ՊՈԱԿ-ի տնօրենն ասում է՝ Գառնիի տաճարում միջոցառման ժամանակ այցելու մտել է, ԿԳՄՍ նախարարությունը հակադարձում է՝ չի մտել
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը հանդես է եկել պարզաբանմամբ սեպտեմբերի 4-ին ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում անցկացված հարսանեկան միջոցառման վերաբերյալ` նշելով, որ իր համար, մեղմ ասած, զարմանալի էր ԿԳՄՍ նախարարության դիրքորոշումը:
«Տարածված հայտարարության մեջ տեղ է գտել գաղափար՝ առ այն, որ նմանօրինակ պայմաններով միջոցառումը համաձայնեցված չի եղել ԿԳՄՍՆ-ի հետ: Միջոցառման հենց ամենասկզբից նախարարությանը տեղյակ ենք պահել մեր քայլերի մասին: Այն ժամանակ, երբ կազմակերպիչ ընկերությունը ներկայացել է մեզ՝ առաջարկով, մենք նախարարությանը տեղեկացրել ենք, որ կա այսպիսի առաջարկ:
Սկզբից՝ բանավոր կարգով, այնուհետև տեղեկացրել ենք գրավոր, որն է՝ օգոստոսի 11-ի իմ գրությունը՝ ուղղված ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին, որից հետո մենք ստացել ենք պատասխան փոխնախարար Արթուր Մարտիրոսյանից, որտեղ նշվում է, որ նման միջոցառման կազմակերպումը կարելի է իրականացնել՝ խստորեն պահպանելով մշակույթի նախարարի 2014թ. համար 430-Ա հրամանի պայմանները:
Նշվում է, որ միջոցառումը կարելի է իրականացնել միայն աշխատանքային ժամին՝ կազմակերպության բնականոն գործունեությունը չխաթարող պայմանների ապահովմամբ, միջոցառման ընթացքում օգտագործել բացառապես դասական, հոգևոր, ազգային, ժողովրդական, ջազ, ռոք երաժշտություն և հեղինակային երգեր: Ի գիտություն բոլորի՝ ես ուզում եմ հայտարարել, որ այստեղ միջոցառման կազմակերպման որևէ խախտում չենք կարողանում արձանագրել: Հավանաբար մեր պատկան մարմինների ներկայացուցիչները տեղյակ չեն, և այդ անտեղյակության պայմաններում կատարել են հայտարարություններ:
Տեղյակ չեն, որ Գառնի արգելոց-թանգարանը տարվա ընթացքում ունի սեզոնային երկու ժամային համակարգ, և ամառային համակարգի ժամանակը, որը տևում է մայիսի կեսից մինչև հոկտեմբերի սկզիբը, կախված եղանակային պայմաններից, աշխատում է մինչև 23:00-ն: Մենք տարածքը վարձակալության ենք տվել 13:00-ից մինչև 22:00-ն, այսինքն, այս առումով մենք որևէ խախտում թույլ չենք տվել»,- տարածված տեսանյութում ասում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը:
Անդրադառնալով հնչած երաժշտությանը` Արա Թարվերդյանը նկատում է.
«Եթե որոշել ենք հավատալ ֆեյսբուքյան մի օգտատիրոջ տեղադրած տեսանյութին, որը վերնագրված է՝ «Ռաբիս երաժշտություն է հնչում Գառնու տաճարում», այդ տեսանյութին հավատացողներին ես որևէ ասելիք չունեմ: Բայց ես հավատում եմ մեր ունեցած տեսանյութերին: Հարսանիքին ելույթ են ունեցել «Գաթա» բենդը, «Ծիրանի»-ն և Զարուհի Մարկոսյան մենակատարը:
Ցանկացած սթափ դատողության ժամանակ պարզ է դառնում, որ հուշարձանի տարածքը վարձակալության տալու դեպքում ինչ երաժշտություն էլ որ այնտեղ հնչի՝ չեմ կարծում, որ կվնասի հուշարձանի ֆիզիկական վիճակին, բայց եթե կան մարդիկ, որ դա համարում են հուշարձանի անվտանգությանը վերաբերող խնդիր, փորձեցի այս պատասխանով փակել այդ հարցերը: Ինչ վերաբերում է ԿԳՄՍ փոխնախարարի այն խոսքին, որ կոպտագույն վրիպակ է տեղի ունեցել, որի համար ինքը ներողություն խնդրեց, ասեմ, որ եթե մենք զանցանք թույլ տված լինեինք՝ հավատացեք, որ առաջինը ես այդ ներողությունը կխնդրեի»:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը հայտնեց նաև, որ արգելոցում եղել է այցելուների մուտք:
«Չեմ բացառում, որ մեր հայտարարություններում նշել ենք, որ տաճարը փակ է լինելու՝ նկատի ունենալով որոշ անվտանգային խնդիրներ, բայց տեսնելով, որ ժողովրդի կողմից հասունանում է դժգոհություն, հավանական է, որ անձնակազմի հետ կարող են լինել բախումներ, ես այդ պահին սիտուատիվ որոշում եմ կայացրել և ասել եմ՝ գտեք մի միջոց, բացեք ինչ-որ միջանցք, որ մարդիկ հասնեն տաճարին և հուշարձանի մյուս բեկորներին և այնտեղ գոյություն ունեցող ամբողջ մշակութային կազմին: Կոպտագույն խախտում ՊՈԱԿ-ը թույլ չի տվել:
Նման դեպք, որ տաճարը փակ լինի, եղել է և չի առաջացրել որևէ մեկի դժգոհությունը: Օգոստոսի 13-ին պայմանագիր ենք կնքել մի կազմակերպության հետ, և տաճարը փակ է եղել ավելի երկար ժամանակով և որևէ մեկի կողմից որևէ դժգոհություն չի եղել:
Այս անգամվա աղմուկը գնահատում եմ խիստ սուբյեկտիվ, ուղղորդված, որոշ մարդկանց կամ խմբերի կողմից կառավարելի:
Օգտվելով առիթից՝ ուզում եմ նաև մի հայտարարություն անել. 2021թ. հուլիսի 14-ին ես իմ ազատման դիմումն եմ ներկայացրել ԿԳՄՍ նախարար պարոն Դումանյանին, սակայն ինձ համար անհասկանալի պայմաններում դիմումն ընթացք չի ստացել: Սկսվել է գույքագրման ընթացակարգ, որից հետո իմ մոտավոր հաշվարկներով՝ կամ սեպտեմբերի վերջ, կամ հոկտեմբերի սկիզբ տեղի կունենա իմ ազատումը զբաղեցրած պաշոնից»,- եզրափակեց Արա Թարվերդյանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի հայտարարությունների հետ կապված՝ այն, որ նախարարությունը միջոցառման վերաբերյալ տեղյակ է եղել, ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղար Գեղամ Մելիքբեկյանը 168.am-ի հետ զրույցի ընթացքում հայտնեց, որ դրա վերաբերյալ հայտարարություն տարածել են:
«Չենք ասում՝ տեղյակ չենք եղել: Տեղյակ ենք եղել, թույլտվություն եղել է, բայց որոշակի սահմանափակումներով, և դրանից հատկապես չի կիրառվել այցելուների մուտքի ապահովումը: Այն խաթարվել է: Գրվել է, որ այցելուների մուտքը պետք է ապահովվի, հնչի այս կարգի երաժշտություն, և այլն»,- պարզաբանեց ԿԳՄՍ նախարարի մամուլի քարտուղարը:
Մեր դիտարկմանը, որ «Գաթա» բենդի հիմնադիր Անդրանիկ սարկավագ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշել է, որ ռաբիս երաժշտություն չի հնչել, և հրապարակված տեսանյութը կապ ունե՞ր այդ միջոցառման հետ, Գեղամ Մելիքբեկյանը նշեց.
«Կարծում ենք, որ ռաբիս երաժշտությունն իսկապես այլ տեղից է հնչել: Այդ առումով կարծես որևէ խնդիր չկա»:
Քանի որ տեսանյութում Արա Թարվերդյանը պնդում է, որ Գառնու տաճար այցելուները մուտք են գործել, ԿԳՄՍ մամուլի քարտուղարից հետաքրքրվեցինք՝ իրենց ներկայացվե՞լ է համապատասխան տեսանյութ, վերջինը պատասխանեց, որ չի ներկայացվել, բայց իրենք հիմք են ընդունում բողոքները, որ մուտք չեն կարողացել գործել:
Ինչ վերաբերում է «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի ազատման դիմումը նախարարի կողմից չստորագրելուն՝ Գեղամ Մելիքբեկյանն ասաց, որ դա կապված է հանձնման-ընդունման գործընթացի հետ: