ԱԽ քարտուղարը Հայաստանը շփոթում է օրվա իշխանության հետ. ՀՀ-ում այսօր որևէ պայման չկա դելիմիտացիայի և դեմարկացիայի համար. Լարիսա Ալավերդյան
«Հայաստանը պատրաստ է սահմանագծման և սահմանազատման: Մենք այս մասին արդեն բաց հայտարարել ենք: Որևէ աշխատանք այս պահին չի ընթանում: Մենք սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- երեկ լրագրողների հետ զրույցում հայտարարել էր ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ հույս հայտնելով, որ Ադրբեջանը ևս դրական կարձագանքի:
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում անդրադառնալով այս հայտարարություններին՝ շեշտեց. «Քարտուղարը Հայաստանը շփոթում է օրվա իշխանության հետ. այդ նույնացումը կոպիտ սխալ է և շատ վատ հետևանքներ է ունենալու: Ոչ թե Հայաստանն է պատրաստ դելիմիտացիայի և դեմարկացիայի, այլ օրվա իշխանությունը, որը ոչ միայն պատրաստ է այդ գործընթացին, այլ ինձ թվում է՝ վաղուց է իր համաձայնությունը տվել:
Մնացյալը շատ վատ իմիտացիա է, որով ուզում են ապացուցել, թե այս իշխանություններն իրենցից ինչ-որ սուբյեկտայնություն են ներկայացնում: Մինչդեռ այսօր պետք է հստակեցնենք՝ օրվա իշխանությունների պատճառով տարածաշրջանային անվտանգության և տարածաշրջանային կայունության հարցում Հայաստանը կորցրել է իր սուբյեկտայնությունը»:
Ի պատախան հարցին, թե որո՞նք են դելիմիտացիայի և դեմարկացիայի համար անհրաժեշտ պայմանները՝ իրավապաշտպանը պարզաբանեց.
«Պայմանները հանրահայտ են. մենք առաջին պետությունը չենք, որ այս գործընթացներով ենք անցնում: Դրա մասին պետք է խոսվեր ոչ թե «գուգլներ»-ից հետո կամ Հայաստանում ադրբեջանական զինված ուժերի բնակվելու պահին (նկատի ունի մայիսի 12-ից ՀՀ տարածք ներթափանցած ադրբեջանցի զինվորականներին), այլ նոյեմբերի 9-ին, երբ իրավունք չունենալով, այնուամենայնիվ, ստորագրեց տխրահռչակ եռակողմ համաձայնագիրը: Այդ ժամանակ պետք է լիներ կետ, պայմանավորվածություն առ այն, որ ստեղծվում է հանձնաժողով (ՄԱԿ-ի` արդեն բավականին հայտնի փորձագետները կարող էին խորհուրդ տալ, թե ինչ պայմաններով կարելի է ստեղծել միջազգային հանձնաժողով), որի մեջ կմտնեին շահագրգիռ կողմերը՝ Հայաստանը և Ադրբեջանը, ինչպես նաև ՌԴ-ն՝ որպես եռակողմ հայտարարության կողմ: Միայն այդ ժամանակ կարելի էր խոսել դելիմիտացիայի և դեմարկացիայի մասին»:
Մեր զրուցակիցը շեշտեց, որ «դելիմիտացիա» և «դեմարկացիա» եզրույթներն իրականում հսկայածավալ և մանրակրկիտ աշխատանք պահանջող գործընթացներ պետք է լինեին, որոնք թույլ կտային ուսումնասիրել ողջ քարտեզագրումը՝ սկսած Ադրբեջան պետության ինքնահռչակումից՝ 1918 թվականից:
Նրա գնահատմամբ՝ Ադրբեջանն ու Թուրքիան շատ պարզ են արտահայտում, թե իրականում ինչ նպատակ են հետապնդում այս քայլերով. «Այդ գործընթացով բացարձակապես խնդիր չի դրված ապագա խաղաղության համար. խնդիրը նախևառաջ Արցախից հրաժարումն է:
Անցյալ տարի օգոստոսի 5-ին Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը հայտարարել էր, որ «Արցախը Հայաստան է, և վերջ»: Իր իսկ խոսքերից բխեցնելով՝ կարելի է եզրակացնել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրել է Հայաստանի տարածքների հանձնումն Ադրբեջանին: Այսպիսով, հաձնելով այդ տարածքներն Արդբեջանին՝ Հայաստանը դե ֆակտո հրաժարվել է Արցախի կարգավիճակի վերաբերյալ արդյունավետ քայլերից:
Հիշեցնեմ՝ առնվազն 1991 թվականից սկսյալ՝ մինչ այդ պահը, Հայաստանը և Արցախը պայքարում էին Արցախի միջազգային ճանաչման համար, և երբ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ Արցախը Հայաստան է, և վերջ, նշանակում է՝ Հայաստանը հրաժարվում է այդ ուղուց՝ պայքարել Արցախի Հանրապետության ճանաչման համար, երկրորդը՝ նա ինքնակամ, ամբողջովին կամայական ձևով իրեն է վերագրում իրավունքը՝ ստորագրել փաստաթղթեր, որոնք վերաբերում են Արցախին»:
Մեր զրուցակիցը նաև հիշեցրեց, որ Նիկոլ Փաշինյանն ինքն էր հայտարարել, թե չի կարող Արցախի բանակցություններին մասնակցել և Արցախի անունից խոսել, որովհետև նա Արցախի ժողովրդի կողմից ընտրված չէ, և հետևաբար՝ չի կարելի լեգիտիմ համարել այն փաստաթուղթը, որը նա ստորագրել է. «Ես մի քանի անգամ եմ զարմանքս արտահայտել, որ այնպիսի պետություն, ինչպիսին է Ռուսաստանը, որը, ի վերջո, իր ուրույն տեղն ունի աշխարհաքաղաքական իրողություններում, իր ստորագրությունն է դրել մի ստորագրության հետ, որը որևէ լեգիտիմ ուժ չունի (ՌԴ-ն դա բխեցնում է իր ազգային շահերից, թեկուզ ես համոզում ունեմ, որ դա հակասում է և իրենց շահերին)»:
«Հայաստանում և տարածաշրջանում այսօր որևէ պայման չկա դելիմիտացիայի և դեմարկացիայի համար: Միջազգային պրակտիկայում հայտնի է, որ դելիմիտացիան և դեմարկացիան սկսվում է այն ժամանակ, երբ հաստատվում են բարիդրացիական հարաբերություններ. ոչ թե դելիմիտացիայի մեթոդով են հաստատում կայունություն, այլ հակառակը:
Իսկ մենք գիտենք, որ Ադրբեջանը և Թուրքիան անընդմեջ հանդես են գալիս հայտարարություններով, որոնք միջազգային իրավունքի տեսանկյունից անընդունելի են. մասնավորապես, Ալիևն աընդմեջ խոսում է այն մասին, թե Երևանը և շատ այլ տարածքներ ադրբեջանցիների հայրենիքն են, և բոլոր ադրբեջանցիները, ովքեր երբևիցե այդտեղ են ծնվել, իրավունք ունեն վերադառնալու: Եվ վերջապես՝ միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ այդպիսի գործընթացները տեղի չեն ունենում անընդմեջ կրակոցների, հարձակումների և այլ թշնամական գործողությունների պայմաններում՝ այն, ինչ տեղի է ունենում Ադրբեջանի կողմից Հայաստանի նկատմամբ և հատկապես հայ ժողովրդի դեմ. հրդեհելը, կրակելը, գնդակոծելը և այլն: Դա շատ պարզ բան է, և քարտուղարը՝ չկայացած արտգործնախարարը, որը տանուլ է տվել անվտանգային բոլոր հարցերը. փոխարենը հրաժարական տա, նորից զբաղեցնում է այդ պաշտոնը»,- եզրափակեց Լարիսա Ալավերդյանը: