Լավ կլիներ՝ գիտակցեին, որ այս հուշարձանային տարածքը պատկանում է բոլորին. «Ֆիզգորոդոկ»-ի բնակիչները՝ ընդդիմությանն ու իշխանությանը
Երևանի «Ֆիզգորոդոկ» անունով հայտնի բնակելի թաղամասում բնակիչները շարունակում են պահանջել դադարեցնել գիտավանի տարածքում 12 հարկանի բնակելի շենքի շինարարությունը:
Իսկ բնակիչներից երկուսը՝ Կարեն Ամիրխանյանն ու Հայկ Հարությունյանը, շարունակում են հացադուլը, քանի որ չեն ստացել Քաղաքապետարանին ուղղված իրենց հարցերի պատասխանները: Նրանք պնդում են՝ սա հուշարձանային տարածք է:
«Շինարարությունն այս պահին դադարեցված է, սակայն Գլխավոր դատախազի խորհրդականի հայտարարությունից կարծես թե հասկացվում էր, որ քրեական գործը չի ենթադրում դադարեցնել աշխատանքը, դրա համար բնակիչները զգոն են: Սա Երևանին պատկանող տարածք է, ընդգրկված է հուշարձանների ցանկում, ու հուշարձանային այս տարածքը պատկանում է և՛ ընդդիմադիրներին, և՛ դիմադիրներին և արտախորհրդարանական ուժերին: Սպասում էինք, որ նրանք էլ բնակիչներին կմիանան: Լավ կլիներ՝ գիտակցեին, որ այս հուշարձանային տարածքը պատկանում է բոլորին, պետք չէ քաղաքականացնել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց բնակիչներից Վահրամ Ասատրյանը:
Հիշեցնենք, որ «Ֆիզգորոդոկ»-ում շինարարության իրականացման շուրջ առաջացած խնդրի վերաբերյալ հարուցվել է քրեական գործ:
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ քրեական գործը 2021թ. օգոստոսի 30-ին հարուցվել է Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների դատախազությունում՝ մի քանի անձանց ներկայացրած հաղորդման հիման վրա Ոստիկանության Մաշտոցի բաժնում նախապատրաստված նյութերով:
«Քրեական գործն ուղարկվել է ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, և արդեն իսկ նախաքննությունը սկսվել է: Դատախազությունը կապահովի գործով հետևողական և պատշաճ դատավարական հսկողություն՝ օբյեկտիվ, բազմակողմանի և լրիվ քննություն իրականացնելու, դրա շրջանակներում բոլոր հանգամանքները բացահայտելու և իրավական գնահատականներ տալու նպատակով»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Աբրահամյանը:
Քրեական գործը հարուցվել է ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով: ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածն ունի հետևյալ սահմանումը.
«Պաշտոնատար անձի կողմից իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելը կամ ծառայողական պարտականությունները չկատարելը՝ շահադիտական, անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով, որն էական վնաս է պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին (գույքային վնասի դեպքում՝ հանցագործության պահին սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափը գերազանցող գումարը կամ դրա արժեքը)՝
պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից երեքհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով»:
308-րդ հոդվածի երկրորդ մասը՝ հետևյալ սահմանումը.
«Նույն արարքը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ երկուսից վեց տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»:
Քաղաքապետ Հայկ Մարությանի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում ավելի վաղ գրել է, որ հողը սեփականաշնորհվել է 2004 թվականին, Երևանի քաղաքապետարանն իրավական հնարավորություն և լիազորություն չունի չեղարկելու սեփականաշնորհման որոշումը: Այդ տարածքում արդեն տրված է եղել 12 հարկանի շենքի շինթույլտվություն 2007 և 2012 թվականներին: 2019-ին քաղաքապետարանը մերժել է նախկին շինթույլտվության երկարացումը և պահանջել կառուցապատողից՝ նորից անցնել բոլոր փորձաքննությունները: ԿԳՄՍ-ն 2021-ի փետրվարին հայտնել է, որ ճանաչել է «Ֆիզգորոդոկի» տարածքը՝ որպես նորահայտ հուշարձան, այնուհետև, 2021-ի մայիսին, հանել Ալիխանյան 6/1-ի հողակտորն այդ տարածքից: 2021-ի հուլիսին քաղաքապետարանը տվել է շինթույլտվություն: Քաղաքապետարանը պարտավոր է տալ շինթույլտվություն, եթե նախագիծը համապատասխանում է բոլոր նորմերին, և տարածքն ընդգրկված չէ հուշարձանների ցանկում: