Կրթական բարեփոխումների գլխավոր նախապայմանը
Մեկնարկեց անկախության տարիների 30-րդ ուսումնական տարին։ 30 տարին բավարար ժամանակ էր կրթության լավ համակարգ ձևավորելու համար։ Բայց իրականում մենք վատնեցինք այս ժամանակը, և այսօր էլ հասարակությանը փորձում ենք համոզել, որ այս պահին ընթացող բարեփոխումների արդյունքում ունենալու ենք լավ կրթական համակարգ։
Դա անհնար է, քանի որ Հայաստանի նման երկիրը չի կարող կրթական բարեփոխումների գործիքային (ինստրումենտալ) մոդելով հաջողության հասնել։ Գործիքային մոդելը կրթական քաղաքականության մոտեցում է, որի դեպքում փոխում եք չափորոշիչները, ծրագրերը, դասագրքերը, գնահատման ձևերը, վերապատրաստում եք ուսուցիչներին և ակնկալում եք ստանալ լավ արդյունք։ Սակայն այդ արդյունքը կարող եք չստանալ, քանի որ կրթությունը պարզապես ուսումնական հաստատությունների պատերի ներսում տեղի ունեցող գործընթաց չէ։
Մեր գլխավոր սխալն այն է, որ այս տարիների ընթացքում չենք իրականացրել հանրային մանկավարժություն, հասարակության կրթական մակարդակի շարունակական բարձրացում։ Այս խնդիրը լուծելու համար, մենք պիտի ունենայինք կրթական շատ բարձր ցենզ ունեցող բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնց ելույթները, արարքները, ապրելակերպը պիտի օրինակ լինեին հասարակության անդամների համար։
Բայց մենք շատ դեպքերում ունեցել ենք հակառակը։ Պաշտոնյաների ելույթները, արարքները, ապրելակերպը խանգարում են կրթությանը։ Երբ պաշտոնյաներն իրար վիրավորում են, ֆիզիկական ուժ են գործադրում, նորմալ հայերեն չեն խոսում, ինչպե՞ս ուսուցիչն ու դասախոսն իրենց գործը պատշաճ իրականացնեն։ Մենք ապրում ենք բաց հասարակությունում, որտեղ ամեն մի խոսք, արարք հանրային մեծ հնչեղություն է ստանում։ Ազգային ժողովում տեղի ունեցած վերջին ծեծկռտուքները ջուրը լցրեցին Կրթության նախարարության բոլոր նախաձեռնությունները։ Երեխաների համար ավելի կարևոր են հանրային դեմքերի արարքները, քան չափորոշիչների թեմաները։
Մենք արդեն կորցրել ենք միայն չափորոշիչներով, վերապատրաստումներով կրթության համակարգ բարեփոխելու հնարավորությունը։ Ես անգամ կրթության նախարարությանը կառաջարկեի այս պահին ոչինչ չփոխել, քանի որ անիմաստ է։ Կրթական համայնքը պետք է կառավարությունից պահանջի երկրում բնականոն միջավայր ապահովել։ Պետք է ծեծկռտուքների մասնակիցները պատժվեն, որպեսզի երեխաները տեսնեն, որ մեր երկրում վայրենությունը չի խրախուսվում։ Եթե չպատժվեցին, ապա ջուրն են լցվելու ուսուցիչները դասերը։ Պետք է կրթական նորմալ ցենզ չունեցող, ճանապարհ չանցած մարդիկ չնշանակվեն պաշտոնների կամ դառնան պատգամավոր։
Իշխանությունը պետք է գործով (ոչ թե դատարկ ճառերով) ուղերձ հղի երեխաներին, որ մենք չեն հանդուրժում անգրագիտությունը, ոչ պրոֆեսիոնալիզմը, կրթական ցածր ցենզը։ Պետք է գործով ցույց տալ, որ խրախուսվում են գիտելիք, փորձառություն ունեցող մարդիկ, ոչ թե լոյալ վարքագիծ ցուցաբերողները։ Այստեղից է պետք սկսել կրթական բարեփոխումները։
Իհարկե, այս ամենը Հայաստանում հնչում են՝ որպես սենտիմենտալ մտքեր, քանի որ իրականում ամեն ինչ հակառակն է։ Բայց մենք չունենք այլ ճանապարհ կրթությունը փոխելու։ Ափսոս են կրթության վրա ծախսվող գումարները, եթե հասարակական միջավայրը չի փոխվելու։ Հասկանալի է, որ կրթական ցածր ցենզ ունեցող, անապահով մարդկանց ավելի հեշտ է կառավարելն ու մանիպուլյացնելը։ Բայց մենք պետք է հասկանանք, որ լավ հասարակություն ձևավորելը շատ ավելի կարևոր է ու մնայուն, քան իշխանություն պահելը։ Այսպես թե այնպես, մի օր կորցնելու ես իշխանությունը և հայտնվելու ես բումերանգի էֆեկտի տակ։
Կրթության ոլորտում հաջողության հասած բոլոր երկրներում առկա է բարենպաստ հասարակական միջավայր։ Կրթությունն ամենևին էլ դպրոց գնալը չէ։ Ուսուցիչը կարողանում է աշակերտին կրթական բարձր մակարդակի հասցնել, եթե կառավարությունը երկրում ստեղծում է բարենպաստ միջավայր։ Եթե չկա այդ բարենպաստ միջավայրը, ապա ուսուցիչը, իր առարկայի բովանդակությունը սովորեցնելուց զատ, պետք է փորձի կոտրել երեխաների մեջ արմատացած բազմաթիվ կարծրատիպեր։ Օրինակ՝ «ո՞ւմ է պետք սովորելը», «չսովորողներն ու վատ սովորողները ավելի բարձր պաշտոն են զբաղեցնում», «կարևորը՝ լավ կապեր ունենաս», «ամոթ չէ՞, որ տղան սովորի»։
Ոչ չափորոշիչները, ոչ էլ ուսուցիչների ատեստացիան չեն կարող պատասխանել այս հարցերին ու դիրքորոշումներին։ Կրթության համակարգի կառավարիչները պետք է ունենան խիզախություն և վերջ տան այն սիզիփոսյան աշխատանքին, որը հիմա արվում է։ Բարեփոխումներ անելով, պատրանք ենք ստեղծում, թե իբր բան ենք փոխում կրթական համակարգում։ Բայց կրթությունն այն ոլորտն է, որը փոխելու համար նախապայմաններ ու բարենպաստ միջավայր են պետք։
Սխալ է այն տեսակետը, որ ամեն ինչ պիտի սկսենք կրթությունից։ Մինչև կրթությունից սկսելը մեզ պետք է ունենալ լավ հասարակություն կառուցելու քաղաքական կամք, արժեքային համակարգ, կրթվածության հանդեպ հանրային հարգանք, կրթության վրա գումար ներդնելու պատրաստակամություն։ Երբ այս ամենը եղավ, կարող ենք սկսել իրական կրթական բարեփոխումները։
Հայաստանի կրթության ոլորտում կան անհատներ, կազմակերպություններ, որոնք տասնամյակներ շարունակ բարեփոխումների գործընթացում են ներգրավված։ Հոգեբանորեն կարևոր է, որ այս մարդիկ ինչ-որ արդյունքներ ու առաջընթաց տեսնեն։ Դժվար է աշխատել մի ոլորտում, որում չկա հավատ հաջողության հանդեպ։ Դժվար է աշխատել մի ոլորտում, որում միլիոնավոր դոլարների բարեփոխում անելուց հետո անգրագիտության մակարդակն աճում է։