«Քանի դեռ չունենք դիվանագիտական հարաբերություն, ի՞նչ կարգավորման մասին է խոսքը». Թուրքագետ
«Ռուսաստանը, ինչպես գիտեք, միշտ կողմ է եղել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը: Ի դեպ, պետք է հիշեցնել, որ մենք նախկինում անմիջականորեն մասնակցել ենք համապատասխան միջնորդական ջանքերին»,- երեկ լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը նաև հիշեցրել է, որ Ռուսաստանը նպաստել է 2009 թվականին Ցյուրիխյան արձանագրությունների ստորագրմանը. «Դրանք ենթադրում էին Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների փուլային բարելավում՝ առանց նախապայմանների առաջադրման: Հետագայում արդեն կողմերը չեն իրականացրել դրանք, բայց դա արդեն յուրաքանչյուր պետության կամքն էր: Մենք այժմ պատրաստ ենք ամեն կերպ նպաստել երկու հարևան պետությունների մերձեցմանը՝ փոխադարձ հարգանքի հիման վրա և միմյանց շահերը հաշվի առնելով»:
168.am-ի հետ զրույցում թուրքագետ Տիրան Լոքմագյոզյանը նկատեց, որ ՌԴ ԱԳՆ ներկայացացուցիչը կոնկրետ որևէ դիրքորոշում չի հայտնում.
«Նշում է հարաբերությունների կարգավորման մասին, ինչի մասին մենք էլ ենք բազմիցս խոսել, սակայն այստեղ ոչ թե կարգավորելն է կարևորը, այլ, թե ինչպես պետք է կարգավորվեն: Մյուս կողմից՝ Ռուսաստանը Ռուսաստան է. մե՛նք պետք է մեր շահերի մասին մտածենք, և ոչ թե՝ Ռուսաստանը»:
Անդրադառնալով կարգավորման մասին սպասումներին՝ թուրքագետը պարզաբանեց. «Հայաստանը ևս միշտ կողմ է եղել հարաբերությունների կարգավորումներին, սակայն նորից շեշտեմ՝ խնդիրը կարգավորումը չէ, այլ՝ ինչ նախապայմաններով կարգավորումն է: Եթե Թուրքիան մեր կոկորդը սեղմում է և ինչ-որ նախապայմաններ է մեր առաջ դնում, որոնք մենք ուղղակիորեն չենք կարող կատարել, այդ ժամանակ այստեղ հարաբերությունների բարելավման մասին խոսք չի կարող լինել»:
Տիրան Լոքմագյոզյանը հիշեցրեց նաև, որ հայ-թուրքական արձանագրությունների ստորագրման գործընթացը մեկնարկել էր առանց նախապայմանների. «Այդ պրոտոկոլները դիվանագիտական հարաբերություններ ստեղծելու համար էին:
Քանի դեռ չունենք դիվանագիտական հարաբերություն, ի՞նչ կարգավորման մասին է խոսքը: Եթե քո հարևանը քեզ հետ դիվանագիտական հարաբերություն չի ուզում ունենալ, նշանակում՝ քեզ չի կարևորում, ուրեմն՝ մնացածի առումով կարգավորում չենք կարող կոչել:
Ուրիշ ի՞նչ հարաբերությունների մասին է խոսքը. ժողովուրդների միջև հարաբերություննե՞ր. այդ հարաբերությունները, քիչ թե շատ, կան՝ առևտրի են գնում, փոխայցելություններ են լինում»: