։

«Օրերս Թուրքիայի նախագահը հստակեցրեց Վրաստանի դիրքորոշումը, որ չի մասնակցելու 6-ի պլատֆորմին։ Բայց Վրաստանն ընդհանրապես չի հրաժարվել իր հարևանների հետ համագործակցությունից, ընդհակառակը, Վրաստանը ողջունում է, եթե խոսքը Հայաստանի ապաշրջափակման և նոր, գուցե՝ համատեղ հնարավորությունների ստեղծման մասին է։ Վրաստանը դեմ է նախագծերի, որոնցում կա Ռուսաստանի հետ ուղիղ հաղորդակցության առիթ, Վրաստանը ունի հարաբերություններ Հայաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Իրանի հետ և պատրաստ է քննարկել, քննարկում է, բայց այս պահին հաղորդակցությունները՝ ուղիղ Ռուսաստանի մասնակցությամբ, բացառված են, Ռուսաստանի մասնակցության պատճառով այն անվտանգ չէ Վրաստանի համար, այդ պատճառով Վրաստանը կաշկանդված չէ 6-ի պլատֆորմից հրաժարվելու հարցում»,- նման կարծիք հայտնեց Սոսո Ցինցաձեն։

Ըստ նրա, բազմակողմի փոխարեն՝ կան երկկողմ պլատֆորմները։

«Կարծում եմ՝ այս հանդիպումը մեծ հաշվով ուղղված է լինելու քննարկումներին հենց այդ մակարդակում, քննարկումներին, որոնք արևմտյան՝ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի օրակարգում են նաև, դրանք են Սև ծով-Պարսից ծոց, Հյուսիս-Հարավ միջանցքի իրագործման հարցերը»,- ասաց Ցինցաձեն։

Վրացի վերլուծաբան Կախա Գոգոլաշվիլին ևս կարծում է, որ Փաշինյանի Վրաստան կատարած այցի առանցքում լինելու են տարածաշրջանային երթուղիների շուրջ մտքերի փոխանակությունը և դրանց շուրջ հայ-վրացական համագործակցության ընդլայնումը։ Ըստ նրա, քաղաքական խնդիրների բերումով Վրաստանը այս հարցերից մի փոքր մեկուսացվել է, սակայն, ինչպես Հայաստանի, այնպես էլ Վրաստանի շահերից է բխում ու կա հետաքրքրվածություն, որ այս հարցերի շուրջ համագործակցությունն ընդլայնվի որքան հնարավոր է, որը կբերի տարածաշրջանում արևմտյան դիրքորոշման «ներկայության»։

«Վրաստանի կարմիր գծերը, ըստ իս, հայտնի են բոլորին, սակայն այս տարածաշրջանն առավելապես Վրաստանին վերաբերող թեմա է, քան, օրինակ, Ռուսաստանին, ուստի Վրաստանն ինքը շահագրգռված է, որպեսզի իր շահերը բավարարվեն»,- ասաց նա։

Նրա խոսքով, բացի քննարկվելիք այլ հարցերից, կքննարկվի նաև հայ-վրացական սահմանազատման խնդիրը։

«Վրաստանը սահմանային խնդիրներ ունի Ադրբեջանի հետ, լավ կլիներ, որ տարածաշրջանում նման խնդիր չլիներ։ Մյուս կողմից՝ հասկանալի է, որ դրանք բարդ խոսակցություններ են, հաշվի առնելով հանգամանքը, որ կապ ունեն տարածքի հետ, սահմանային տարածքների, որտեղ մարդիկ ապրել են կողք կողքի, ապրել միևնույն կյանքով, ձևավորել մշակույթ և այլն»,- նկատեց քաղաքագետը։

Տեսանյութեր

Լրահոս