Նիկո՛լ, դու ինչո՞ւ կործանեցիր հազարավոր երիտասարդ տղաների, ինչո՞ւ… Վլադիմիր Սոլովյովը՝ Նիկոլ Փաշինյանին
RA News յութուբյան ալիքը հավաքել ու հրապարակել է «Սոլովյով լայվ» հաղորդման եթերում ռուսաստանցի լրագրող, հեռուստահաղորդավար, հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովի՝ ավելի վաղ, պատերազմից անմիջապես հետո արված մեկնաբանությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ:
«Բոլոր այն արտահայտությունները, որ ՆԱՏՕ-ն, Եվրոպան կօգնեն, ինչ-որ չեմ տեսնում, որ նրանք ինչ-որ մեկին այդպես ինտենսիվ օգնեն»,- նախ ասել է ռուսաստանցի քաղաքական մեկնաբանը:
Վլադիմիր Սոլովյովը շեշտել է՝ Ռուսաստանը փրկել է Արցախը և Արցախի հայերին՝ ոչնչացումից կամ հայրենի հողից վտարումից:
«Արցախը մենք ենք փրկել: Մենք ենք փրկել Արցախը: 42 օր հերոսները կենաց ու մահու պայքար մղեցին, երբ միևնույն ժամանակ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այդպես էլ չկարողացավ հստակեցնել իր դիրքորոշումը, չդիմեց, որպեսզի ներգրավի ՀԱՊԿ գործիքակազմը, չկարողացավ մարդկային լեզվով խոսել Ռուսաստանի Դաշնության հետ:
Եվ հիմա ասում են՝ մեզ պետք չեն այդ ռուսները, հեռացրե՛ք ձեր բազան… Իսկ ի՞նչ եք կարծում, եթե չլիներ այդ բազան, ինչքա՞ն երկար դուք կգոյատևեիք այս պատերազմի պայմաններում: Թուրքական պրոքսի-բանակը ի՞նչ արագությամբ ձեզ կջախջախեր՝ ձեր ողջ հերոսական պայքարով հանդերձ, սակայն դուք ընդամենը 2 միլիոն եք, 2 միլիոն մարդ՝ թշնամական շրջափակման մեջ: Իսկ ինչքա՞ն մարդ զոհվեց Հայոց ցեղասպանության ժամանակ, և նկատեք՝ աշխարհն այն ժամանակ տեղից չշարժվեց. մի քանի հոդվածներ միայն: Քաղաքակիրթ աշխարհն այն ժամանակ դրան չարձագանքեց որևէ կերպ, իսկ ռուսական կայսրությունն արձագանքեց: Դուք ասում եք՝ քի՞չ է, առանձնապես չփրկեցի՞ք… Լենինը հետո դավաճանեց, սխալ համաձայնագիր ստորագրեց…: Իհա՛րկե, ձեր տեսանկյունից այդպես էլ կա, սակայն նա ի՛ր շահերով ու պատկերացումներով է առաջնորդվել. սխալ, թե ոչ սխալ՝ հարցը պատմական է, բայց նա հայ չէ՛»,- նշել է Սոլովյովը:
Անդրադառնալով Արցախյան հիմնահարցին՝ ռուս հրապարակախոսը հղումներ է կատարել պատմությանը:
Նա նշել է՝ Արցախն ընդհանրապես ողբերգական ճակատագիր ունի, և կատարվածի գլխավոր մեղավորը, մեղավորն այն բանի, ինչ հիմա այս տեսքով ունենք, Ելցինն ու Գորբաչովն են, որովհետև չկարողացան ԽՍՀՄ միավորների բաժանումը գրագետ ձևակերպել:
«Ղարաբաղը երբեք չի եղել որևէ Ադրբեջանի կազմում (Ղարաբաղի խանությունը հավատարմության երդում էր տվել ռուսաց թագավորին և մտել էր ռուսական կայսրության կազմի մեջ), և երբ ԽՍՀՄ-ը՝ Ռուսական կայսրության դե ֆակտո ժառանգորդը, փլուզվեց, չգիտես ինչո՞ւ, թույլատրեցին դուրս գալ 15 հանրապետություններին, բայց ոչ մյուս բոլոր միավորներին, որոնք կայսրության կազմում էին: Ինչո՞ւ… Հարցի հասցեատերերը Գորբաչովն է, որը ոչինչ չէր վերահսկում և մսխեց հզոր երկիրը, և Ելցինը, ով դիակապտողի նման Կրավչուկի ու Շուշկևիչի հետ միասին մասնատեցին երկիրը»,- ասել է նաև և հավելել, որ հենց այս ապիկարների ու դավաճանների քառյակն է մեղավորը նաև հենց այսօր կատարվողի համար՝ սկսած Ուկրաինայում տիրող իրավիճակից, վերջացրած Անդրկովկասով:
Սոլովյովը հռետորական հարց է ուղղել՝ ի՞նչ անել, պատերա՞զմ սկսել Ադրբեջանի դեմ… Ի՞նչ հիմքով, միջազգային իրավունքի՞… Բայց ո՞ւմ տարածքն է Արցախը համարում վերջինս…
«Թքա՞ծ ունենանք միջազգային իրավունքի վրա… Շատ լավ… Պատերազմենք Թուրքիայի և ՆԱՏՕ-ի երկրների հե՞տ, և այդ ընթացքում հայկական բանակն ու հայկական ինտերնետ թրոլինգ անողները հետևեն տեղի ունեցողին ու ասեն՝ դե՜, դե՜, ձե՞զ տեսնեմ…»,- ասել է Սոլովյովը:
Հեռուստամեկնաբանը շեշտել է՝ դա սարսափելի պատերազմ էր, երբ արդեն օղակել էին Ստեփանակերտը, քանդում էին քրիստոնեական հուշարձանները, բայց չէ՞ որ կրակոցներ եղան նաև Գյանջայի ուղղությամբ, և Գյանջային հասցված հրթիռային հարվածների արդյունքում խաղաղ բնակիչներ զոհվեցին, այդ թվում՝ երեխաներ: Նշել է, որ երեխաներ էին զոհվում նաև այս կողմից:
«Իսկ ինչո՞ւ էր երկու կողմն էլ կրակում քաղաքացիական օբյեկտների վրա, և ինչպե՞ս է մի կողմի դաժանությունն արդարացնում մյուս կողմինը… ռասայական տեսությո՞ւնը, որ մեկին պետք է խղճաս, իսկ մյուսին՝ ոչ՝ միայն ազգային պատկանելության պատճառո՞վ… Իսկ ես դա անարդարացի եմ համարում, և այդպես չպետք է լինի»,- ասել է Սոլովյովը:
Վերջինս նկատել է՝ հենց Վլադիմիր Պուտինի իշխանության տարիներին են Ռուսաստանի ազգային շահերը, որոնք պետք է հստակ հաշվարկվեն, կյանքի կոչվել:
«Այն ժամանակ, երբ Պուտինը վարչապետ էր, իսկ Մեդվեդևը՝ նախագահ, տեղի ունեցան 2008թ. իրադարձությունները: Եվ մենք ճիշտ արեցինք՝ մեր զորքերը մտցնելով՝ դրանով իսկ արձագանքելով մեր խաղաղապահների զոհվելուն: Իզուր կանգ առանք՝ չհասնելով Թբիլիսիին»,- ռուս-վրացական պատերազմի դրվագներն ու պատճառներն է վերհիշել Վլադիմիր Սոլովյովը:
Այս օրինակը բերելով՝ նա նկատել է՝ հիմա Արցախի տարածքում ռուս խաղաղապահներն են կանգնած, իսկ դա նշանակում է, որ դե ֆակտո իրենք տարածաշրջանում երկու ռուսական բազա ունեն, մեկը՝ Հայաստանում, մյուսը՝ Արցախում, որը պաշտոնապես, համաձայն միջազգային իրավունքի պահանջների, ըստ Սոլովյովի, ոչ անկախ պետություն, ոչ Հայաստանի մաս, այլ Ադրբեջանի մաս: Եվ հիմա այնտեղ ռուսական բազա է տեղակայված, ավելի ճիշտ՝ ռուս խաղաղապահների բազա:
«Իսկ ահա, եթե անգամ մեկ մազ ընկնի մեր խաղաղապահների գլխից, ուզում եմ բոլորին հիշեցնել՝ ինչ տեղի ունեցավ 2008թ, երբ մեր բանակը դեռ բոլորովին ուրիշ բանակ էր: Դրա համար, որպեսզի պատրանքներ չլինեն, թող իմանան՝ ոչ ոք ուղղաթիռի խոցումն ու մեր զինծառայողների զոհվելը չի պատրաստվում ներել… Բայց եթե դուք մտածում եք, որ այդ ողբերգության պատճառով, չսպասելով քննության արդյունքներին, չպարզելով կոնկրետ մեղավորներին, մենք կսկսենք պատասխան կրակ բացել, սխալվում եք… Չի լինելու նման բան»,- ասել է Սոլովյովը՝ հավելելով, որ նախ պետք է դեպքի հանգամանքները հետաքննել, ապա նոր՝ խստագույնս պատժել:
Նա նշել է՝ այն, որ ադրբեջանական կողմն ընդունել է իր մեղքը, պարզ է, բայց նախ թող բարի լինեն մեղավորներին իրենց հանձնել, որ նրանք իրենց պատիժը կրեն ռուսական, այլ ոչ՝ ադրբեջանական բանտերում:
«Մենք տեսել ենք՝ ինչպես է Ադրբեջանը վերաբերվում նրանց, ում դատել է միջազգային իրավունքը: Մենք տեսել ենք՝ ինչպես է Ադրբեջանը դիմավորում Եվրոպայում նույն ուսումնական ծրագրով սովորող հայ զինծառայողի գլուխը կտրած իր զինծառայողին: Մենք չենք հավատում ձեր արդարադատությանը: Ոչ մի կերպ չենք հավատում»,- ասել է Սոլովյովը:
Վերջինս կրկին շեշտել է՝ Ռուսաստանը փրկել է Արցախն ու Արցախի հայերին կամ լրիվ բնաջնջումից, կամ հարազատ հողերից տեղահանումից ու արտաքսումից:
«Այո, դա ժամանակավոր լուծում է, այո, ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի հետո: Ահա Ադրբեջանը 30 տարի պատրաստվում էր, և բոլորին էր հասկանալի, որ Ադրբեջանի որևէ առաջնորդ չէր հաշտվելու 7 շրջանների կորստի հետ»,- նկատել է ռուս հաղորդավարը:
Ըստ նրա՝ Փաշինյանի խելագարությունը բերեց նրան, որ այն, ինչ հնարավոր էր ստանալ դիվանագիտական մեթոդներով՝ փրկելով հերոսների կյանքը, ստացավ այս կերպ: Այն պայմանները, համեմատած նրա հետ, ինչին նա ստիպված եղավ համաձայնել և աղաչել Ռուսաստանին՝ խաղաղապահներ մտցնելու համար, պարզապես հիասքանչ էին:
«Նիկո՛լ, դու ինչո՞ւ կործանեցիր հազարավոր երիտասարդ տղաների, ինչո՞ւ իմ տարիքի և ավելի ավագ տարիքի մարդիկ, գալով Արցախ կամ ապրելով Արցախում, զենք վերցրին ու գնացին զոհվելու, եթե դու չունեիր ո՛չ հասկացողություն, ո՛չ ծրագի՛ր, թե ի՞նչ անել: Դու նրանց այդպես էլ ոչինչ չասացիր… Ինչո՞ւ դու նրանց գցեցիր պատերազմի հնոցը, որին պատրաստ չէիր ո՛չ ռազմական, ո՛չ քաղաքական առումով, ինչո՞ւ, եթե, վերջիվերջո, դու փաստաթուղթը ստորագրեցիր այդ պայմաններով, որոնք ավելի վատն էին, քան նրանք, ինչին նախկինները հասել էին Կազանում, Մադրիդում և այլն… Ինչո՞ւ դու հանձնեցիր Շուշին… Այս հարցը նաև այն մարդկանց է ուղղված, որոնք խոսում են Արցախի անունից: Չէ՞ որ այնտեղ տղաներն էին կանգնած, անգամ, երբ ընդամենը 100 հոգով էին կռվում, ինչո՞ւ…»,- սուր հարցեր է հնչեցրել Վլադիմիր Սոլովյովը՝ նկատելով, սակայն, որ հայ մարտիկը հերթական անգամ ապացուցեց իր բացառիկ, անօրինակ հերոսությունը, անգամ, երբ պարտություն էր կրում բոլոր պարամետրերով, ռազմատեխնիկական մատակարարման բացակայության պայմաններում, երբ կռվում էր այն զենքով, որը նրան ոչ մի կերպ չէր կարող օգնել, հատկապես՝ պատերազմի առաջին փուլում:
«Նրանք կռվում էին ու մեռնում իրենց հայրենիքի համար: Բայց անօրինակ հերոսությունը չի կարող արդարացնել պատերազմին պատրաստվելու 30-ամյա ձախողումը, չի կարող արդարացնել որոշումներ ընդունողների դավաճանության քաղաքական կամքի բացակայությունը: Ադրբեջանը պատրաստվում էր, և Ալիևը կատարյալ հաղթանակ տարավ Փաշինյանի նկատմամբ: Լիովին»,- ասել է Վլադիմիր Սոլովյովը:
Նա խորհուրդ տվեց դիտել Ալիևի բոլոր ելույթները պատերազմի ընթացքում, երբ իր ժողովրդին հստակ շարադրում էր եղելությունը, ներկայացնում իրավիճակը, իրենց նպատակները, երբ միևնույն ժամանակ Փաշինյանը, իրեն կորցրած, հայտարարում էր՝ ամեն ինչ կորած է, բոլորին կոչ էր անում գալ ու կռվել, իսկ քո բանակը կանգնած է:
«Եվ հիմա դու ուզում ես ասել, որ քեզ Ռուսաստա՞նն է դավաճանել: Իհարկե, դա դու անձամբ չես ասում, այլ քո սորոսականները»,- ասել է Սոլովյովը:
Ըստ Սոլովյովի՝ իհարկե, Թուրքիան ագրեսիվ էր գործում: Միայն թե Թուրքիան արդեն մտածում էր, որ Սիրիան իրենն է, նա իրեն արդեն Դամասկոսում էր տեսնում, միայն թե Ռուսաստանն այլ բան էր որոշել:
«Թուրքիան մտածում էր, որ արդեն Կասպից լիճն էլ է իրենը, և Ադրբեջանն արդեն կերել են, որ Արցախն արդեն իրենն է, ու, որ կլինեն համատեղ խաղաղապահներ… Արցախում… Ու, որ կնստեն Ալիևը, Փաշինյանը, Պուտինն ու Էրդողանը, ու հենց այդ քառյակը կորոշի Արցախի ճակատագիրը: Չստացվեց: Էրդողանն այնտեղ չկա: Համաձայնագրի ստորագրած տեքստում ոչ մի բառ չկա ոչ թուրքական զորքերի, ոչ Էրդողանի մասին: Նրանք Արցախում չկան: Իսկ այ, երկրի տարածքում, ուր նախկինում ռուսական բազա չկար, այժմ այն հայտնվեց»,- եզրափակել է Սոլովյովը:
Մանրամասները՝ տեսանյութում