Արարատ Միրզոյանը չի հրաժարվելու անել այն, ինչ չարեցին ԱԳՆ-ից հեռացած դիվանագետները. Ռուբեն Մելքոնյան

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան երեկ հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է օգնել Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների բարելավմանը: Զախարովան այս մասին ասել է ճեպազրույցի ընթացքում:

«Մենք արձանագրել ենք վերջերս դրական ազդակների փոխանակում Երևանի և Անկարայի միջև. նկատի ունեմ՝ արձանագրել ենք այն համատեքստում, որ մենք դրանք տեսել և հաշվի ենք առել: Մենք հիմա էլ ենք պատրաստ ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ հիմնված փոխադարձ հարգանք վրա և հաշվի առնելով միմյանց շահերը»,- ասել է Զախարովան:

168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը տեսակետ հայտնեց, որ Թուրքիայի հետ հնարավոր հարաբերությունների հաստատման շուրջ վերջին շրջանում առաջացած աժիոտաժը որևէ կապ չունի Թուրքիայի՝ Հայաստանի դեմ դրած պահանջների հետ, որոնք ինչպես կային 30 տարի առաջ, այնպես էլ նույնությամբ կրկնվում են այժմ։

«Թուրքիայի երեք նախապայմանները՝ Ցեղասպանության ճանաչումից հրաժարում, Կարսի պայմանագրի ճանաչում, Արցախի հարցի փակում, շարունակվում են նույնությամբ պահպանվել։

Օրերս Էրդողանն ասաց, որ Թուրքիան պնդում է, թե Հայաստանը պետք է ընդունի, որ գերակայություն է այլ երկրների տարածքային ամբողջականությունը. տարածքային ամբողջականություն ասելով՝ Էրդողանը նկատի ունի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Արցախը, իր տարածքային ամբողջականություն ասելով՝ նկատի ունի իր տարածքը և մեր կողմից Կարսի պայմանագրի ճանաչումը։ Էրդողանն ասում է, որ պետք է մոռանալ անցյալի հիման վրա թշնամանքի մասին, իսկ դա նշանակում է, որ պետք է մոռանալ Ցեղասպանության մասին, իսկ երբ հավելում է, որ պետք է հրաժարվել միակողմանի մեղադրանքներից, նկատի ունի, որ ոչ միայն հայերն են կոտորվել, այլև՝ թուրքեր։

Այնպես որ, այս երեք նախապայմանները Թուրքիան ներկայացրել է ՀՀ երեք բոլոր նախորդ նախագահներին, հիմա էլ ներկայացնում է Փաշինյանին, որովհետև հիմա կա մի իշխանություն, որոնց համար Ադրբեջանի տարածքային ամբողջականության ճանաչումն ու Ցեղասպանության ճանաչումից հրաժարվելը վատ երևույթ չէ»,- ասաց Մելքոնյանը՝ պնդելով, որ Փաշինյանի ասած դրական ազդակներն իրականում բացարձակ դրական չեն, պարզապես Փաշինյանի իշխանության կողմից են այդպես ընկալվում։

Հարցին՝ երբ Հայաստանի կառավարության ղեկավարը Թուրքիայի՝ մեր առաջ տասնամյակներ շարունակ դրված պահանջները համարում է դրական ազդակ, կարո՞ղ ենք արդյոք արձանագրել, որ բավարարում է այդ պահանջները, թուրքագետը պատասխանեց.

«Այն իշխանությունը, որը ասում էր՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», այն իշխանությունը, որը ասում էր, թե Արցախի հարցը լուծելիս հարցնելու է ժողովրդի կարծիքը, այն իշխանությունը, որն ընդունել է Կառավարության հնգամյա ծրագիր, որտեղ ասել է, որ առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերություն հաստատելու կողմնակիցն է, իր քայլերով անում է բոլորովին հակառակը։ Գործնական մակարդակում ասում են, որ թուրքերին պետք է ներել, խորհրդարանում մարդիկ են, որոնք թուրքական տարատեսական նախագծերի մեջ են ներգրավված եղել, այսօր իշխանության մեջ կան պատգամավորներ, որոնք ընդդիմադիր պատգամավորին ասում են, թե՝ դու ի՞նչ իրավունք ունես Էրդողանին միջազգային հանցագործության մեջ մեղադրել․․․

Մենք հասել ենք մի իրավիճակի, որ Հայաստանի խորհրդարանում պաշտպանում են Էրդողանին, կան Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերություն հաստատելու բիզնես ջատագովներ։ Այս ամենին ականատես լինելով՝ խոսել Թուրքիայի պահանջները մերժելու մասին, սխալ է»,- ասաց Մելքոնյանը՝ շեշտելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բացման ջատագովները պետք է հստակ հիշեն, թե ի՞նչ արեց Թուրքիան մեկ շաբաթվա ընթացքում Սիրիայում, և պետք է գիտակցեն՝ հայ-թուրքական սահմանի բացումը չի նվազեցնելու Թուրքիայից եկող անվտանգային մարտահրավերները։

«Պետք է նաև հիշել, թե ինչպե՞ս մեր Արտգործնախարարության լավ դիվանագետները հրաժարական տվեցին և հեռացան։ Նրանց ասած հակապետական քայլի համատեքստում պետք է դիտարկել նաև հենց հայ-թուրքական հարաբերությունների հաստատումն ու առաջարկվող հնգակողմ կովկասյան պլատֆորմը, որը, ի դեպ, նորություն չէ. այն առաջարկվել է նախորդ նախագահների ժամանակ ևս։ Այնպես որ՝ երբ Փաշինյանն ասում է, որ արտգործնախարարը պետք է լինի քաղաքական թիմի անդամ՝ դրանով չի հերքում հակապետական քայլի մասին ահազանգած դիվանագետներին։ Երբ դրանից հետո Արարատ Միրզոյանին է նշանակում  արտգործնախարար, այդ նշանակումը ցույց է տալիս, որ նա քաղաքական թիմի անդամ է և չի հրաժարվելու անել այն, ինչ չարեցին փորձառու դիվանագետները»,- ասաց նա։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս