«Թող մեզ չվախեցնի պողպատե մանդատով. կայացած մարդիկ վախ չունեն». Մենուա Սողոմոնյան
ԵՊՀ դասախոս, 5165 շարժման համահիմնադիր Մենուա Սողոմոնյանի կարծիքով՝ սահմանային միջադեպերը պատահական չեն. դրանք ճնշման միջոցներ են, որպեսզի հասարակության շրջանում գեներացվի անհանգստություն, լարվածություն, վախ, որպեսզի իշխանությանը շուտ տրվի համաձայնություն՝ «խաղաղության դարաշրջան» բացելու համար:
«Թե որն է լինելու այդ խաղաղության գինը, այդ խաղաղության դիմաց մենք ինչ ենք վճարելու, այդ մասին մեր պաշտոնյաները լավ կանեն, որ խոսեն: Հանրությունը պետք է պահանջատեր լինի այդ հարցում. Մտել ենք մի շրջափուլ, որ կարծես մեզ հետ չի կատարվում այս ամենը, ուրիշների հետ է կատարվում, կամ այն կրակոցները, որոնք Երասխում են, ուղիղ գծով Երևանից ոչ թե 30, այլ 750 կմ հեռավորության վրա են տեղի ունենում: Սթափվելու և այդ հարցերի պատասխանները պահանջելու ժամանակն է, որովհետև ինչքան մենք հասկանում ենք՝ դրա գինը Արցախի կորուստն է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
Նրա խոսքով՝ Արցախի Հանրապետության հռչակման օրն Արցախ չայցելելով՝ Փաշինյանը հերթական մեսիջն է հղում Ադրբեջանին. «Նա շատ է մեսիջներով խոսում, խոսում Թուրքիայից դրական ազդակների մասին, ադրբեջանալեզու բնակավայրերի անուններ տալիս, որի դիմաց ճանապարհ են բացում, և այդպես շարունակ, և գուցե սա էլ մի այդպիսի մեսիջ կլինի: Դրանով ցույց է տրվում խաղաղության գինը. Առաջինը Արցախի հարցից ձեռքերը լվալն է, ինչպես որ Պիղատոսը ձեռքերը լվաց Հիսուսի հարցից, բայց այդքանով չենք սահմանափակվում: Գուցե այդ խաղաղության գինը պետք է լինի Հայաստանի ա՞յլ սուվերեն տարածքներ՝ անկլավների տեսքով, կամ այդ խաղաղության դարաշրջանը պետք է լինի թուրանական միջանցքի տեսքով: Այս ճնշման միջոցներն էլ նպատակ ունեն հասարակության մեջ լարվածություն, վախ ձևավորել, որպեսզի հանրային կեղծ օրակարգ ձևավորվի՝ արագ այդ զիջումները կատարելու համար»:
Մենուա Սողոմոնյանը գործող իշխանություններին հիշեցրեց՝ ոչինչ հավերժ չէ, և ոչ ոք հավերժ չէ.
«Մենք օրինակներ ունենք մեր աչքի առաջ, որ ամեն ինչ անցողիկ է, և շատ անսպասելի ձևով կարող է իրավիճակ փոխվել: Թող մեզ չվախեցնի պողպատե մանդատով, որովհետև իրականում այն մարդիկ, ովքեր կայացած են, վախ չունեն. Այսքան կորուստներից հետո աշխատանքի կորուստը մարդկանց չի վախեցնում: Կան մարդիկ, որոնք վախենում են, բայց կա մի կրիտիկական զանգված մարդկանց, ովքեր չեն վախենում»:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում